Հասարակության մեջ որսորդների նկատմամբ երկու կարծիք կա` «անպաշտպան կենդանիների դահիճներից» մինչև «կենդանիների և թռչունների մոլի սիրահարներ»։ Սովորաբար նրանց հազվադեպ են ընկալում այնպես, ինչպիսին իրենք կան` բնության պաշտպաններ և սանիտարներ։ Կարծիքը, որ որսը դաժան զվարճանք է, սկսել է ձևավորվել այն ժամանակներից, երբ վայրի կենդանիների ու թռչունների որսը դադարել է լինել սննդապահովման և գոյատևման հիմնական միջոցը։
Թեմայի շուրջ զրուցել ենք լրագրող և որսորդ Էդուարդ Սարիբեկյանի հետ։ Նա գրեթե ամբողջ կյանքում որսով է զբաղվում. առաջին անգամ որսի մասնակցել է 12 տարեկանում։ Որսի հանդեպ նրա սերը ձևավորվել է գրքերի, հատկապես` գրող Վախթանգ Անանյանի պատմվածքների և արկածային գրականության և ֆրանսիացի դասական Ժյուլ Վեռնի վեպերի ազդեցությամբ։
«Միշտ սիրել եմ թե՛ բնությունը, թե՛ զենքը։ Որսն ինձ հնարավորություն է տվել մոտենալ բնության իմաստնությանը և իմ արարքները համեմատել նրա հետ։ Որսի գնալիս ես ավելի համբերատար եմ դառնում»,–պատմում է նա։
Որսորդի խոսքով` սիրելի զբաղմունքի համար ստիպված է նաև գումար է ներդնել, առանձնապես օգուտ չի ստանում, բայց փոխարենը հաճույք է ստանում անտառից և վայրի կենդանիների ու թռչունների հետ «մրցակցելուց»։
Ով և ինչու է որսորդությամբ զբաղվում
Հայաստանում որսի սիրահարների մասին որոշակի վիճակագրություն չկա։ Հիմնվելով պաշտոնապես գրանցված զենք ունեցող մարդկանց վրա, կարելի է ենթադրել, որ մոտավորապես 30-50 հազար որսորդ կա։
Որսի հիմնականում գնում են կա՛մ խմբով, կա՛մ մենակ
Որսի հիմնականում գնում են կա՛մ խմբով, կա՛մ մենակ։ Ուշագրավ է, որ կանայք ևս ակտիվ են այս ոլորտում։ Եթե տղամարդիկ որսի են գնում` տեղի տալով պատմական բնազդներին, ապա որսով զբաղվելու կանանց շահագրգռվածություն ավելի «մաքուր է»` նրանց դուր է գալիս բուն գործընթացը։
Մեր օրերում Հայաստանում որսով զբաղվում են հիմնականում սպորտային հետաքրքություն ունեցողները, որի շնորհիվ կարգավորվում է վայրի կենդանիների և թռչունների թվաքանակը։ Աշխարհի զարգացած երկրների կառավարությունները վճարովի քվոտաներ են տրամադրում վերարտրադրողական տարիքն անցած կենդանիների որսի համար։ Որսից հավաքվող գումարը տրամադրվում է շրջակա միջավայրի պահպանությանը։ Այդ պատճառով վայրի բնության ապագան, փաստորեն, կախված է որսորդությունից։ Հայաստանում նույնպես քվոտաներ են տրամադրում, բայց որսորդության փորձագետները շատ անգամ են դիմել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն` փոփոխություններ ու շտկումներ անելու պահանջով։ Օրինակ` Հայաստանի անտառներում արջերի քանակն ավելացել է, նրանք արդեն մոտենում են բնակավայրերին, նախարարությունը կարող է քվոտաներ տրամադրել արջերի որսի համար։
Որտեղ, երբ և ինչ կարելի է որսալ Հայաստանում
Որսորդությամբ կարելի է զբաղվել դրա համար սահմանված վայրերում։ Որսորդները հիմնականում նախընտրում են Արմավիրի, Արարատի և Վայոց Ձորի մարզերը։ Որսը թույլատրված է բնակավայրերից 500 մետր հեռավորության վրա։ Խստիվ արգելվում է կրակել ազգային պարկերում և արգելոցներում։
Որսորդական սեզոնը Հայաստանում սկսվում է օգոստոսի երրորդ շաբաթվանից և ձգվում է մինչև փետրվարի վերջ։ Որսորդների համար «որսորդական շաբաթվա» նախապատրաստությունը ծեսի նման մի բան է։ Հաճախ նրանք գիշերում են անտառի մոտակայքում, իսկ որսը սկսում են վաղ առավոտյան։ Երեկոյան էլ վայելում են որսամսի համեղ խորովածը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am