Տղամարդիկ մահանում են ավելի վաղ, քան կանայք ոչ միայն ավելի պակաս առողջ կենսակերպի, այլ նաեւ Y-քրոմոսոմների առանձնահատությունների պատճառով, պարզել են Նոր Հարավային Ուելսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները, որոնց նոր հետազոտության մասին հաղորդվում է Phys.org կայքում:
Գիտնականները ստուգել են հիպոթեզը, ըստ որի՝ Y-քրոմոսոմն ունակ չէ լիովին պաշտպանել հետերոգամետ սեռով (XY) օրգանիզմը X-քրոմոսոմում վնասակար մուտացիաներից: Բազմաթիվ կենդանիների էգերն ունեն երկու X-քրոմոսոմ, այսինքն՝ սեռական գեների երկու օրինակ, այդ պատճառով խնդրահարույց ԴՆԹ-ն կարող է փոխարինվել նորմալ ԴՆԹ-ով: Այդ դեպքում արական քրոմոսոմի (կամ իգական, եթե խոսքը վերաբերում է թռչուններին, սողուններին եւ միջատներին) առկայության բացասական հետեւանքները պետք է դիտարկվեն հետերոգամետ սեռի բոլոր կենդանիների մոտ:
Մասնագետները վերլուծել են պրիմատների, ուրիշ կաթնասունների եւ թռչունների, ինչպես նաեւ սողունների, ձկների, ամֆիբիաների, սարդերի, խավարասերների, մորեխների, բզեզների եւ թիթեռների կյանքի տեւողության մասին տվյալները: Պարզվել է, որ հետերոգամետ սեռով էակները հակված են սատկել միջինում 17.6 տոկոսով ավելի վաղ, քանի հոմոգամետ կենդանիները:
Հետազոտողները նաեւ պարզել են անոմալիա, որը դեռեւս չեն կարող բացատրել: Չնայած արական հետերոգամետ սեռով կենդանիների էգերն ապրում են 21 տոկոսով ավելի երկար, քան որձերը, իգական հետերոգամետ սեռով կենդանիների (թռչուններ եւ միջատներ) որձերը գերազանցում են էգերին ընդամենը 7 տոկոսով: Դրա պատճառը, ըստ մասնագետների, կարող են լինել այնպիսի գործոնները, ինչպիսիք են սեռական ընտրության կողմնակի ազդեցությունները, Y-քրոմոսոմի դեգրադացման աստիճանը: