Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին, երբե՛ք չի հանելու. Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ. pastinfo.am

Մեր ղեկավարներից,  առաջնորդներից խոսելով բավական ուշագրավ փաստերի ենք բախվում, ինչը վերլուծության նյութ է ինքնին: Թվում էր՝ 88-ի շարժմանը հաջորդող շրջանում  մեր հասարակությունը Ղարաբաղ կոմիտեի տղաներին ֆետիշացնելու փուլն անցել էր, Լևոն Տեր-Պետրոսյանից կուռք կերտելու և իր իսկ ստեղծած կուռքը կոտրելու շրջափուլը՝ նույնպես: Եվ թվում էր, մարդիկ այլևս կուռքեր կերտելու՝ փորձի ու սխալի  ճանապարհով  չէին գնալու: Բայց՝ արի ու տես՝ Փաշինյանի դեպքում էլ՝ մարդկանց կռապաշտությունը դեր խաղաց: Ինչու՞ նույն սխալը կրկնվեց: Ի դեպ, համեմատելով, կարող ենք փաստել նաև,  որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ կռապաշտության դրսևորումներ չեղան:

– Լևոնի և  Նիկոլի հանդեպ կռապաշտության դրսևորումները  համեմատելի չեն: Ինքս լևոնական չեմ եղել, կռապաշտություն էլ՝ չեմ սիրում, բայց առաջինի դեպքում՝ ժողովուրդն էր՝ նոր էր թոթափվում սովետի լուծը, Լևոնն էլ՝ մեր սերնդի խոսնակն էր: Պիտի իր հետևից գնային, հավատային: Ֆանատիզմը սարսափելի է, կռապաշտությունը դաժանության դրսևորումներ է բերում և Լևոնի ժամանակ էլ եղավ: Նիկոլ Փաշինյանի ժամանակ ժողովուրդը չէր, այլ մի հատված, պողոսները, որին հետո իրենք էլ նման անուն դրեցին: Դա ամբոխն է: Մարդուն կանգնեցնում հարցնում ես՝ ինչու՞ ես դեմ նախկիններին և ինչու՞ ես Նիկոլին կողմ, բան չեն կարողանում ասել:

-Ասում էին,  ասում էին քանի որ նա մեզնից մեկն է, դրա համար: Իհարկե, այսօր արդեն այդ ասողներից շատերը զղջում են…

-Ըստ իս, Ստալինից հետո կռապաշտության դրսևորում պիտի չլիներ, 70 տարի ես ստալինյան զոհի ժառանգ եմ եղել, որն այն ժամանակ գերակայող հատված էր: Երկուսից մեկն այդպիսին էին ու պիտի վախենային անհատի պաշտամունքից: Բայց պարզվեց՝ իմունիտետ չունեին: Խանդավառությունի՞ց էր, թե՞ անկախության շունչն էր 88-ին, բայց ով բան էր ասում՝ հետևից գնում էին: Ի դեպ,  այն ժամանակ բան ասողներ էին գոնե, հիմա բան ասող չկա, մեկն է՝ սոլո համերգ է, այն ժամանակ խումբ կար, հիմա՝ մենակատար է, իսկ մնացածները՝ խմբերգեր չեն նույնիսկ: Գրքերիցս մեկի վերնագիրն է, չէ՝  «Խմբերգերի ժամանակը »: Հիմա խմբերգերի ժամանակ չէ, Լևոնի ժամանակ էր դա և նույնիսկ ընդդիմադիրներն էին մտնում այդ խմբերգերի մեջ:

Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ապա  Լևոնի ժամանակ արդեն սողացող հակաղարաբաղյան քարոզչություն էր գնում, սոցիալ-տնտեսական դժվարությունները, լույս չունենալը Արցախով էին  պայմանավորում… Եվ թալանում էին երկիրը: Հիշում եմ՝ մեր իմաստուն մարդկանցից մեկի՝ Ալեքսան Կիրակոսյանի հաշվարկները և մղկտոցը: Ինքը և Վլադիմիր Մովսիսյանը գյուղ առ գյուղ և անուններով հաճախ՝ մարդկանց հիշում էին: Ալեքսան Կիրակոսյանը, ուղղակի սովետական ղեկավար չէր, ինքը երկրի տեր էր, տերերից մեկն էր,  հաճախ էր գալիս մեր՝ ՀՕՄ-ի գրասենյակ ու  ասում ՝ աղբոր աղջիկ, մի բաժակ թեյ տուր…  հրաշալի պատմող էր: Պատմում էր Սովետական Հայաստանի հարստությունների մասին՝ կոնյակից սկսած՝ մնացած ամեն ինչով և խեղճ մարդը չէր կարողանում հասկանալ, թե ոնց կարող էր մի քանի տարվա մեջ երկիրը թալանվել: Գործարանները, գյուղատնտեսությունը, հիշում եմ՝ հսկայական ֆուրերը՝ Հայաստանից Իրան գնացող, որոնց մեջ մեր գործարանների թալանված հոսքագծերն էին…ՀՀՇ-ական թալանի ժամանակներն էին:

