Զանգեզուրի լեռներ: Բարձրությունը՝ 2412 մ:
Նախիջևանի ամենահայտնի լեռը
Օձասար (Վիշապասար) լեռը գտնվում է Զանգեզուրի լեռների հարավարևմտյան փեշերին՝ Գիլան և Երնջակ գետերի ջրբաժանում։ Ունի սյունաձև, սլացիկ տեսք և շրջակայքի ցածրադիր, բլրաշատ տարածքում ավելի է ընդգծվում։ Լեռնազանգվածն ունի լերկ, ժայռոտ կազմություն։ Կողերը ակոսված են խիստ ընդգծված ձորերով ու փոսորակներով: Գագաթային մասը երկփեղկ է։
Օձասարի ավանդազրույցը
Ավանդազրույցի համաձայն երկփեղկ գագաթն ավազակներից և թշնամիներից հալածված, քարացած սիրահար զույգ է։ Մեկ այլ ավանդությամբ պատմվում է, որ երբ երկիրը համատարած ծածկված էր ջրով, Նոյի տապանը գիշերը դիպել է այս լեռանը և հարվածի ուժից լեռը ճեղքվել է։ Նոյն անիծել է լեռը և այստեղ բույն են դրել օձերն ու վիշապները։ Ասում են նաև՝ լեռն օձասար է կոչվել, քանի որ նրա տարածքում հաճախ տեղի են ունենում օձերի «ճակատամարտեր»։ Մեկ այլ ավանդության համաձայն էլ այս լեռը ճեղքված գլխով քարեղեն վիշապ է։ Եղել է վիշապաքաղ Վահագն աստծո սպանած վիշապներից մեկը, որին իր կայծակեղեն թրով սպանելով թողել է տեղում։
Օձերի թագավորը
Մի ավանդույթ էլ պատմում է, թե Մասսի վրա ապրում է օձերի թագավորը՝ գլխին թանկագին թագ։ Յոթ տարին մեկ շրջապատի բոլոր օձերը գալիս են նրան տեսության։
Մի անգամ օձերի թագավորը որոշում է զբոսանքի դուրս գալ իր հրեղեն կառքով։ Ճանապարհին կառքը դիպչում է մի սարի և երկու մասի է բաժանում նրա կատարը։ Այդ օրվանից սարը կոչվում է Օձասար։
Ավելի մանրամասն՝ armgeo.am