ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվի ճեմուղի՝ դեպի Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր:
Ենթածրագիրը սկսվում է Գնդեվազ գյուղից և ընդգրկում մինչև Գնդեվանք ընկած հատվածը՝ ներառելով Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող եկեղեցին:
Ծրագրով նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում:
Մյուս՝ մասնավոր ներդրողի կողմից ներկայացված ծրագրով նշված տարածքում կկառուցվի նաև ճոպանուղի, հյուրանոց և զիփլայն:
Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար), XI-XIX դարերի խաչքարեր:
Նոր ձևավորվող երթուղիները մասնավորապես միտված են սեզոնայնությունը մեղմացնելուն, ուղղված են զբոսաշրջային գրավչության վերոնշյալ երկրորդական վայրերը դարձնել առավել հասանելի: Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, սունկի, ուտելի բույսերի հավաքչության տուրեր, գաստրոտուրեր և այլն:
Այս ծրագրերի իրականացումը կնպաստի տարածաշրջանը զբոսաշրջության առումով գրավիչ և մրցունակ վայր դարձնելուն ( հիմնականում արկածային և էկոզբոսաշրջություն նախընտրողների համար):