«Տաթեւացու գործերում ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ «դուխովը» գրաբարյան հռչակեինք». aravot.am
Advertisement 1000 x 90

«Տաթեւացու գործերում ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ «դուխովը» գրաբարյան հռչակեինք». aravot.am

Վահան Տեր-Ղեւոնդյանը` մեղադրանքների մասին

«Առավոտը» Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին խնդրեց մեկնաբանել  Մատենադարանի մի քանի աշխատակիցների, արհմիության ներկայացուցիչներ ներկայացած Գայանե Այվազյանի եւ Ալլա Խառատյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքները` կապված դատախազություն դիմելու, կառավարման ճգնաժամի, աշխատակիցների աշխատանքային պայմանների, խախտումների եւ այլնի հետ:

«Ինձ մարդկայնորեն ցավ է պատճառում, որ երիտասարդ գիտաշխատողների այս խմբակը, որոնց  մաշտոցյան Մատենադարանը գրկաբաց ընդունել է, թե նախկին, թե ներկա ղեկավարությունը եւ ավագ գործընկերներն ամեն կերպ աջակցել են մասնագիտական կարողությունների զարգացման, առաջին գիտական հետազոտությունների իրականացման եւ գիտական աստիճան ստանալու մեջ, իրենք լիուլի օգտվել են հիմնարկի բոլոր հնարավորություններից, հաճախ երկարատեւ գործուղման են եղել եվրոպական զարգացած երկրների կարեւորագույն գիտական հաստատություններում, ու հիմա այս բոլորից հետո  որոշել են իրենց համար նպատակ դարձնել հաստատության վարկաբեկումն ու անվանարկումը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

Վահան Տեր-Ղեւոնդյանը նշում է. «Ես գալիս եմ այն եզրակացության, որ թավշյա հեղափոխության բերած արտահայտման ազատությունը որոշ մարդիկ շատ սխալ են հասկացել, ընկալել են որպես բանսարկություններ գրելու ազատություն, ինչը շատ վատ բան է: Մի բանսարկություն էլ կա, որ իբր Մատենադարանում կառավարման ճգնաժամ է: Մեր աշխատանքը գնահատվում է  մեր տպագրած գրքերով, մենագրություններով, ժողովածուներով, գիտական պարբերականով, մեր կազմակերպած գիտաժողովներով, ցուցադրություններով, միջազգային համագործակցությամբ եւ այլն: Եթե համեմատենք 2014-15-16 թվականները հաջորդ եռամյակի հետ` 2017-18-19, որին վերաբերում է ամբողջ քննադատությունը, թե գրքերի, թե հոդվածների թվով, ցուցանիշների հսկայական առաջընթաց կա, իսկ որոշ ցուցանիշներ կրկնապատիկ աճել են: Անցյալ տարի Մատենադարանի այցելուների թիվը հասել է 132000-ի, չհաշված 19000 Արցախի  մասնաճյուղինը: Այդ առումով էլ ենք հանրապետությունում անվիճելի առաջատար… Ամեն տարի առնվազն 5 գիտաժողով ենք կազմակերպում… Եթե այստեղ կառավարման ճգնաժամ կա, այդ բոլորն ինչպե՞ս է արվում»:

Մատենադարանի տնօրենը տարակուսանք է հայտնում. «Ասում են` իբր թե Մատենադարանը  դիմադրում է հեղափոխությանը, որ երկրում եղավ հեղափոխություն, Մատենադարանում ոչինչ չփոխվեց: Մատենադարանը ոչ հիմա, ոչ էլ երբեւէ չի եղել կուսակցականացված, հետեւաբար ապակուսակցականացման խնդիր չի եղել, ավելորդ է ասել, որ երբեք չարաշահումներ չեն եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Հետեւաբար ի՞նչը պետք է փոխվեր հեղափոխությունից հետո: Արդյոք Գրիգոր Նարեկացուն ձախ կողմից պետք է նայեի՞նք, Տաթեւացու, Որոտնեցու գործերի մեջ ա՞յլ բան պետք է փնտրեինք, թե՞ դուխով բառը գրաբարյան պետք է հռչակեինք… Բացարձակ անհեթեթություններ են հայտարարում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի:

«Առավոտ» օրաթերթ 11.03.2020



Նման նյութեր