Այդ օրերին (1918 թ․, մարտ) ժողովրդի մեջ հիվանդություն ընկավ։ Մարդիկ հավի նման թփրտում ու մեռնում էին։ Ոչ մի տեղից օգնության հույս չկար։ Չէինք հասկանում՝ ինչն է պատճառը։ Երբ գաղթականությունը Խոյ մտավ՝ ճանապարհին ինչ-որ պահեստ գտան, ուր արկղերով չամիչ կար։ Սովահար, տանջահար ժողովուրդը վրա պրծավ ու սկսեցին ուտել այն։ Ով որտեղ ջուր էր գտնում խմում էր՝ առանց մաքուր ու կեղտոտ հարցնելու։ Երեւի այդ էր խոլերայի տարածման պատճառը։ Շատ մարդիկ մահացան։ Ամբողջ գիշեր չկարողացա աչք փակել։
Հանկարծ հիշեցի․ շատ տարիներ առաջ հորեղբայրս անկողնուն գամված էր։ Գարնան կողմն էր։ Անհույս հիվանդին ասել էին՝ ի՞նչ կուզես, ասել էր՝ էն դիմացի սարի ձյունը։ Գնացել, բերել էին․ կերել ու անմիջապես լավացել էր։ Առավոտյան, լույսը բացվելուն պես, աչքս ընկավ դիմացի բարձր սարին։ Վրան բավականին ձյուն կար նստած։ Մտածեցի, ինչ լինում է՝ թող լինի, պետք է ռիսկի դիմեմ, ուրիշ հույս չկա։ Մի քանի զինվորների կարգադրեցի, որ ժողովրդին հավաքեն եւ միասին բարձրանանք մոտակա սարը։ Մի քանի րոպե անց հալումաշ եղած ժողովուրդը կարծես ուժ ստացավ, մեկը մյուսին օգնելով, ոգեւորվելով բարձրացանք լեռան գագաթն ու սկսեցինք ձյուն ուտել։ Կարծես դանակն առան ու կտրեցին հիվանդությունը․ ժողովուրդն առողջ ու առույգ իջավ սարից։ Ինձ անհայտ մնաց այդ հրաշքի գաղտնիքը, իսկ սարի անունը մարդկանց մեջ Ձյունոտ սար մնաց (Կուլջուր լեռ)։ Ես երբեք այդպես չէի զգացել երջանկությունը․․․