Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 017 հազար 810 մարդ: «Արմենպրես»–ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 128 հազարը: Ապաքինվել է 492 հազար 115 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 177 հազար 633 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշը 18 հազար 579 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է, Կանադայում՝ 27 հազար 063 է, Շվեյցարիայում՝ 26 հազար 336 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: Այստեղ ևս մեկ օրում 3 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: ՌԴ-ում մահացել է 198 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
Թրամփը հանձնարարել է կասեցնել ԱՀԿ ուղղվող վճարումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Թրամփի կարծիքով, կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ-ն արդյունավետ չի գործել:«Իրականությունը հետևյալն է. ԱՀԿ-ն բավարար չափով չի ստացել, չի ստուգել, ժամանակին չի տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը: Աշխարհն ակնկալում է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ այնպես, որ միջազգային առողջապահական սպառնալիքների մասին ճշգրիտ տեղեկատվությունը տարածվի ժամանակին»,-նշել է նա: Թրամփը գտնում է, որ ԱՀԿ-ն իր պարտավորությունները չի կատարել և պետք է պատասխանատվություն կրի: ԱՄՆ նախագահը դադարեցնում է ֆինանսավորումը, քանի դեռ չի պարզվել, թե որն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության դերը իրադարձություններում, որոնք բերեցին վարակի տարածմանն ամբողջ աշխարհում՝ Չինաստանի սահմաններից դուրս: ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշոր աղբյուրն է: Միայն նախորդ տարի ԱՄՆ-ի ներդրումը կազմել է 400 միլիոն դոլար՝ կամ կազմակերպության բյուջեի 15 տոկոսը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող ԱՀԿ-ի, ինչպես նաև ցանկացած հումանիտար կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու ժամանակը չէ:
«Հիմա վարակի տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու համար միասնականության և միջազգային հանրության համատեղ աշխատանքի ժամանակն է»,-ասել է Գուտերեշը:
Պոմպեոն կորոնավիրուսի հետ կապված ԱՀԿ-ի աշխատանքը բավարար չի համարում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեզ պետք են հարցերի պատասխաններ, մեզ անհրաժեշտ է թափանցիկություն…, մեզ պետք է, որ ԱՀԿ-ն իրականացնի իր աշխատանքը, գործառույթը, որպեսզի աշխարհը ժամանակին ունենա ճշգրիտ, արդյունավետ, վստահելի տեղեկատվություն այն մասին, թե գլոբալ առումով ինչ է կատարվում առողջապահության ոլորտում»,-ասել է Պոմպեոն:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քան 614 հազար է, մահացածներինը՝ 26 հազարից ավելի:
ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշումը ԵՄ-ն անհիմն է համարում
Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Ցավում եմ, որ ԱՄՆ-ն դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Ոչ մի հիմք չկա այդ քայլն արդարացնելու այն փուլում, երբ նրա ջանքերն անհրաժեշտ են ավելի, քան երբևէ»,-ասել է նա: Բորելն ընդգծել է, որ ջանքերը համադրելու պարագայում մենք կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը, որը չգիտի սահմաններ:
Դանիան Եվրոպայում առաջինն է վերաբացում դպրոցները
Դանիան Եվրոпայում առաջին երկիրն է, որը սահամանափակումներ մտցնելուց հետո բացում է դպրոցներն ու մանկապարտեզները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով«Agence France-Presse»-ին: Նշվում է, որ ապրիլի 15-ից բացվում են մանկապարտեզները և մինչև 5-րդ դասարանի համար նախատեսված դպրոցները, սակայն ոչ բոլոր հաստատություններն են դրան պատրաստ: Մայրաքաղաք Կոպենհագենում աշխատանքը վերսկսել է հաստատությունների 35 տոկոսը, իսկ ընդհանուր երկրում պարապմունքները սկսել են 98 կոմունաների կեսում: Մնացածները խնդրել են ժամանակ, որպեսզի հարմարվեն սանիտարական նորմերին: Մասնավորապես, դպրոցները պարտավոր են ապահովել դասասեղանների միջև երկու մետր հեռավորություն և ստեղծել հանգստի կազմակերպման հնարավորություն փոքր տարիքի երեխաների խմբերում: Սպասվում է, որ երկրում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-ին: Դանիայում շատ ծնողներ համաձայն չեն դպրոցները բացելու կառավարության որոշման հետ: Ոմանք նշում են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:
