Ադե Զարեն եկավ նստեց կողքս, ինչ որ բան էր մրմնջում. իսկապե՞ս Հայ ես, մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա ու սկսեց «Նարեկ» կարդալ. galatv.am
Advertisement 1000 x 90

Ադե Զարեն եկավ նստեց կողքս, ինչ որ բան էր մրմնջում. իսկապե՞ս Հայ ես, մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա ու սկսեց «Նարեկ» կարդալ. galatv.am

Հերթական անգամ Արևմտյան Հայաստանում էի… Երկու օր երկար դեգերումներից , վերջապես հաջողվեց քուրդ ծանոթի հետ հասնել մի վայր, որի մասին լսել էի Վանա լճի մոտ գտնվող ռեստորանում: Առավոտ շուտ ճանապարհ ընկանք, որպեսզի մինչև մութ տալը հասնենք, քանի որ ճանապարհները բարեկարգ չէին և խիստ լեռնային էին: Գյուղը, որը հետո պարզեցի , որ այդքան էլ գյուղ չէր, այլ պարզապես անասնապահությամբ զբաղվողների համար բնակատեղի էր, գտնվում էր Վան նահանգի ամենահարավում, համարյա Շըրնակ նահանգին սահմանակից, Մանսուր գետի (հայկական անվանումը ցավոք չգիտեմ) ձախ ափին, հենց ձորի բերանին: Գյուղի անունը Անդիչեն է…

Երեկոյան կողմ շատ մեծ դժվարությամբ հասանք գյուղ, որն ըստ իմ լսած տեղեկությունների, հայկական է եղել և պահպանվել էին հայերի տների ավերակները: Քանի որ մենք ոչ մեկի չէինք զգուշացրել այդ կողմերից, որ գնալու էինք ու մութն էլ ընկել էր, որոշեցինք մի տան դուռ թակենք, ներս թողեցին՝ թողեցին, չէ՝ չէ, մեքենայի մեջ կգիշերեինք: Դե մի քանի տուն էր, այն էլ իրարից բավականին հեռու: Մեծ դժվարությամբ կարողացանք համոզել առաջին տան դուռը թակած տանտիրոջը, որ գոնե մի թեյ հյուրասիրի: Դե սարերի մեջ գյուղ, անծանոթ մարդիկ… Մի խոսքով , մի բաժակ թեյը դարձավ երկուս, երկու բաժակը դարձավ ընթրիքի սեղան ու գիշերեցինք իրենց տանը: Գիտեմ, որ գիշերվա զրույցներն անկեղծ են լինում ու ես անընդհատ ժամանակ էի ձգում, որպեսզի տան տղամարդը մենակ մնար, տղաները ավելորդ ականջ չլինեին ու իմ հարցերը տայի գյուղի մասին : Եվ ահա պարզվեց, որ իսկապես գյուղը հայկական է եղել, վերջին Հայն այստեղից հեռացել է 1917թ. , սակայն նա եղել է կրոնափոխ Հայ: Այսքան բան միայն կարողացա իմանալ ու էլ ոչինչ: Պետք է քնենք, քանի որ մի քանի ժամից, մարդիկ իրենց անանսունները հանդ են տանելու…

Առավոտյան զարթնեցի քրտնքի մեջ կորած, ահավոր ջերմում եմ, ոչ դեղ կա, ոչ դարման, ոչ էլ կարողանում եմ պարկածս տեղից վեր կենալ: Ուղեկից ծանոթ քուրդն ասեց, որ ինքը կգնա տեսնեի ինչ կարող է գտնել, մի դեղ գտնի, գոնե ջերմս իջնի: Տանը մնացինք տան պապին, տատին, երեք-չորս երեխան մինչև 8-9 տարեկան ու ես: Դե գոնե այդքանն էին երևում տեսադաշտում: Տատին, ում ադե Զարե էին ասում, 86 տարեկան էր, եկավ նստեց կողքս՝ ձեռքերը փեշի տակ դրած, գլուխը կախ ու ինչ որ բան էր մրմնջում: Ոչինչ չէի հասկանում…Հետո գլուխը թեքեց իմ կողմ.

— Իսկապե՞ս Հայ ես, — մի քիչ դողացով ձայնով հարցրեց նա:

— Այո, Հայ եմ, — պատասխանեցի ես,- Հայաստանի Հայ եմ:

— Բա սա ի՞նչ է, — մի տեսակ հանդիմանական տոնով հարցրեց նա:

Ճիշտն ասած ոչինչ չհասկացա, ինձ թվաց , թե թուրքերեն, քրդերեն խառնելու պատճառով ճիշտ չընկալեցի և խնդրեցի կրկնել ասածը:
— Ասում ես , որ Հայաստանից ես, ու նկատի ունես Դաղից այն կողմը (Արարատին դաղ (սար) են ասում ու դա որպես հատուկ անուն է ընկալվում բնակչության կողմից) , բա սա՞ ինչ է…

Այ այդ ժամանակ ընկալեցի ասածն ու սառեցի: Միթե՞ սա հերթական հայն է…

— Քրիստոնյա՞ ես,- մի տեսակ արդեն նեղացած տոնայնությամբ հարցեր ադե Զարեն:

— Այո՛ , քրիստոնյա եմ,- մի կերպ պատասխանեցի ես: Մի կողմից ջերմությունս էր, մի կողմից այդ շոկային վիճակն էր, որն ինձ լրիվ կտրել էր իրականությունից: Նա տեղից վեր կացավ, գնաց սենյակի անկյունի հայելիներով պահարանից մի բան հանեց, որը փաթաթված էր բազմաթիվ կտորներով, եկավ նստեց կրկին կողքս ու սկսեց դանդաղ ու զգուշավորությամբ կտորներից ազատել իրը …

Աչքերս չռվեցին, եթե կողքից որևէ մեկն ինձ նայեր, հավանաբար կմտածեր, որ ջերմությունից եմ դողում, բայց չէ, դա բոլորովին այլ դող էր, դա սրտիս թրթիռն էր, որն անցել էր մարմնիս… Նրա ձեռքին «Նարեկ» էր… Ու նա սկսեց «Նարեկ» կարդալ , այնպեսի առոգանությամբ, այնպիսի սահուն, որ ինձ թվաց թե ես ոչ թե քրդի տանն եմ, այլ հավատացյալ Հայի…

Հետո արդեն պարզեցի, որ նա Հայուհի է, որ նրա հորն մորը, ինչպես նաև մեկ քրոջը իրենց ընտանիքի ընկեր քուրդ պարտքատերը կարողացել է թաքցնել հենց գյուղի տակի ձորակում, որտեղով հոսում է Մանսուրի վտակներից մեկը: Հետո արդեն , քուրդը իրենց տարել է իր տուն, հարևաններին ներկայացրել որպես իր ազգակիցներ, որոնց ունեցվածքը հրի են տվել՝ շփոթելով հայերի հետ: 1917թ.-ին նրա ծնողները քրոջ հետ ցանկություն է հայտնում վերադառնալ հայրեի գյուղ , որին հիմա անվանում են Անդիչեն, իսկ հայկական անվանումը եղել է Հանդաշեն: Երբ գալիս են գյուղ, տեսնում են ավերակ տներ, ու ոչ մի մարդկություն: Մայրը թաքստոցից հանում է իր ոսկեղենը, որոնց հետ նաև այն «Նարեկ»-ը որը գտնվում էր ադե Զարեյի ձեռքում ու հեռանում են գյուղից… Չկարողանալով Սիրիա հասնել, նրանք կրկին հետ են վերադառնում գյուղ և կողքի գյուղում ապրող իրենց քուրդ ընկերոջ հետ հիմնվում այս գյուղում: Արտաքուստ կրոնափոխ լինում, որպեսզի խուսափեն հալածանքներից և այդպիսով հենց իրենց նախկին տան տեղը նոր տուն կառուցում և ապրում…

Իսկ «Նարեկ» կարդալուց, թե այս ամենը լսելուց հետ ջերմությունս իջավ չեմ կարող ասել, բայց իսկապես ամբողջությամբ լավացա ու ձեռնունայն վերադարձած քուրդ ուղեկցիս հետ գնացինք Հանդաշենի մնացած հատվածները, հանդերն ու ձորը ուսումնասիրելու, չէ որ այն իմն էր…

Կարեն Հովհաննիսյան

galatv.am