Հայերը Բյուզանդիայում. Արշալույս Զուրաբյան
Advertisement 1000 x 90

Հայերը Բյուզանդիայում. Արշալույս Զուրաբյան

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.

IX դարում Բյուզանդիայի գիտական կյանքում աչքի ընկնող երեւույթ հանդիսացավ համալսարանի վերաբացումը Կ. Պոլսի Մագնավրի պալատում։ Այս համալսարանի մեկենասը Վարդ Մամիկոնյանն էր, Իրինա թագուհու եղբայրը, ում հայազգի Միքայել կայսրը նշանակել էր կեսար։ «Վարդը,- գրում է Թեոփանի Շարունակողը,- ուշադրությունը բեւեռեց արտաքին գիտությունների վրա եւ այնպես արեց, որ գիտական իմացությունները Մագնավրում նորից ծաղկեն»։

Բյուզանդագետ Շառլ Դիլը նույնպես բարձր է գնահատում այս կրթօջախի դերը. «Կ. Պոլսի համալսարանը, որը վերաբացվեց Մագնավրի պալատում՝ հայազգի Վարդ Պատրիկի նախաձեռնությամբ, Լեւոն Թեսալացու ղեկավարությամբ դարձավ մշակույթի հրաշալի կենտրոն»։ Համալսարանի առաջին ռեկտորը՝ հայազգի Լեւոն Իմաստասերը, որը Կ. Պոլսում հայտնի էր նաեւ Լեւոն Մաթեմատիկոս անունով, Հովհաննես Քերականի եղբորորդին էր։ Նա հրաշալի տիրապետում էր փիլիսոփայությանը, բնագիտությանը, մաթեմատիկային, գործնական մեխանիկային, եռանկյունաչափությանն ու աստղագիտությանը։ Նրան աշակերտել են Փոտ պատրարքը (ուներ հայկական ծագում), սլավոնական գիրը ստեղծող Կոստանդինը (Կյուրեղ, Կիրիլ), Կոմիտաս Քերականը եւ այլ հեղինակավոր գիտնականներ ու պետական այրեր։

Լեւոնի հեղինակությանն է վերագրվում վառվող խարույկների միջոցով հեռավոր տարածությունների վրա ազդանշաններ հաղորդելու գյուտը, որի շնորհիվ հաշված ժամերի ընթացքում հնարավոր դարձավ մեծ հեռավորության վրա հաղորդել թշնամական ուժերի տեղաշարժի մասին լուրը։ Այսպես, բարձրադիր վայրերում, միմյանցից մինչեւ 10-15 կմ հեռավորության վրա, ստեղծվեցին զինվորական հենակետեր, որոնք թշնամու ներխուժման դեպքում հաջորդաբար, մեկը մյուսին հետեւելով՝ կրակ էին վառում եւ լուրն արագ հասցնում պահանջվող վայր։ Ցերեկը ծուխն էր ազդարարում վտանգի մասին, գիշերը՝ լույսը։

Լեւոնը պատրաստել ու բյուզանդական արքունիքին է նվիրել «արտասովոր թռչուններ ու գազաններ», որոնք շարժվում ու ձայներ էին արձակում։ Բյուզանդագետ Ե. Է. Լիպշիցը գրում է. «Առյուծներն սկսում էին մռնչալ, թռչունները՝ տարբեր ձայներով երգել…»:
Մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գ. Բ. Պետրոսյանը գրում է, որ Լեւոնը «նրբին հաշվումների միջոցով լուրջ հաջողությունների էր հասել մեխանիկայի ու ակուստիկայի բնագավառում»։

Լուսանկարում՝
Մեգնավրի պալատը Պոլսում /վերականգնված/