Ալոեն հնուց է հայտնի իր բուժիչ հատկություններով, իզուր չէ, որ այն անվանում են նաև անմահաթուփ։ Առավելագույն օգուտ ստանալու համար պետք է տիրապետել մի շարք խորամանկությունների նրա տերևների կենսական հատկությունները խթանելու համար։
Նախապատրաստումը գրագետ անելու դեպքում հալվեն դրսևորում է իր հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան և թերապևտիկ այլ հատկությունները։
Օգտակարությունը
Պարունակում է վիտամիններ (Е, С, А և В խմբի), միկրոտարրեր (մանգան, պղինձ, ցինկ, կալիում), պոլիսախարիդներ, կախետիններ, ֆերմենտներ, ալոին, ֆիտոնցիդներ, օրգանական թթուներ, ֆենոլներ, բարդ եթերներ և այլ նյութեր։
Ալոեյի հյութն օժտված է մանրէասպան, հակասնկային և հակաբորբոքային հատկություններով և օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ մաշկային (խոցեր, էկզեմա, ալերգիկ ցան և կարմրություն), ներքին օրգանների (ստամոքսաղիքային տրակտ, լյարդ, երիկամներ) և այլն։
Կոմպլեքսային թերապիայում այն օգտագործում են ստամոքսահյութի և լեղու արտազատումն ուժեղացնելու համար։ Կտրվածքների և վերքերի դեպքում ալոեն օգտագործում են վարակումը կանխելու և արյունահոսությունը դադարեցնելու համար։ Նրա վերականգնող հատկությունները նպաստում են մաշկի երիտասարդացմանը, խոնավացմանը և առաձգականությանը։
Ալոեյից ստանում են ջրային մզվածք (իմունիտետի բարձրացման, աչքերի հիվանդությունների բուժման, հակաբիոտիկների թունավոր ազդեցությունը նվազեցնելու համար), հաբեր, վերքերն ապաքինող նրբաքսուքներ (այրվածքների և մաշկաբորբի դեմ) և այլ միջոցներ։
Լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկության մեջ։
Վնասակար հատկությունները
Ալոեն հակացուցված է դաշտանի և հղիության ընթացքում, լեղապարկի, երիկամների հիվանդությունների սրման, հիպերտոնիայի, վարիկոզի, հեմորոյի և արգանդային արյունահոսության դեպքում։ Չի կարելի տալ մինչև 7 տարեկան երեխաներին։