ԵՄ-ն ստեղծում է կորոնավիրուսի դեմ պայքարի մասին տեղեկատվության փոխանակման խումբ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն: «Այս խումբը ստեղծվում է ժամանակավոր աջակցման նպատակով, կորոնավիրուսի դեմ պայքարում տեղեկատվության փոխանակումը դյուրացնելու, քաղաքացիական իշխանություններին ռազմական աջակցություն ապահովելու համար: Այս քայլն իրականացվում է ապրիլի 6-ին ԵՄ պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի ժամանակ կայացրած որոշման համաձայն»,-ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ զինվորականներն արդեն իրենց աջակցությունն են ցուցաբերել արտերկրից ԵՄ քաղաքացիների վերադարձի, բժշկական սարքավորումների ու պարագաների, ինչպես նաև ԵՄ երկրներով կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելու հարցում:
Հունաստանը զբոսաշրջիկների գումարի վերադարձի դիմաց կառաջարկի վաուչեր
Հունաստանի կառավարությունը տուրիստական ընկերություններին, հյուրանոցներին, ինչպես նաև ավիաընկերություներին թույլատրել է գումարի դիմաց տրամադրել վաուչերներ իրենց այն հաճախորդներին, ովքեր, կորոնավիրուսով պայմանավորված, չեն կարողացել օգտվել ծառայություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ վաուչերները տրվում են 18 ամսով: Հաճախորդները կարող են դրանք օգտագործել, եթե 2020 թվականի փետրվարի 25-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը գնել են ծառայություններ, սակայն հետո չեղարկել են: Դա վերաբերում է նաև նավով ուղևորությունների տոմսերին: 18 ամսվա ընթացքում զբոսաշրջիկները կարող են ցանկացած ժամանակ օգտագործել իրենց վաուչերները, որոնք հավասար կլինեն այն գումարին, որքան մինչ այդ վճարել է քաղաքացին ծառայությունների համար: Տուրիստական ընկերությունները պարտավոր են իրենց հաճախորդներին տեղեկացնել վաուչեր ստանալու հնարավորության մասին ամրագրումը չեղարկելուց 30 օրվա ընթացքում: Եթե դա տեղի չունենա, ապա ընկերությունները ստիպված կլինեն վերադարձնել գումարը:
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված 99-ամյա վետերանը բուժվել է
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 99-ամյա Էրմանդո Պիվետան, դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ զինվորական գլխարկով վետերանը տուն է ճանապարհվել բժշկական հաստատության անձնակազմի ծափահարություններով և զինվորական պատվով: «Այս մարտում հաղթելն ինձ համար շատ ավելին էր, քան պատերազմում հաղթելը: Պատերազում դու կամ սպանում ես կամ ապրում: Այստեղ դու պետք է կռվես ապրելու համար»,-ասել է վետերանը: Բրազիլացու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու շաբաթ առաջ: Թոքաբորբի հաստատումից հետո նա երկու օր բժշկական հաստատությունում անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման ընթացքում թոքերի արհեստական սարքի կիրառման անհրաժեշտություն չի եղել՝ շնորհիվ նրա ֆիզիկական լավ վիճակի:
Համավարակ. Նոր Զելանդիայում նախարարների աշխատավարձը 20 տոկոսով կկրճատվի
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով: «Արմենպրես»-իհաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով: «Ես այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները, պետական ծառայողական մարմինների ղեկավարները գնում ենք առաջիկա վեց ամսվա ընթացքում աշխատավարձի 20 տոկոսի կրճատման»,-ասել է վարչապետը: Իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ երկրում նորզելանդացիները կորցնում են իրենց աշխատանքը, կրճատվում են աշխատավարձերը: