Հայաստանում եւ աշխարհի շատ երկրներում մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով հռչակվել է 1993 թվականին: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի որոշմամբ մայիսի 15-ը ճանաչվել է որպես Ընտանիքի օր: ,Արմենպրեսե-ն օրվա առթիվ զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Թևան Պողոսյանի հետ, ով ունի շատերի համար օրինակելի ընտանիք: Բազմազավակ հայր Թևան Պողոսյանը կիսվում է ընտանիքն ամուր պահելու գաղտնիքներով, դժվարությունները հաղթահարելու բանաձևով:
-Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է: Պարոն Պողոսյան, որպես շատերի համար օրինակելի ընտանիք ունեցող, ասացեք խնդրեմ, ո՞րն է ամուր ընտանիք ունենալու հիմնական գրավականը:
-Ցանկացած ընտանիքի գոյության ու ամրության գրավականը սերն է։ Ցանկացած օրինակելի հայ ընտանիքի ամրության գրավականը հայկական արժեքներն են, ու հատկապես անասելի մեծ սերը, որն այնքան ընդգրկուն է, որ քեզ ուժ է տալիս իրագործել մեծ ընտանիք ունենալու, այդ ընտանիքում հայկական ինքնությունը պահպանելու և ընտանիքիդ հետ միասին հայրենիքդ շենացնելու երազանքը։ Որևէ յուրահատուկ գաղտնիք չկա, պարզապես ընտանիքի ստեղծման, կայացման և այն պահպանման ամենօրյա ջանքի ուղեկիցը պետք է լինեն սիրով լի սրտերն ու հոգիները, ոչ թե հաշվարկը։
-Այսօր կյանքի դինամիկան հաշվի առնելով, շատ ընտանիքներում միմյանց հետ ժամանակ անցկացնելը հետին պլան է մղվել: Ձեր պարագայում, կարծես,հակառակն է: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ժամանակը ավելի շատ միասին լինելու համար:
-Բանաձևը կրկին պարզ է, և ըստ էության՝ նույնը. սեր։ Բնականաբար, մարդը փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ սեր կա, որտեղ ինքն իրեն լավ է զգում։ Սերը տալիս է ինչպես պաշտպանվածության, այնպես էլ պատասխանատվության զգացում։ Այդ երկուսի համակցությունը ձևավորում են այն յուրահատուկ զգացումը, որ ապրում ես հանուն, ապրում ես բովանդակային ու այնպիսի բավարարվածություն ես զգում, որ ցանկանում ես քո տեսակի շարունակությունը և իրագործում ես այդ առաքելությունը։ Կյանքն ի վերջո բավարարված զգալու, քո ինքնության շարունակությունը տեսնելու մասին է։ Իսկ դա հնարավոր է, երբ կյանքի վայելքը հենց քո ընտանիքով ես զգում։ Երբ երիտասարդ էի, շատ էի բացակայում՝ աշխատանք, գործուղումներ, իսկ հիմա նույնիսկ մեկ օր հեռու լինելն ավարտվում է անսահման կարոտով։ Լավ գիտակցում եմ, որ գալու է մի օր, երբ երեխաներս իրենց ընտանիքներն են կազմելու և շարունակելու են իրենց երազանքները կերտել արդեն իրենց ընտանիքների հետ միասին, բայց հույս ունեմ, որ միշտ կպահպանենք մեր մտերմությունը ու իրար հասնելը կլինի ընդամենը րոպեների հարց։
-Միասին ժամանակը կազմակերպելիս ի՞նչ նախաձեռնություններով եք հանդես գալիս՝ ճանապարհորդություններ, խաղեր, ընտանեական հավաքույթներ: Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կվերհիշեք:
-Երբ երեխաներս մեծացան, աստիճանաբար նախաձեռնությունը ես ու կինս սկսեցինք թողնել իրենց, մենք ուղղակի միանում ենք իրենց ցանկություններին։ Երբ փոքրիկ էին, ես ու Գայանեն էինք միասին որոշում, թե ինչ ,նվիրենքե երեխաներին։ Իրականում հիմա գիտակցում ենք, որ թերևս մենք մեզ համար էինք անում այդ ,նվերներըե: Իսկ հիմա որոշումներ կայացնելիս ,բանակցային գործընթացե է տեղի ունենում։ Ես իսկապես շատ ուրախ եմ, որ մեր յոթ անդամից բաղկացած թիմում ձևավորվել է այն ընկալումը, թե ընդհանուր որոշում կայացնելիս պետք է անպայման պահպանել բարի տրամադրությունը և հաշվի նստել բոլորի ցանկությունների հետ, նույնիսկ եթե դրանք չեն համընկնում քո իսկ ցանկության հետ, որովհետև համատեղ կայացրած որոշումը վայելելը ի վերջո ավելի ցանկալի է։
Մենք Պողոսյանների ավանդական միջոցառումներ ունենք, իսկ դրանցից դուրս միշտ պատրաստ ենք նորույթի, կլինի դա ճանապարհորդություն, խաղ, հավաքույթ, թե մի այլ համատեղ միջոցառում։ Մեր ընտանիքում հավատացած ենք, որ կյանքը պետք է գունեղ լինի։
-Բոլոր ընտանիքներում էլ, թերևս, դժվարություններ, խնդիրներ, չհասկացվածություն լինում է: Կիսվեք խնդրեմ Ձեր փորձով, նման դեպքում ի՞նչ է կարևոր անել, որպեսզի չտուժի, թե ամուսինների հարաբերությունը, թե ընտանեկան մթնոլորտը:
-Մենք էլ ենք անցել Ձեր նշած ամեն ինչով, մի բան էլ ավելի: Բայց երևի մեր բաղադրատոմսում ինչ-որ յուրահատկություն չկա, այն կազմված է հետևյալից՝ խոսել իրար հետ, բանակցել, միմյանց ցավն ապրել, իրար փայփայել, իրար ճանաչել, միշտ ու համառորեն կոնսենսուսի եզրեր փնտրել, իրար ներել, զգալ իրար և իհարկե, ՍԻՐԵԼ իրար։ Մեր ընտանիքը հիմնված է սիրո ու համատեղ երազանքների վրա, որը լույս աշխարհ է բերել հինգ յուրահատուկ, յուրօրինակ, տարբեր, ինքնատիպ ու ինքնուրույն բալիկներ, բայց որոնք ունեն մեկ ընդհանրություն՝ իրենք նույն արմատն ու արյունն ունեն, նույն դաստիարակությունը, նույն արժեքները և նույն հայկական ինքնությունը։
-Պարոն Պողոսյան, հաճախ է խոսվում այն մասին, որ այսօր շատերն ընտանիք կազմելիս լուրջ չեն վերաբերում պատասխանատվությանը, չեն դիմանում համատեղ կյանքի դժվարություններին: Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ընտանիքներին:
-Հայտնի ասացվածք է, որ «կենցաղը սպանում է սերը»։ Այս ասացվածքի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ։ Իմանալով այս վտանգի մասին՝ ամեն ճիգ պետք է անել պահպանելու միմյանց հանդեպ հարգանքը, որպեսզի պահպանվեն այնպիսի հարաբերություններ, որոնց վրա հիմնվելով՝ հնարավոր լինի ինչ-որ բան կառուցել։
Իսկ իմ առաջարկը շատ պարզ է։ Մի՛ թողեք որ կենցաղը դառնա ավելի ուժեղ, քան սերը։ Փայփայե՛ք ձեր սերը, փայփայե՛ք ձեր հարաբերությունների հիմքը, ապրե՛ք միմյանց համար։ Սա հնարավոր է, երբ կա պատասխանատվության զգացում, և սա երկուստեք է։ Ընտանիքը հիմնված է կնոջ և տղամարդու միության վրա, իսկ դա արդեն նշանակում է երկուսի միասնություն, երկուսի պատասխանատվություն, երկուսի զգացմունք, երկուսի համատեղ գործողություն, երկուսի սեր։ Բաց եղեք իրար հետ, եղեք ազնիվ ու հոգատար։ Իսկ այս ամենի լավագույն արդյունքը կլինի առաջին բալիկը, երկրորդը, երրորդը, ավելին, այս ամենը կամրագրի չորրորդ բալիկը, հինգերորդը, ու Աստված տա, վեցերորդը, յոթերորդը… Ամեն հաջորդ երեխան ընտանիքի ամրության համար անհրաժեշտ իր պաշարն է բերում։
-Խոսեցինք ընտանիքի դժվարությունների մասին, այսօր մեր երկրում ինչպիսի՞ ինստիտուտների կայացման խնդիր եք տեսնում, որ խոցելի դեպքերում լինեն ընտանիքների կողքին:
-Թույլ տվեք Ձեր հարցին անդրադառնամ երկու տեսանկյունից։ Առաջին. մեզ մկրտության ժամանակ մեր կնքահայրը ցանկանում է, որ մեր կյանքն ապրենք ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ։ Իմ պատկերացմամբ, այս պատգամը պետք է լինի ընտանիքի ուղեկիցը։ Հույսը երեխաներն են, շատ երեխաները։ Ունենք, չէ՞, ասացվածք, որ ամեն երեխա իր բախտն ունի, ու նոր հնարավորություններ է բերում։ Ապրենք այդ հույսով։ Մենք պետք է վերականգնենք կնքահոր, քավորի ինստիտուտը, մարդ, որը կօգնի երիտասարդ ընտանիքներին հարթել խնդիրները, ճիշտ խորհուրդներ կտա, կօգնի գտնել շատ մարտահրավերներ հաղթահարելու ճանապարհը։ Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ հարցերը պետք է լուծվեն խոսքով, հաղորդակցությամբ, բանակցելով ու պատասխանատվություն ստանձնելով քո սխալների համար։ Իսկ ամենի հիմքում դրված է սերը։ Մենք ծնողներով պետք է կարողանանք վստահել մեր երեխաներին, որ իրենք ավելի ճիշտ ընտրություն անեն իրենց համար, քան որևէ այլ մարդ։ Եթե խնդիր ունեք ձեր երեխաների ընտրության հետ, դրա մեղավորը իրենք չեն, այլ ձեր տված դաստիարակությունը, այսինքն՝ ինքներդ։ Սիրով լցվեք և՛ ձեր երեխաների հանդեպ, և՛ իրենց ընտրության։
Իսկ ինստիտուտների առումով ես կասեի՝ բոլոր պետական ինստիտուտները և եկեղեցին։ Դրանք պետք է ապահովեն ազգային ինքնության, կրթության, տնտեսական հնարավորությունների, արդարադատության, առողջապահության, սոցիալական և անվտանգության հարցերին անդրադառնալիս նոր մշակույթի ձևավորան համար անհրաժեշտ պայմաններ, մշակույթ, որը հիմնված պետք է լինի նոր որակի առաջնորդության վրա և նպաստի, որպեսզի ստեղծվի հոգատար միջավայր, իրար ցավ զգալու, ինքնադրսևորվելու և ստեղծագործելու համար նպաստավոր միջավայր, որը թույլ կտա ամեն հայի երջանիկ զգալ իրեն իր հայրենիքում։
Աննա Գզիրյան