Մարտին գրել էի կորոնավիրուսի մասին, նկարագրելով սպասելին և անսպասելին: Փորձել էի բացատրել համավարակի մաթեմատիկական դինամիկան: Այն ժամանակ բոլորս հույժ մտահոգված էինք և՛ համավարակի մասշտաբներով, և՛ նրա մահաբերությամբ, և՛ այս լուրջ սպառնալիքի նկատմամբ հայաստանյան հասարակության ցավալի (բայց սպասելի) անլուրջ կեցվածքով: Հոդվածիցս հետո մի քանի օրում վարակը դանդաղեց, ու ապրիլի սկզբին անգամ նկատվեց նոր վարակվածների թվի թեթև, բայց շատ ողջունելի անկում: Բոլորս թեթևացած շունչ քաշեցինք: Ու, կարծես, «սատանի ականջը դա լսեց»: Այս դեպքում «սատանան» մեր հասարակության համատարած տգիտությունն է: Բայց որտեղի՞ց է գալիս այս տեսակի և այս աստիճան տգիտությունը:
Ամբողջ աշխարհում մարդը նույնն է: Մշակույթը տարբեր է, բայց իր մտածելու ունակությամբ, իր բնազդներով մարդը միջինում քիչ թե պակաս նույնն է: Իհարկե, կան գենետիկ թեթև տարբերություններ ազգերի միջև, բայց ընդհանուրում այդ տարբերությունները չնչին են: Այնպես որ, տգիտությունը Աֆրիկայում էլ է տգիտություն, Ամերիկայում էլ, Հայաստանում էլ: Եվ ամենուրեք` զոր աշխարհի ամեն անկյունում, որտեղ բացակայում է որակյալ կրթության ախտահանող լույսը, այնտեղ ծլում ու փթթում է տգիտության թունավոր բորբոսը: Իսկ տգիտությունը բերում է նրան, որ մարդիկ որոշումներ են ընդունում ոչ թե հարուստ տվյալների ճկուն վերլուծության շնորհիվ, այլ իրենց բնազդների միջոցով: Բայց մեր բնազդները, որոնք գուցե բավարար են մամոնտ որսալու կամ կատաղած վագրից պաշտպանվելու համար, բացարձակապես անզոր են, երբ փորձում ենք կասեցնել այնպիսի աղետներ, ինչպիսին կորոնավիրուսի համաճարակն է Հայաստանում:
Կորոնավիրուսը Հայաստանում․ ամեն ինչ նոր է սկսվում
Ցավալի է, բայց այդպես է: Առաջին իսկ օրվանից, երբ ամբողջ աշխարհը հսկայական ճիգեր էր գործադրում վիրուսի տարածումը կասեցնելու համար, Հայաստանում կառավարական այրերը խրոխտ-խրոխտ ճառեր էին ասում կորոնավիրուսի «ում շուն» լինելու մասին: Վերջապես, միջազգային տարբեր կառույցների ճնշման ներքո կառավարությունը սկսեց միջոցներ կիրառել: Մարտի վերջին հայտարարվեց պարետային ժամ, և առողջապահության նախարարությունը շուտափույթ սկսեց ավելացնել համաճարակային և վերակենդանացման բաժանմունքների մահճակալների քանակը: Բայց անգամ այստեղ մի շարք կոպիտ սխալներ արվեցին: Նախ, համարյա ամեն ուղերձում շեշտադրվում էր, թե կորոնավիրուսը վտանգավոր է միայն անառողջ անձանց համար: Իսկ ինչպե՞ս է ընկալվում այս հղումը միջին քաղաքացու կողմից: Եթե հաշվի առնենք, թե որքան անփույթ է այդ քաղաքացին վերաբերվում իր առողջությանն ու անվտանգությանը (ինչը երևում է ծխախոտի համատարած սպառմամբ և ամրագոտի կապելու համառ չկամությամբ), ապա այս տեղեկությունը դառնում է պատրվակ վտանգն անտեսելու համար: Չէ՞ որ ամեն հայ տղամարդ «գիտի», որ ինքը «առողջ, ուժեղ տղա է» (անգամ, եթե օրական մի տուփ սիգարետ է ծխում), հետևաբար` կորոնավիրուսը իրեն չի վերաբերում, վե՛րջ:
Ամբողջությամբ՝ civilnet.am