Հայտնի է, որ Վերածննդի դարաշրջանի հանճարեղ գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Ջ.Ռիխտերի, Յո. Սարժիգովսկու, Կ. Ֆուգարոյի, Է. Մակ Կորտինի, Հ. Գեյմյուլլերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15-րդ դարի վերջերին աշխարհահռչակ գիտնական-գեղանկարիչը այցելելով Հայաստան, թողել է «Հայկական նամակներ» կոչվող ձեռագրերը։ Բաբելոնի Քուիթ Բեյ սուլաթանի նախարար Դիոդորոս Ասորուն հասցեագրած նամակում Լեոնարդոն գրում է.
…Վերագտնելով ինձ Հայաստանի այս մասերում, որոնք ինձ հարազատ են թվում` մտա մեր սահմանների մոտ գտնվող Կալինդրա (Կիլիկյան Կալադրոն) քաղաքը` սկսելու սիրով ու հոգածությամբ իրականացնելու այն աշխատանքը, որի համար ինձ ուղարկեցին։ Այդ քաղաքը գտնվում է Եփրատով բաժանված Տավրոս լեռան եզերքին, և արևմուտքից երևում են Տավրոս մեծ լեռան գագաթները։
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ նա մի քանի գծանկարներ է կատարել Հայաստանում, այդ թվում` նաև Արարատ լեռան պատկերը: Նույն ձեռագրում Լեոնարդո դա Վինչին ակնարկել է Հայաստանի մասին գիրք գրելու իր մտադրության մասին` մանրամասնորեն նշելով աշխատության գլուխների ցուցակը:
Լեոնարդո դա Վինչիի Հայաստան այցի մասին դեռևս 1967 թվականին հոդված է գրել հայ մեծանուն գրող Կոստան Զարյանը։ «Սովետական արվեստ» ամսագրում տպագրված հոդվածը հետագայում Զարյանը ներառել է իր «Նավատոմարում»։
Ձեզ ենք ներկայացնում Կոստան Զարյանի «Լեոնարդո դա Վինչին և Հայաստանը» հոդվածը։
«Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են արվեստով, ճանաչում են Լեոնարդո դա Վինչիին, որի հանճարը ոչ միայն տիրապետում էր XV դարու իտալական վերածննդյան շրջանը, այլ նաև արվեստի և գիտության բոլոր շրջանները:
Նա նման էր հստակ ու զգայուն մի հայելիի, որի մեջ արտացոլվում էին կյանքի ամենաբարդ երևույթները: Նրա սուր միտքը` խոր, տրամաբանական, հանդուգն, խուզարկում էր մարդկային մարմնի և հոգու գաղտնիքները: Նա մշտապես լարված հետաքրքրություն էր, բարդ զգայնություն, որ թրթռում էր բոլոր այն ապրումների հետ, որոնք շարժում են մարդկային սիրտը:
Լեոնարդոն իսկապես հանելուկային մարդ է:
Եվ ահա ծագում է մեզ հետաքրքրող հարցը. եղե՞լ է նա Հայաստանում, ինչպես նա մեզ հավատացնում է:
Նախ քննենք ձեռագրերի վիճակը: Լուրջ և ամենայն հավատքի արժանի վկաներ, ինչպես, օրինակ` Արագոնի կարդինալի քարտուղարն է, վկայում է, որ Լեոնարդոյին Կլոում այցելելու ժամանակ նա տեսավ «մի անվերջանալի հատորների թիվ, ամբողջովին գրված ռամիկ լեզվով»: Ինքը` Լեոնարդոն, խոսում էր 120 գրքերից կազմված ձեռագիրների մասին, որոնցից դժբախտաբար մեզ հասել է միայն կեսը, դա էլ բոլորովին անկատար վիճակում: Գանք ուղղակի այն էջերին, որոնք գտնվում են Ատլանտյան մատյանի մեջ և պարունակում են հռչակավոր «Հայկական նամակները»:
Իր կյանքի այդ շրջանին նա թափառել է մի տեղից ուրիշ տեղ` միշտ որոնելով մի վայր, մի երկիր, ուր նրան հնարավորություն տրվեր իրագործելու իր բազմաթիվ ծրագիրները: Նա պիտի նախընտրեր մեկնել հեռավոր մի երկիր:
Եվ երբ որոշեց մեկնել մի հեռավոր երկիր, հարց է ծագում, ինչու նա ընտրեց Հայաստանը, Էրմենիա, ինչպես ինքը գրում է: Չէ՞ որ այլևս անկախ չէր և Կիլիկյան մասը անցել էր Եգիպտոսին: Եվ սակայն ամբողջ իր գրվածքի մեջ նա միշտ շեշտում է Էրմենիա անունը և անտեսում Եգիպտոսի անունը:
Ամբողջությամբ՝ vnews.am