Արշալույս Զուրաբյան. «Պատմության այս օրը»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Պատմության այս օրը»

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարյուր տարի առաջ՝ 1920 թ. ապրիլի 11-ին, շեյխ ուլ իսլամի ֆեթվայով (կոնդակ) Մուստաֆա Քեմալը հայտարարվեց ոճրագործ եւ մահվան դատապարտվեց: Թուրքական ռազմական դատարանը 1920 թ. մայիսի 11-ին նրա նկատմամբ մահապատժի վճիռ կայացրեց, ինչը 1920թ. մայիս 24-ին հաստատվեց սուլթանի կողմից: Քեմալի նկատմամբ հայտարարվեց հետախուզում…

Փաստորեն, ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալը 1920-1922 թթ. փախուստի մեջ գտնվող հանցագործ էր եւ նրա վարչախումբը («Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարություն) նույն տարիներին միջազգային հարաբերություններում պետություն ներկայացնելու որևէ իրավական հիմք չուներ: Առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, միայն սուլթանն իրավունք ուներ լիազորել որևէ անձի՝ հանդես գալ երկրի անունից:

Սա ամենեւին խանգարող հանգամանք չհանդիսացավ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության համար՝ համագործակցել Քեմալի հետ, ավելին, ճանաչել ապօրինի հայտարարված «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարությանը, ռազմաքաղաքական դաշինք կնքել նրա հետ, փող, ռազմական մասնագետներ, զենք ու զինամթերք մատակարարել քեմալականներին:

1920 թ. ապրիլի 26-ին ուրվագծվեց ռուս-թրքական դաշինքը, որի հարվածներից նույն թվի դեկտեմբերի 2-ին կործանվեց Հայաստանի հանրապետությունը: 1921-ի մարտի 16-ի մոսկովյան հայտնի պայմանագրով հայկական տարածքները բաժանվեցին երկու գիշատիչների միջեւ: Ի դեպ, նույն ժամանակ միջազգային ճանաչում չուներ եւ ապօրինի վարչակարգ էր համարվում նաեւ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը:

***

Լուսանկարում՝ Ստամբուլի Թաքսիմի հրապարակում տեղադրված «Հանրապետության արձանն» է (1928թ., իտալացի քանդակագործ Պիետրո Կանոնիկա), որի հարավակողմում Մուսթաֆա Քեմալի զինակիցների արձաններն են (Իսմեթ Ինոնյու, Ֆեւզի Չաքմաք եւ այլք), որոնք շրջապատում են իրենց առաջնորդին։

«Անկախության պատերազմի» ընթացքում Աթաթյուրքի հետ զորքին հավասարապես առաջնորդած Քյազըմ Քարաբեքիրը, Ռաուֆ Օրբայը, Ալի Ֆուադ Ջեբեսոյը, Ռըֆաթ Բելեն արձանախմբում չկան եւ դրա պատճառը նախկին զինակիցների ու Քեմալի միջեւ առաջացած քաղաքական տարաձայնություններն էին:

Աթաթյուրքի հետևում Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներ Մ. Վ. Ֆրունզեի ու Կ. Վ. Վորոշիլովի արձաններն են։ Դրանք տեղադրվել են ի նշան երախտագիտության բոլշեւիկներին՝ քեմալական շարժման ժամանակ նրանց ցուցաբերած օգնության համար։

Ի դեպ, «Հանրապետության արձան»-ի համար կազմակերպված ժողովրդական հանգանակության ժամանակ ամենամեծ ներդրումն ունեցել է հայազգի Պերճ Քերեսթեջյանը (Թյուրքեր), որ հետագայում դարձել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի պատգամավոր»։