Լեռներ, վանքեր և շատ առեղծվածային վայրեր են սպասվում Հայաստանում, որը պարտադիր այցելությունների երկրներից է: Այսպես է սկսվում «Singapore tattler» ամսագրի՝ Հայաստանի մասին պատմող հոդվածը: Շեշտադրելով տարածաշրջանային զբոսաշրջությունը, հեղինակը նշում է, որ համեմատաբար քիչ բացահայտված այս տարածաշրջանն առաջարկում է արևելքի և արևմուտքի բացառիկ ուտեստներ:
«Հարուստ պատմություն, շքեղ տեսարժան վայրեր, նոր խոհանոց և մեծ թվով արկածներ ու այդ ամենն առանց զբոսաշրջային մեծ հոսքի»,-ասված է հոդվածում:
Հեղինակը նկատում է, որ տարածաշրջան այցելությունը կապահովի այն, որ շատ ժամանակ չի պահանջվի «Instagram»-ի էջը հեղեղելու համար: Նա հիշեցնում է, որ Հայաստանի դեպքում դա նկատելի էր ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի այցի ժամանակ, երբ նա 2019 թվականին եկել էր կնքելու իր երեխաներին և ավելի լավ ճանաչելու հայկական ժառանգությունը:
Խոսելով հայկական ճարտարապետության, պատմական կառույցների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է: Հանրապետության հրապարակը, Կասկադը, Վերնիսաժը և այլ տեսարժան վայրերը անտարբեր չեն թողնի զբոսաշրջիկներին:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև հայկական խոհանոցին: Մասնավորապես, ներկայացվել է լավաշը, տնական պատրաստված պանիրը, օրգանիկ բանջարեղենից պատրաստված աղցաններ, և խորհուրդ է տրվում այդ ամենը վայելել մաքուր հայկական ջրով, որը հոսում է հենց լեռներից:
«Եվ որպեսզի իրապես զգաք Հայաստանի պատմության խորությունը, անհրաժեշտ է քաղաքից դուրս գալ տեսնելու հնագույն եկեղեցիները, վանքերը, որոնք ցրված են երկրի ամբողջ տարածքով: Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Գառնին, երկրում առկա միակ հեթանոսական տաճարը, որը տպավորիչ լեռնաշղթային ֆոնին է»,-նշված է հոդվածում:
Հոդվածում ներկայացվում է նաև Հաղպատը, Սանահինը և այլ պատմամշակութային վայրերը: