National Geographic-ը խորհուրդ է տալիս արդեն սկսել մշակել տարվա ընթացքում ճանապարհորդելու ուղղությունները: Այն իր «Զիլ ցուցակում» ներառել է 20 ամենահետաքրքիր վայրերը. Հայաստանի մայրաքաղաք Երևանը դրանցից մեկն է:
«Զիլ ցուցակում» (Cool List) ներառված են ինչպես քաղաքներ, այնպես էլ պետություններ՝ Նամիբիայից Վիետնամ, Երևանից Լոս Անջելես:
«Նոր չվերթներ են բացվում դեպի Հայաստանի մայրաքաղաք՝ աշխարհի հնագույն մշտական բնակեցված քաղաքներից մեկը»,- գրում է National Geographic-ն ու պատմում եվրոպական ամենամեծ լոուքոսթերների՝ «Ryanair»-ի և «Wizz Air»-ի՝ Հայաստան մուտքի մասին:
Այն հիշեցնում է, որ դեպի Երևան տուր-փաթեթներ են առաջարկում նաև Black Tomato and G Adventures զբոսաշրջային հեղինակավոր ընկերությունները՝ հիմնականում կենտրոնանալով ոչ միայն Երևանի հարուստ պատմական անցյալի, այլ առանձնահատուկ խոհանոցի ու գինու հազարամյա ավանդույթների վրա, կապիտալի վերածելով Մետաքսի ճանապարհի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը:
Cool List-ում ներառված են նաև Բաջա Կալիֆորնիան (Մեքսիկա), Լիբանանը, Սլովենիան, Պանաման, Լիոնը, Եթովպիան, Պուերտո Ռիկոն, Ռիո դե Ժանեյրոն, այլ երկրներ և քաղաքներ: