Տանը ինքնամեկուսացած կորոնավիրուսով վարակված անձից հնարավոր է տան մյուս անդամները չվարակվեն, եթե պահեն հակահամաճարակային նորմերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը։
«Եթե տանը կա կորոնավիրուսով վարակված և մեկուսացման մեջ գտնվող անձ, ապա անհրաժեշտ է որոշակի նորմեր պահպանել։ Եվ եթե ինչպես հիվանդը, այնպես էլ նրան խնամողը դիմակ կրեն, առանձնացնեն հիվանդի սպասքը, հաճախ մաքրեն իրերի մակերեսներն ախտահանիչ նյութով, ապա հնարավոր է և մյուսները չվարակվեն»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված անձի հագուստը պետք է առանձին լվանալ ջրի` 60-ից ավելի ջերմաստիճանով։ Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորության դեպքում տան անդամները պետք է իզոլացնեն ընտանիքի կորոնավիրուսով վարակվածին, և նրան առանձին սենյակ տրամադրեն։ Սենյակը պետք է պարբերաբար օդափոխվի, իսկ եթե խնամքի կարիք ունի վարակակիրը, ապա նրան խնամողը պարտադիր պետք է ոչ միայն դիմակ, այլև ձեռնոց կրի։
Մասնագետը հայտնեց` եթե 15 րոպե առանց հակահամաճարակային կանոնները պահպանելու նույն սենյակում լինեն կորոնավիրուսով վարակվածի հետ, ապա մյուսներն էլ կվարակվեն։
Նրա խոսքով` մասնագետներն ամենօրյա կապի մեջ են լինում մեկուսացված քաղաքացու հետ և ջերմության բարձրացման կամ վիճակի ծանրացման ժամանակ՝ նրան հիվանդանոց են տեղափոխում։
Հարցին, թե որևէ տարբերություն կա՞ տնային կամ հիվանդանոցային բուժման մեջ, եթե հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների՝ մասնագետը պատասխանեց, որ ասիմպտոմ հիվանդները բուժման կարիք չեն ունենում։ Բացի այդ, ինֆեկցիոն հիվանդություններն առողջացման իրենց տևողությունն ունեն և կապ չունի տա՞նը, թե՞ հիվանդանոցում կլինի պացիենտը՝ նա պետք է 14 օր մեկուսացված մնա։
«Ամբողջ խնդիրն այն է, որ մեր մշակույթի մեջ ընդունված չէ կանոններին ենթարկվել։ Մի քանի օր է, ինչ պարտադիր է փողոցներում դիմակ կրելը, բայց կտեսնես մարդկանց, որ կամ դիմակ չեն կրում ընդհանրապես, կամ էլ դնչներին են դնում։ Շատերը հիվանդությանը լուրջ չեն վերաբերվում, քանի որ վարակվածների 75-80 տոկոսն առանց ախտանշանների են տանում այն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարդկանց մի մասն ասում է դիմակ-ձեռնոցը չի օգնում, մյուսներն ասում են ճակատագիր է վարակվել-չվարակվելը, կան մարդիկ էլ, որ ասում են` հայերս իմունիտետ ունենք դրա դեմ։ Սակայն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ վարակը հաղթահարելու համար յուրաքանչյուրն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8844 մարդ, կատարվել է 69171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4014–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200 մահվան դեպք։ Այսօր կորոնավիրուսից մահացել է 10 անձ, որոնցից 6-ը տղամարդիկ են, 4-ը՝ կանայք։