Ցավոք, երբ ավերակի վերածված երկիրն ու ժողովուրդը արդեն լույսի մեջ էր, ուշքի էր եկել Քոչարյանի գալով… շատ արագ մոռացավ, թե՝ որտեղից ուր հասանք,  հիշողությունը կարճ էր: Պատահական չասացի ժողովուրդ,  ամբոխը՝ ամբոխ, բայց ժողովուրդն էլ 2 տարի առաջ չկանգնեց ոտքի: Չընդդիմացավ, որովհետև տարիներ շարունակ կերակրել էին ՝Արցախը չլիներ, մենք լավ վիճակում կլինեինք անհեթեթությամբ: Այն այսօր էլ նույն մարդկանց համար ակտուալ է: Իհարկե, խորապես  հասկացողներ էլ կան, որ Արցախը մեր դարպասն է, պարիսպն է, պաշտպանությունն է, մեր կորուսյալ հայրենիքի մի կտորը վերադարձնելու, հպարտություն ձեռք բերելու  իրողությունն է:

-Նորից ուզում եմ անդրադառնալ Ստալինի պաշտամունքին, տեսեք՝ մի կողմում ռեպրեսիաների ենթարկվող մտավորականներն էին, բայց մյուս կողմում ժողովրդի մեջ գոյություն ունեցող՝ պաշտամունքը, որն ի դեպ, վերջին շրջանում նորից էր գլուխ բարձրացնում: Ստալինապաշտները ակտիվանում էին ոչ միայն Վրաստանում, Ռուսաստանում, այլև՝ մեզանում: Սրա բացատրությունը ո՞րն է: Ստալինի կերպարն, ընդհանրապես, շատերին է հետաքրքրել մարդկային տիպաբանության առումով:

-Կարծում եմ՝ նախաքրիստոնեական ժամանակից՝ Նեռի կերպարը ամենալավը մարմնավորում են ինքը և Հիտլերը: Կան ավելի մանրերը՝ Մուսոլինի, Պոլ Պոտ և այլն… Մի Ֆրանկո արժե՞ր, որ Գարսիա Լորկա սպանվեր…

Իսկ Ստալինի պաշտամունքն, ըստ իս, ուժի առաջ ստրկամտորեն խոնարհվելու արդյունք էր: Հավանաբար, մեզ մոտ հարյուրամյակներ պետականություն չունենալու իղձն էր՝ ունենալ հզոր առաջնորդ: Բայց հիմա ինքս ինձ հակասելով պիտի ասեմ՝ երազելով ուժեղ առաջնորդների, ինքներս էլ կործանում ենք, սպանում, վարկաբեկում ենք նրանց: Վերջերս շատ հաճախ եմ այդ թեմայի մասին մտածել, հիշու՞մ եք, չէ, 88-ի ազգային զարթոնքի ժամանակ Կարեն Դեմիրճյանին ինչպես վանեցին իշխանությունից: Ոչ վայելուչ, ոչ հարգալից: Բայց վերադարձին՝ ոտքերի տակ գառ էին մատաղ անում, սա կռապաշտություն չէ՞ր: Այսինքն՝ ծայրահեղությունից ծայրահեղություն էր՝ հեռացնելն էլ, վերադարձն էլ:

-Գիտական մակարդակով՝  հոգեբանական  լուրջ վերլուծության թեմա է սա, մի կողմից՝ մինչև վերջ վարկաբեկում, մյուս կողմից՝ կռապաշտություն…

-Ի դեպ, այս համատեքստում ես հաճախ անդրադառնում եմ Նապոլեոնի ֆենոմենին, որն, ըստ էության, տարբերվեց մյուսներից: Վազգենի ասած, այնուամենայնիվ, Ֆրանսիան Նապոլեոնով գտավ իր հպարտությունը, իր ազատության զգացողությունը: Ինձ համար շատ ցնցող էր Ֆրանսիայի վերջին նախագահի Մակրոնի խոսքը՝ պաշտոնը ստանձնելու օրերին, երբ ասաց՝   Ֆրանսիան կորցրել է իր հպարտությունը:  Իսկ Նապոլեոնով Ֆրանսիան դարձավ Եվրոպայի հզորագույնը:  Եվ ինչ էլ պատահեց հետո, Ֆրանսիան սրտից չհանեց Նապոլեոնին: Երբեք էլ չեն հանելու: Ժողովու՛րդը չի հանելու: Ի դեպ, ճամարտակող Գորբաչովից, Ելցինից հետո  Պուտինն էլ Ռուսաստանի հպարտությունը հետ բերեց: Մենք էլ  Արցախյան հաղթանակով հպարտություն ձեռք բերեցինք. 21-րդ դար  մտանք, ոչ թե որպես ցեղասպանության զոհի ժառանգներ, այլ՝ որպես հաղթանակած ժողովուրդ: Այս ամենը հասկանալու համար մեզ բան ասողներն են պակասում: Մենք…Տիգրան Մեծի մի անորոշ  կուռք ենք ստեղծել, բայց պատմականորեն ավելի մոտ մի թագավոր կարո՞ղ ենք հիշել, որ իր մահով է մահացել, որ մեծարվել է, չի աքսորվել, չի թունավորվել ու սպանվել, անարգվել: Այսինքն, մենք տիրասեր չենք:

Ամբողջությամբ՝ pastinfo.am



Նման նյութեր