Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին գրանցվել է 4.3 մլն ընդհանուր և 1.9 մլն զբոսաշրջային այցելություններ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
«2019 թվականին գրանցել ենք 4.3 մլն ընդհանուր այցելություն, որը 14.9 տոկոսով ավելի է, քան 2018 թ. ցուցանիշը: Նախրոդ տարի գրանցել ենք մոտ 1.9 մլն զբոսաշրջային այցելություն, որը 2018-ի համեմատ 14.7 տոկոսով ավելի էր: Հիմնական շուկաներում այս տարի ունեցել ենք որոշակի փոփոխություններ: Կրկին շուկաները գլխավորում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և ԱՄՆ-ն: 2018-ին հնգյակը եզրափակում էր Գերմանիան, իսկ այս տարի՝ Ղազախստանը: Եվրոպական երկրներից առաջատար են Գերմանիան և Ֆրանսիան, և երկուսն էլ զգալի աճ են ցուցաբերել 2019 թվականին: Գերմանիայից Հայաստան զբոսաշրջիկների այցելությունները 2018 թվականի համեմատ աճել են մոտ 40 տոկոսով, իսկ Ֆրանսիայից՝ մոտ 20 տոկոսով: Երկու երկրից էլ ունենք 30-ական հազար և ավելի միայն զբոսաշրջային այց»,- նշեց Սաֆարյանը:
Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ եվրոպական երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը շարունակում է աճել: