Արցախի չբացահայտված լավագույն վայրերը՝ COVID-19-ից մեկուսանալու համար. ampop.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արցախի չբացահայտված լավագույն վայրերը՝ COVID-19-ից մեկուսանալու համար. ampop.am

Համաճարակ, վարակ, կորոնավիրուս, դիմակ… Սարսափելի՜ է: Ես համաձայն չեմ ապրել այս սարսափի մեջ, ուստի և առաջարկում եմ բոլորին ինձ հետ միասին շրջել իմ ծննդավայր Արցախի պատմական աշխարհում:

Առավոտ է. սպասում եմ որդուս եփած անուշաբույր սուրճին: Երեկվա արշավից հետո ամբողջ մարմինս ցավում է: Ձեռքս մեկնում եմ հեռախոսին, որպեսզի թերթեմ երեկ այցելած վայրերի լուսանկարները և համոզվեմ, որ այդ հեքիաթն իրականություն էր:

Թեև ամբողջ աշխարհում համավարակ է, մենք՝

  • ոտքով բարձրանում ենք լեռները,
  • տեղում ուսումնասիրում ենք պատմությունը,
  •  սիրահարվում ենք բնությանը,
  • վայելում ենք այս սուրբ հողի վրա անցկացրած յուրաքանչյուր պահ:

Եթե քեզ այս ամենը հետաքրքրում է, միացի՛ր մեզ: Մեզ ասելով՝ նկատի ունեմ Crazytoursartsakh-ին:

Ահա իմ ընտրանին, թե Արցախում ինչ վայրեր արժե անպայման այցելել:

ՀԱԿՈԲԱՎԱՆՔ

Այստեղ հասնելը բարդ չէ: Մեքենայով կարող եք հասնել վանքին: Դարպասների մոտ կհամտեսեք բյուրեղյա մաքուր և համեղ ջուր, որից հետո, հավատացնում եմ, ձեր ոտքերն ինքնաբերաբար կտանեն ձեզ: Հակոբավանք վանական համալիրը տեղակայված է Խաչեն գետի աջ ափին՝ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած հատվածում:

Մատենագրության մեջ վանքը հայտնի է նաև Մեծառանից վանք անունով: Վանքը ժամանակին հայտնի ուխտատեղի էր, կրթության և ձեռագրերի ստեղծման կարևոր կենտրոն: Վանքի հիմանդրման տարեթիվը հայտնի չէ, բայց մի խաչքարի պատվանդանին փորագրված արձանագրություններից ամենահինը թվագրվում է 853 թվականով:

Այստեղ ժամանակն աննկատ է թռչում, այստեղ հայացքն ավելի պարզ է դառնում, ուղեղն՝ ավելի սթափ, իսկ մտքերն՝ ավելի մաքուր:

ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃ

Հիշեք Ձեր մանուկ ժամանակվա հեքիաթները․ խորն անտառ, կանաչ մամուռ, անտառային մարգագետին, գեղեցիկ բացատներ, թռչունների դայլալ և ջրերի աղմուկ… Հրաշալի է, չէ՞: Կցանկանայի՞ք հայտնվել հեքիաթում: Ուրեմն, միացեք մեզ և ոլորապտույտ ճանապարհներով քայլենք դեպի այսպես կոչված «Զոնտիկներ»:

Սկիզբ առնելով կիրճի ներսից՝ այն թափվում է մամռապատ քարի վրա և հովանոցաձև ջրվեժ ձևավորում: «Զոնտիկներ» ջրվեժը գտնվում է Կարկառ գետի ափին: Շուշիի կողմից ջրվեժին հասնելու համար անհրաժեշտ է անցնել Հունոտի անդնդախոր կիրճում գտնվող նույնանուն գյուղատեղիի ավերակներով և միջնադարյան կամրջով: Հունոտի հսկա ժայռերը ձգվում են դեպի վեր՝ շրջապատելով բնության այս հուշարձանը և աննկարագրելիորեն գեղեցկացնելով այս վայրը:

Չեմ ցանկանում պատմել այն բոլոր հիասքանչ բաների մասին, որոնք ձեզ այնտեղ են սպասում՝ ձեր հետաքրքրությունը չկորցնելու համար:

Սա 12 ամիսների մասին պատմող հեքիաթը չէ. սա Հայաստանի գեղատեսիլ անկյունն է՝ Արցախը:

Ամբողջությամբ՝ ampop.am