Մեղր և միս ուտելիս հակաբիոտի՞կ ենք «ընդունում». ինչ կտա «Կերի մասին» օրենքի փոփոխությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մեղր և միս ուտելիս հակաբիոտի՞կ ենք «ընդունում». ինչ կտա «Կերի մասին» օրենքի փոփոխությունը. armeniasputnik.am

Հակաբիոտիկների որոշակի չափաբաժին մեր օրգանիզմ է մտնում ոչ թե դեղերի, այլ հակաբիոտիկներով «հարուստ» սննդի միջոցով։ Ոչ ոք պաշտպանված չէ նման ռիսկից. ավելին, ըստ միջազգային տվյալների, աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես՝ որպես կերային հավելում: Հաշվի առնելով, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը լուրջ խնդիր է համաշխարհային առողջապահության համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ««Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ է մշակել։ Ըստ այդմ` այսուհետ կբացառվի հակաբիոտիկների ավելացումը կերային հավելումներում, ինչպես նաև չի թույլատրվի դեղային կերերի օգտագործումը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում հակաբիոտիկներ ամենաշատը հանդիպում են մեղրի մեջ։

«Գրեթե բոլոր մեղվապահները հակաբիոտիկներ են օգտագործում։ Մեղվապահներն ասում են, որ եթե հակաբիոտիկ չլինի, մեղուները կսատկեն հիվանդություններից։ Մասնագետներին հանձնարարել եմ հակաբիոտիկների այլընտրանք գտնել։ Անասնապահության ոլորտում նույնպես բարդ է վիճակը, քանի որ գյուղացին առավոտյան տեսնում է` կովը տրամադրություն չունի, նրան հակաբիոտիկ է ներարկում»,–ասաց Ավետիսյանը։

Իսկ կենդանուն հակաբիոտիկ ներարկելուց հետո պետք է որոշակի ժամկետ պահեն ու նոր միայն մորթ անեն, այսինքն` հաշվի առնեն, թե ինչ ժամանակահատվածում է հակաբիոտիկը դուրս գալիս օրգանիզմից։ Գյուղացին, Ավետիսյանի հավաստմամբ, եթե անգամ կենդանուն մորթելու ժամանակը պահում է, միևնույնն է, մինչ անասունի օրգանիզմից հակաբիոտիկների դուրս գալը նրա տված կաթը չի թափում, այլ օգտագործում կամ վաճառում է։

Ավելին, վերամշակողները նույնպես գյուղացուց են կաթ գնում, և այս դեպքում միակ փրկությունը հենց օրենքում փոփոխություն կատարելն է։

«Իմ երազանքն էր դարձել, որ «Կերի մասին» օրենքում փոփոխություն անեին, ու դրանից հանվեր հորմոնների, հակաբիոտիկների մասը»,–ասաց Ավետիսյանն ու հավելեց, որ կենդանուն դեղամիջոց պետք է ներարկի անասնագետը, ոչ թե անասնապահը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am