«Առողջապահության նախարարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերջին ամիսներին հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդգրկված է ԱԺ հերթական նիստերի օրակարգում՝ ներառելով մի շարք փոփոխություններ։ Դրանց թվում առավել էականը փակից բացի հանրային բաց տարածություններում ծխելու արգելքի ներառումն է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը «ՀՀ»-ի հետ զրույցում դրական գնահատեց նման օրինագծի ընդունումը՝ դիտարկելով նախագծի հետ կապված երկու բաղադրիչը՝ տնտեսական եւ առողջապահական։ «Բնականաբար, ցանկացած արգելք առաջացնելու է նաեւ որոշակի տնտեսական խնդիրներ, բայց արդյո՞ք առոջությունն ավելի ցածր տնտեսական միավոր է, քան զուտ այդ պահին ծխախոտի արտադրությունից եւ իրացումից հարկերի տեսքով ստացված եկամուտը։ Ռազմավարական իմաստով առողջ քաղաքացին իր գործունեության ընթացքում շատ ավելի մեծ արժեքներ է մուտքագրում պետական բյուջե, քան որոշակի տնտեսական մուտքեր ապահովելու այսօրեական խնդիրն է»,- ընդգծեց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ թե կառավարության, եւ թե «Իմ քայլը» դաշինքի ծրագրերում արձանագրված է, որ ամենակարեւոր գործոններից մեկը մարդկային կապիտալի զարգացումն է, իսկ մարդկային կապիտալի մեջ շատ մեծ նշանակություն ունի մարդու առողջությունը։ Նրա կարծիքով, սխալ է, երբ մարդու առողջությանը հակադրվում է տնտեսական բաղադրիչը․ «Տնտեսական կողմն ուղղակիորեն կապ ունի մարդկային կապիտալի եւ ընդհանրապես մարդու առողջության հետ։ Եթե մարդը հիվանդ է, ապա պետությունը, ինչպես նաեւ քաղաքացին բավականին մեծ գումարներ են ծախսում բուժման նպատակով։ Այսօր մենք ավելի քան 120 մլրդ դրամ ենք ծախսում պետական բյուջեից եւ ապագայում նպատակադրված ենք այդ գումարները մեծացնել։ Խոսքը հարյուր միլիարդավոր դրամների մասին է։ Մարդու առողջությունը կոնկրետ տնտեսական բաղադրիչ էլ ունի, երբ մենք կանխարգելում ենք հիվանդությունները, ապա խուսափում ենք միլիարդավոր դրամներ ծախսելուց»,- մանրամասնեց զրուցակիցս, ապա շարունակեց, որ առողջական խնդիր ունեցող մարդը նաեւ չի կարող արդյունավետ աշխատել, երբեմն ընդհանրապես ի վիճակի չէ աշխատելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: