Նման օրենք մտցնելով իշխանությունները հենց այդ նպատակն են հետապնդում՝ սահմանափակել ազատ մամուլը. Աղասի Ենոքյան. news.am
Advertisement 1000 x 90

Նման օրենք մտցնելով իշխանությունները հենց այդ նպատակն են հետապնդում՝ սահմանափակել ազատ մամուլը. Աղասի Ենոքյան. news.am

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների մասին NEWS.am—ը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

Պարոն Ենոքյան, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը։ Օրեր առաջ Դուք զգուշացնում էիք, որ այն կարող է ազդել մասնավոր հեռուստաընկերությունների վրա։

Հայաստանում գովազդային շուկան գտնվում է շատ բարդ վիճակում։ Եթե տանք լավատեսական գնահատական, ապա երկրի տարեկան գովազդային բյուջեն շուրջ 30 մլն․ դոլար է, սակայն վերջին տարիներին հեռուստագովազդը կայուն անկում է ապրում տարեկան շուրջ 10-15%-ի չափով։ Դա պայմանավորված է ինչպես տնտեսական գործոններով, քանի որ հայտնի է, որ տնտեսական դժվարությունների ժամանակ ընկերությունները նախեւառաջ կրճատում են գովազդի բյուջեն, այնպես էլ ինտերնետ գովազդի զարգացմամբ։ Այս դաշտի մեջ Հանրային Հեռուստատեսությանը գովազդի իրավունք տալը կարող է շատ հեռուստաընկերությունների կանգնեցնել փակման եզրին։ Խնդիրն ավելի է բարդանում հենց հիմա, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։ Հենց միայն ռուսական ռուբլու անկումը արդեն հսկայական վնաս է հասցրել այս ինդուստրիային, քանի որ միջազգային շատ գովազդատուներ գտնվում են Ռուսաստանում եւ իրենց հաշվարկների մեջ չեն կարող անտեսել վալյուտային տատանումները։ Իսկ բուն համաճարակը բերել է այնպիսի տնտեսական ճգնաժամի, որ գովազդի անկումը ամենալավատեսական գնահատականներով այս տարի կլինի շուրջ 40-50%։ Այս պայմաններում Հ1-ին խաղի մեջ մտցնելը կարող է կործանարար լինել մյուսների համար։

Իսկ միգուցե Ձեր նշած առցանց լրատվականներն ակտիվանան։ Կարո՞ղ է այս օրենքը նպաստել դրան։

Համաշխարհային ինտերնետ գովազդի 90%-ը տանում են երկու գիգանտները՝ Google-ը եւ Facebook-ը, իրենց YouTube-ներով, Instagram-ներով եւ այլ հարակից բիզնեսներով։ Մնացած 10%-ը իրար մեջ բաժանում են մնացած կայքերը՝ սկսած New York Times-ից մինչեւ Հայաստանի վերջին մարզային լրատավականի կայքը։ Բնական է, որ առցանց կայքերին բաժին են ընկնում փշրանքներ, իսկ նրանք ձգտում են ավելի լավ կոնտենտ սարքել, վիդեո արադրանք են տալիս, եւ այլն, իսկ այս ամենը փող է։ Ավելին ասեմ՝ ես չեմ կարող ճշգրիտ գնահատական տալ Հայաստանում առցանց գովազդի ծավալին այն պատճառով, որ այս շուկան դեռեւս չի կայացել, չկան համապատասխան ենթակառուցվածքները, որոնք որ կչափեին ու կգնահատեին այս բիզնեսը։ Այնպես, որ այստեղ խոսել շահութաբերության մասին, կարծում եմ վաղ է։

Հանրային հեռուստաընկերությանը թույլատրվելու է մեկ ժամում ընդամենը 5 րոպե գովազդ ունենալ, դա միգուցե կբարելավի այս ալիքը, իսկ մյուսներն արդյոք էապե՞ս կտուժեն դրանից։

Դա հսկայական ծավալ է։ Շատ ալիքներ հիմա չեն կարողանում լրացնել այդքան գովազդային ժամանակ։ Միաժամանակ, նկատենք, որ Հ1-ը բյուջեից ստանում է միլիոնավոր դոլարներ, սակայն իր դիտողականությամբ՝ վարականիշով, էապես զիջում է մի շարք ալիքների, որոնք ավելի քիչ փողեր ունեն՝ իրենց վաստակած փողերը, ի տարբերություն պետության կողմից Հ1-ին հատկացված բյուջետային փողի։ Չեմ կարծում, թե լրացուցիչ մի քանի հարյուր հազար դոլարը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հանրային հեռուստատեսության որակի բարձրացման վրա, քանի որ այնտեղ նախեւառաջ արդյունավետ կառավարման խնդիր կա։ Ավելի շուտ այդ լրացուցիչ գումարներն էլ կմսխվեն-կգնան առանց էական արդյունքի։ Միաժամանակ նկատեմ, որ Հ1-ին գովազդային շուկա մտցնելուն զուգահեռ իշխանությունների աջակցությամբ պրոցեսներ են գնում Հայաստանի գովազդային ենթակառուցվածքը փոփոխելու ուղղությամբ։ Այս կրիտիկական պահին, երբ գովազդային շուկան հոգեւարքի մեջ է, նման քայլերը պարզապես կարող են փլուզել շուկան։ Հիմա, երբ ես չեմ զբաղվում գովազդային բիզնեսով, խնդրին նայում եմ ոչ այնքան գործարար տեսանկյունից, որքան մամուլի ազատության։ Այս հանգամանքներում մի շարք լրատվամիջոցներ կամ փակվելու են, կամ կփորձեն մտնել իշխանությունների «տանիքի» տակ, կամ էլ այլ քաղաքական, կամ ուղղակի բիզնես հովանավորներ կգտնեն, ինչը կարող է ազդել նրան անկախության վրա։ Համոզված եմ, որ այս ճգնաժամային պահին նման օրենք մտցնելով իշխանությունները հենց այդ նպատակն են հետապնդում՝ սահմանափակել ազատ մամուլը։



Նման նյութեր