Մաշտոցյան #Մատենադարան/ի ամենամեծ #ձեռագիր/ը կոչվում է «Մշո ճառընտիր»։
Այն կշռում է 28 կգ, ի սկզբանե ունեցել է 660 թերթ, սակայն պահպանվել են 609-ը: Այժմ 16 թերթեր գտնվում են Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1-ը՝ Վիեննայի Մխիթարյանների վանքում: Մյուսների մասին տեղեկություններ չկան: Ամեն թերթը պատրաստել են 1 հորթի կաշվից: Պատվիրատուն բաբերդցի Աստվածատուր անունով իշխաննէր, որ Երզնկայի Ավագ վանքում Վարդան գրչին ու Ստեփանոս ծաղկողին 1200թ. Պատվիրեց այս ձեռագիրը՝ եկեղեցուն նվիրել ու նպատակով: Երեք տարի հետո, երբ ձեռագիրը պատրաստ էր, տիրոջը սպանում են, գիրքը՝ գերեվարում, որովհետև շատ լավ գիտեին, որ հայերը գիրքը փրկագնում են, ինչպես իրենց գերի հարազատներին: 2 տարի հետո պարզվում է, որ մի թուրք դատավոր գիրքը վաճառում է: Մշո Ս. Առաքելոց վանքի վանականները, Եսայի եպիսկոպոսի գլխավորությամբ, սակարկելով 4000 դիրհամով, որ հավասար էր 18 կգ արծաթի, հետ են գնում ձեռագիրը, և այն մինչև 1915թ. Պահվում է Մշո Ս.Առաքելոց վանքում, որտեղից էլ գալիս է անունը՝ «Մշո ճառընտիր»։ Այն ընտրովի ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների մի ժողովածու է՝ տոնական օրերին, պատարագների ժամանակ ընթերցելու համար։ Քանի որ գիրքը շատ մեծ ու ծանր էր, հոգևորականները 17-րդ դարում ձեռագիրը բաժանում են 2 մասի՝օգտագործման նպատակահարմարության համար: 1915թ. գաղթականները ինչ-ինչ ճանապարհներով Մուշից դեպի Արևելյան Հայաստան են փորձում բերել ձեռագիրը: Մի կեսը հասցնում և հանձնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանին, իսկ 2-րդ կեսը մի ռուս զինվորական գտնում է Էրզրումի հայկական վանքի բակում՝ հողի տակ թաղված: Նրա ճանապարհն անցնում էր Թիֆլիսով, որտեղ հայ համայնքը ճանաչում է հայկական ձեռագիրը, և այն մնում է Թիֆլիսում: Ավելի ուշ՝ 1929թ. ձեռագիրը տեղափոխվում է Սուրբ Էջմիածին՝ իր երկրորդ կեսի մոտ: Հիմա այդ երկու կեսերն էլ պահվում են Մատենադարանում: Մի կեսը միշտ ցուցադրվում է, երկրորդը՝ պահվում է ձեռագրապահոցում:
Հայերեն ամենափոքր ձեռագիրը «Եկեղեցական տոնացույց» է, որ գրվել է 15-րդ դարում, Ղրիմում:
Ձեռագրի մագաղաթը պատրաստվել է չծնված ուլի կաշվից: Այդ պատճառով այն անհավանական թեթև է, կշռում է ընդամենը 19գ: Ունեցել է 104 թերթ, բոլորն էլ պահպանված են: