Թեպետ կառավարությունում մշակել և կյանքի են կոչել սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր, այնումենայնիվ, կան մարդիկ, ովքեր չեն համարվում որևէ ծրագրի շահառու։ Արվեստի և մշակույթի ոլորտում աշխատող մարդիկ չեն կարող օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, քանի որ չեն համապատասխանում որևէ ծրագրի պայմաններին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարուսույց, Կատարողական արվեստի համաշխարհային ասոցացիայի նախագահ Արման Ղուկասյանը։ «Նամակ-խնդրանքով դիմել ենք վարչապետին նաև մի շարք պատգամավորների, ցավոք, որևէ արձագանք մեր խնդրանքը չի ստացել: Հայաստանում գործում է 1000-ից ավելի պարային կոլեկտիվ, որոնք այս պահին չեն գործում, բայց այդ ոլորտում աշխատող մարդիկ օրվա հացի խնդիր ունեն»,-նշեց նա։ Պարուսույցն ընդգծեց, որ ամռան ամիսներին իրենց վիճակն էլ ավելի կբարդանա, քանի որ այդ երեք ամիսներին այսպես, թե այնպես չենք աշխատում. «Փաստացի ստացվում է այնպես, որ մինչև սեպտեմբեր մենք գործազուրկ ենք և այս պարագայում՝ ինչպես ենք օրվա հաց վաստակելու»։ Ղուկասյանը նաև պատմեց, որ ինքը ևս ղեկավարում է պարային խումբ, իսկ իրենց ասոցացիայում կա 60 պարային կոլեկտիվ։ «Նման խնդիր ունեն ինչպես բոլոր պարային խմբերը, այնպես էլ՝ երգի ու երաժշտական խմբակները։ Իհարկե, երաժշտական դպրոցներում աշխատողները խնդիր չունեն՝ նրանք պետական աշխատողներ են և ստանում են իրենց ամսական աշխատավարձը»,-ընդգծեց նա։ Ղուկասյանի հավաստմամբ՝ իրենք մարտից չեն աշխատոմ. «Պարի խմբերի մեծ մասը դպրոցներում են գործում, այդ տարածքները վարձակալում ենք: Հիմա փորձեր չենք անում, բայց վճարում ենք վարձակալության համար։ Ուզում եմ նշել, որ այդ կոլեկտիվների մեծ մասը գրանցված են հարկային դաշտում՝ որպես ԱՁ և վճարում են հարկեր, նույնիսկ հիմա, երբ փաստացի աշխատանք չունենք։ Ցավոք, Կառավարությունը մշակույթի կետին ու այդ ոլորտում աշխատող մարդկանց չի անդրադառնում։ Օրեր առաջ, երբ վարչապետը ֆեյսբուքի ուղիղ ասուլիս էր տալիս, մենք հարցը գրեցինք, որը նույն պահին ջնջեցին։ Դա իրոք շատ զարմանալի էր ու անսպասելի»։
1000-ից ավելի պարային կոլեկտիվներ չեն գործում, ինչպե՞ս ենք օրվա հացը վաստակելու. պարուսույց. lurer.com
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