Մամեդ Էմին Ռասուլզադեն Ադրբեջանում ընկալվում է որպես ադրբեջանական ազգայնականության հայր, Ադրբեջանի Առաջին Հանրապետության հիմնադիր: Ռասուլզադեին քաղաքական հայր ու գաղափարախոս են համարում Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, մասնավորապես Մուսավաթն ու Ազգային ճակատը: Թեև Ռասուլզադեն մեծ ոգեշնչման աղբյուր է ադրբեջանական հասարակության համար, նրա կենսագրության որոշ դրվագներ Ադրբեջանում փորձում են ամեն կերպ չնկատել, իսկ երբեմն՝ բացահայտ հերքել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հետ Ռասուլզադեյի սերտ համագործակցությանը:
Մամեդ Էմին Ռասուլզադեն 1918թ. մայիսի 27-ից ղեկավարել է Ադրբեջանի Ազգային խորհրդը, որը մայիսի 28-ին հայտարարել է Ադրբեջանի անկախության մասին` ընդունելով համապատասխան հռչակագիր: Արդեն նոյեմբերի 19-ին նրա գլխավորությամբ ընդունվել է որոշում Ադրբեջանի խորհրդարանի ստեղծման վերաբերյալ: Ռասուլզադեն հանդիսանում է նաև «Մուսավաթ» կուսակցության գաղափարական հայրը, որը գլխավորել է 1913թ.-ից, ինչպես նաև Ադրբեջանի անկախության գլխավոր գաղափարախոսներից, ում պատկանում է «Bir kərə yüksələn bayraq bir daha enməz!» (թարգմ.` «Մի անգամ բարձրացված դրոշը երբեք չի իջեցվի») արտահայտությունը, որը ադրբեջանցի ազգայնականների գլխավոր կարգախոսներից էր:
1920թ. Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ռասուլզադեն անցել է ընդհատակ, այնուհետև տեղափոխվել Ռուսաստան (բավական սերտ կապեր ուներ Ստալինի հետ), ապա`Եվրոպա: Էմիգրացիայի տարիներին շարունակել է իր հասարակական-քաղաքական գործունեությունը: 1922թ. Թուրքիայում նա ստեղծում է «Մուսավաթ» կուսակցության արտասահմանյան բյուրոն և ջանքեր գործադրում էմիգրանտ ադրբեջանցիներին համախմբելու ուղղությամբ: Նա ստեղծում է մի քանի թերթեր և ամսագրեր («Yeni Qafqasiya» («Նոր Կովկաս»), «Azeri Türkü» («Ազերի թուրք»), «Odlar yurdu» («Կրակների երկիր») «Bildiriş» («Ծանուցում»)։ Թուրքական իշխանությունների հետ հարաբերությունների աստիճանական վատթարացմամբ, ինչպես նաև այդ ժամանակահատվածում ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի ջերմացմամբ պայմանավորված՝ Աթաթուրքը 1931թ. Ռասուլզադեին արտաքսում է Թուրքիայից։ Նա տեղափոխվում է Լեհաստան, այնուհետև հաստատվում Ռումինիայում:
Դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ` 1930-ականներին Կովկասյան էմիգրացիայի կազմակերպչական հարցերով զբաղվող Ռասուլզադեն կապեր էր հաստատել գերմանացիների (ըստ որոշ աղբյուրների` գերմանական հետախուզության) հետ և եղել նաև Բեռլինում: Հատկանշական է, որ գերմանական զորքերի Ռումինիա ներխուժելուց հետո Բուխարեստում տեղակայված գերմանական դեսպանատունը ռումինական ոստիկանությանը տեղեկացրել է Ռասուլզադեի՝ գերմանական ծառայության մեջ գտնվելու մասին` խնդրելով Ռասուլզադեի համար ձևակերպել Գերմանիա բազմակի այցի վերաբերյալ փաստաթղթեր:
1942թ. մայիսին Ռասուլզադեն գերմանացիների կողմից հրավիրվել է Բեռլին՝ մասնակցելու կովկասցի էմիգրանտների համագումարին: Ռասուլզադեն, գերմանական հրամանատարության հանձնարարությամբ, անմիջական մասնակցություն է ունեցել ադրբեջանցի ռազմագերիների և կամավորների հավաքագրման և Ադրբեջանական լեգեոնի ձևավորման հարցում: Այդ գործում իրենց ներդրումն են ունեցել նաև վտարանդի այլ մուսավաթականներ՝ ի դեմս Ադրբեջանական Առաջին Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Խալիլ Խասամեդովի, Ադրբեջանի հատուկ ծառայության՝ հակահեղափոխության դեմ պայքարի կազմակերպության երկրորդ ղեկավար Նագի Շեյխզամանլիի, Շաֆի Ռուստամբեյլիի, Ֆուադ Էմիրջանի:
Ավելին, ըստ որոշ արխիվային փաստաթղթերի` Ռասուլզադեն, օգտագործելով իր կապերը, աջակցել է նաև Կարմիր բանակի թիկունք գերմանական հետախուզության կողմից դիվերսանտների տեղափոխման գործողություններին (Մոզդոկ, Տագանռոգ):
1943թ. մայիսի 28-ին բեռլինյան «Kaiserhof» շքեղ հյուրանոցում Ռասուլզադեի նախաձեռնությամբ կազմակերպվել է ընդունելություն` Ադրբեջանի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ, որին բացի ադրբեջանցի գործիչներից մասնակցում էին նաև Գերմանիայի պաշտոնական և գիտական շրջանակաների ներկայացուցիչներ: Պատերազմի թեժ շրջանում Գերմանիայի մայրաքաղաքում նման ներկայացուցչական միջոցառման կազմակերպումը վկայում է Գերմանական ղեկավարության հետ Ռասուլզադեի ջերմ կապերի և սերտ համագործակցության մասին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում նացիստների հետ ակտիվ համագործակցության մեջ լինելով, Ռասուլզադեն հնարավորություններ էր փնտրում Ադրբեջանի անկախության վերականգնման համար: Սակայն, գերմանացիները նրան հասկացնում են, որ անկախ Ադրբեջանի ստեղծումը նացիստական Գերմանիայի ծրագրերին չի համապատասխանում և 1943թ. օգոստոսին Ռասուլզադեն Բեռլինից հեռանում է` վերադառնալով Ռումինիա, այնտեղից` Թուրքիա:
Հատկանշական է, որ 1947թ. օգտագործելով իր կապերը, տարբեր միջոցներով Թուրքիա է տեղափոխել Երրորդ Ռեյխին ծառայած շուրջ 4000 ադրբեջանցու` փրկելով նրանց` ԽՍՀՄ-ին հանձնելուց:
Ռասուլզադեն մահացել է Թուրքիայում 1955թ. և թաղված է Անկարայի «Ջեբեջի Արսի» գերեզմանատանը:
Ռասուլզադեի հերոսացումը
Մուսավաթականների բողոքի ակցիան Նովխանիում Է. Ռասուլզադեի արձանի մոտ, 31 հունվար, 2016թ.
Չնայած Ռասուլզադեն մինչև 1943թ. կեսերը ակտիվ համագործակցության մեջ է գտնվել ֆաշիստական Գերմանիայի հետ, Ադրբեջանի անկախացման շրջանում նրա կերպարը դարձավ ոգեշնչման աղբյուր` դառնալով ազգային հերոս: Ընդ որում, նացիստների աջակից Ռասուլզադեի հերոսացման գործում պետությունը ևս հստակ ջանքեր է գործադրում: 1993թ. դեկտեմբերի 29-ին Հեյդար Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի ակնառու հասարակական-քաղաքական գործիչ Մ. Է. Ռասուլզադեի 110-ամյակի անցկացման» վերաբերյալ հրամանագիր, իսկ նրա որդին` Իլհամ Ալիևը, 2013թ. նոյեմբերի 22-ին ստորագրել է «Մամեդ Էմին Ռասուլզադեի 130-ամյակի անցկացման կապակցությամբ» հրամանագիր` պետական մակարդակով նշելով նրա հոբելյանը:
Ռասուլզադեի 110-ամյակի կապակցությամբ 1994թ. և 130-ամյակի կապակցությամբ 2014թ. թողարկվել է նրան նվիրված նամականիշեր: Ռասուլզադեն պատկերված է եղել 1993թ. թողարկված 1000 մանաթ արժողությամբ թղթադրամի վրա:
Մամեդ Էմին Ռասուլզադեի անվան ոչ միայն փողոց կա Բաքվում, այլև բնակավայր Բաքվի արվարձաններում: Բացի այդ, այսօր Մամեդ Էմին Ռասուլզադեի արձանները տեղադրված են նրա հարազատ Նովխանիում, Զաքաթալայում, իսկ կիսանդրին՝ Գանձակում:
Ադրբեջանում Ռասուլզադեի հերոսացման ֆոնին, Բաքվի`Հայաստանին ուղղված «ֆաշիզմը հերոսացնելու» մեղադրանքներն առավել քան աբսուրդային են թվում: Ադրբեջանական քարոզչամեքենան ամեն կերպ անտեսում է Ռասուլզադեի սերտ կապերը Հիտլերյան Գերմանիայի ղեկավարության հետ, նրա կողմից ադրբեջանցիների հավաքագրման աշխատանքները, Ադրբեջանական լեգիոնի ձևավորման գործում նրա ներդրումը`փորձելով ադրբեջանական ազգայնականության հորը ներկայացնել միայն դրական լույսի ներքո` որպես «օրինակելի» կերպար:
Այսպիսով, ադրբեջանական ղեկավարության, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից հայերին մեղադրելը «ֆաշիզմը հերոսացնելու» մեջ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի գործունեության աղավաղումը և նացիստների հետ կապերի խեղաթյուրումը՝ ոչ այլ ինչ են, եթե ոչ հերթական փորձ հակահայկական տրամադրություններ տարածելու համար: Ավելին, ադրբեջանցիները մոռանում են, որ Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիրներից ոմանք՝ այդ թվում Ռասուլզադեն, անմիջական կապեր են ունեցել Երրորդ Ռեյխի ղեկավարների հետ, մասնակցել իրենց դաժանությամբ աչքի ընկած ադրբեջանական լեգիոնների ստեղծմանը:
Աննա Չիչյան