Կոտայքի Մեղրաձորում հող այդքան շատ չեն մշակում. հիմնականում աշխատում են հանքում։ Նրանց մեջ կան նաև շատ ապօրինի հանքափորներ (որոնց տեղացիներն ասում են «չղջիկներ»)։
Կաթ, թե՞ ոսկի
Ահա այն հաշվարկը, որը կատարում են մեղրաձորցի տղամարդիկ (հատկապես երիտասարդները, ովքեր ուզում են ավելի շատ փող վաստակել)։ Հայաստանում մի կովից մեկ տարում կարելի է 2-2.5 տոննա կաթ ստանալ և վաճառել այն 300-400 հազար դրամով։ Նույնքան կարելի է ստանալ 15 գրամ ոսկի վաճառելով, ընդամենը մեկ–երկու շաբաթում։ Նման հաշվարկն է, որ նախանցած գիշեր ողբերգական է դարձել երեք հոգու համար։ Նրանք սարի խորքն են մտել 50-100 մետր և միացրել իրենց մեծ դրելներն ու դիզել-գեներատորները («դվիժոկ») (չէ որ սարի խորքում հոսանք չկա)։ Այդ նեղվածքում էլ շնչահեղձ են եղել «դվիժոկի» շմոլ գազից։
Գյուղապետ Նարեկ Հարությունյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել։
«Հերիք է, անընդհատ նման բաներով հետաքրքրվեք։ Ումից ուզում եք հարցրեք, ինձ հանգիստ թողեք», – հայտարարեց նա։
Հանքավայրի տնօրեն Վարդան Մարգարյանը խնդրեց իրեն չնկարահանել։ Առանց այդ էլ ամբողջ օրը ոստիկանների և քննիչների հարցերին է պատասխանում, մամուլի ժամանակը չէ։ Բայց զրուցել այնուամենայնիվ համաձայնեց։
Ոսկե «գողոն»
Նույնիսկ եթե հանքի տնօրինությունը լքված թունելները լցնում է քարով ու հողով, «չղջիկներն» էլի կարողանում են անցնել. նրանք և՛ բահ ունեն, և՛ քլունգ։ Իսկ ամենակարևորը` գիտեն, թե որտեղ անեն իրենց գործը։
Ապօրինի հանքափորներից ոմանք հանքավայրի նախկին աշխատակիցներ են. նրանք գիտեն` որտեղով են անցնում ոսկու երակները և որտեղ փնտրել ոսկու մնացորդները։ Բավարար է մեկ իմացող մարդ լինի, հավաքի իր եղբայրներին կամ ընկերներին և ցույց տա, թե որտեղ է պետք փորել։
Ապօրինի հանքափորներ կան նաև մյուս հանքավայրերում, սակայն Մեղրաձորում նրանց ավելի հեշտ է, քանի որ այստեղ ոչ թե բաց հանք է, որտեղ ամեն ինչ ի տես է, այլ՝ փակ հանքահոր։ Բացի այդ, Մարգարյանի խոսքով, հանքավայրն էլ այդքան մեծ չէ, ինչպես Սոթքի կամ Շահումյանի դեպքում, անվտանգության աշխատակիցներ պահելն այստեղ ձեռք չի տալիս։ Այսքանին գումարած` հանքն ունի տասնյակ ուղիներ, և «ամեն մի ծակին» հետևելը, տնօրենի խոսքով, պարզապես անհնար է։
Էլի փոքր հանքեր կան, բայց դրանց ավելի հեշտ է։ Օրինակ, Մղարթի հանքը Ծառուկյանինն է , Մարգարյանը բացատրում է, որ նրա «ախռանան» այսօր արդեն այդքան էլ «արխային» չէ, ինչպես նախկինում, բայց մեկ է՝ նրանցից զգուշանում են։ Բացի այդ էլ այնտեղ հանքը բաց է, ու ամեն ինչ՝ աչքի առաջ։
«Չղջիկները»՝ յուրաքանչյուրն իր հատվածում, մեկ ամսում միասին կարող են 50-100 գրամ ոսկի տանել։ Այդքան էլ մեծ թիվ չէ (ամսական ձեռնարկությունը 8-10 կգ է հանքարդյունահանում), սակայն փոքր էլ չէ։ Տնօրենի խոսքով` ոսկի կարող են տանել նաև հանքի օրինական աշխատակիցները։
«Օրինակ` հանքի աղքատ հատվածներում շատերի մոտ հորատանցումը 2-3 անգամ արագ է ստացվում, քան հարուստներում ։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ նրանք ավելի երկար են կանգ առնում։ Վարպետը մի րոպեով աչքը թեքեց, թե չէ, աշխատողը մի կտոր իր համար կոտրեց և դրեց կուրտկայի գրպանը կամ սապոգի մեջ։ Մեկ-մեկ վարպետն էլ կարող է նրանց հետ փայ մտնել», – ասում է Մարգարյանը և հավելում, որ բնականաբար, հանքում կան նաև բարեխիղճ աշխատողներ, բոլորին մեղադրելը չափազանց անարդար կլինի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am