ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 4 մլն 319 հազար 618, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 3 մլն 757 հազար 168 համեմատ կազմել է 14.9 %: Միաժամանակ, 2019 թվականի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունները կազմել է 1 մլն 894 հազար 377, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 1 մլն 651 հազար 782 համեմատ կազմել է 14.7 %:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ զբոսաշրջային այցելությունների մասով 2017-2018 թվականներին աճը կազմել էր 10,5 տոկոս, ուստի 2019-ի աճի ցուցանիշը բավականին մեծ փոփոխություն է ոլորտի համար: «Հաշվի առնելով, որ 2019-ին ունենք բարձր աճի տեմպ՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում, իսկ տարածաշրջանում մեր երկիրն առաջատար է: Հայաստան այցելությունների ցուցանիշով առաջին քառյակը կայուն է, ինչպես նախորդ տարիներին, 2019-ին ևս ամենաշատը մեր երկիր են այցելել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իրանից: Հնգյակում փոփոխություն ունենք, 5-րդ տեղում Ղազախստանն է, որին հաջորդում են Գերմանիան, Հնդկաստանը: Օրինակ, այս տարի Գերմանիայից զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 40 տոկոս»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում որպես երկիր դեռևս շատ բացահայտված չէ զբոսաշրջիկների համար, ուստի իրականացվում են լայնածավալ արշավներ, պարբերաբար մեր երկիրը հայտվում է հեղինակավոր պարբերականների էջերում, ինչը նպաստում է, որպեսզի զբոսաշրջային այցելությունները մեր երկիր ավելանան: Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը արտասահմանցիներին գրավում է մարդկային կենսակերպով, բնությամբ, գաստրոտուրիզմի պոտենցիալով, ցանկացած տեսակի առաջարկների ներկայացմամբ: «Նաև մեր երկիրը համարվում է մատչելի ու ապահով: Շարունակելու ենք աշխատել ենթակառուցվածքների բարելավման, երկրի ճանաչելիությունը բարձրացնելու, ուղղությամբ և ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը զբոսաշրջիկի համար դառնա էլ ավելի հետաքրքիր: Ակնկալում ենք, որ զբոսաշրջային աճի տեմպերն առաջիկա տարիներին կպահպանվի»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը: