Հիվանդության մահաբերությունն ու մահացությունը ամենևին հոմանիշներ չեն․ մահաբերությունը հիվանդացածներից մահացածների տոկոսն է. այն արտահայտում է հիվանդության ծանրությունը։ Իսկ մահացությունը բնակչության մեջ մարդկանց այն թվաքական է, որոնք մահացել են այդ հիվանդությունից։ Այս մասին կորոնավիրուսին նվիրված քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ Հանրային առողջապահության ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը։
Մասնագետի խոսքով՝ մահացությունը երկու գործոնի ածանցյալ է՝ հիվանդության տարածվածության և հիվանդության ծանրության։
Կան, օրինակ, շատ ծանր հիվանդություններ՝ բարձր մահաբերությամբ, որոնք, սակայն, էական նշանակություն չունեն բնակչության մահացության առումով։ Օրինակ՝ կատաղությունը շատ վտանգավոր հիվանդություն է և ավելի քան 90 տոկոս մահաբերություն ունի։ Բայց Հայաստանում տարեկան կատաղությունից մահվան մոտ 1-3 դեպք է գրանցվում, այն էլ՝ ոչ ամեն տարի։ Այդ իսկ պատճառով բնակչության մահացության պատկերի վրա այն գրեթե չի անդրադառնում։
«Կորոնավիրուսի ժամանակ պետք է հստակ տարբերակենք մահացության և մահաբերության ցուցանիշները։ Մահաբերության ցուցանիշը մեզ մոտ այսօր աճում է, բայց, այսպես ասած, դեռ խայտառակ չի։ Որովհետև 11 000-ից 170 մահ՝ դա մոտավորապես 1․5 տոկոսն է։ Ընդհանուր մահացության ցուցանիշի մոտ 4-5 տոկոսն է կազմում»,- ասաց մասնագետը։
Արտաշես Թադևոսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ ինքը չի ցանկանում գնահատել Հայաստանում կորոնավիրուսից մահերը թիվը, քանի որ պատկերը դեռ կարող է կտրուկ փոխվել։
Բացի այդ, մասնագետի խոսքով, կորոնավիրուսից մահացության պատկերը հասկանալու համար շատ կարևոր է, թե երկիրն ինչպես է գրանցում մահվան պատճառները։ Չնայած ԱՀԿ-ն ստույգ ցուցումներ ունի այս մասին, տարբեր երկրների տվյալների մեջ մեծ տարբերություններ կան։
Օրինակ՝ Օմանում, մասնագետի խոսքով, մոտ 40 մահվան դեպք է գրանցվել, իսկ Բելգիայում՝ 8000-ից ավելի, մինչդեռ հիվանդացածների թիվը երկու երկրներում գրեթե նույնն է։ Սակայն դա, մասնագետի խոսքով, չի նշանակում, որ Բելգիայում առողջապահական համակարգը 250 անգամ ավելի վատ է կարողանում խնամել, բուժել հիվանդներին, քան Օմանի բժիշկները։ Խնդիրը մահվան դեպքերը գրանցելու մոտեցումների տարբերությունների մեջ է։