Թուրքիայի ներկայիս իշխանության վարքագիծը Հախվերդյանին չի զարմացնում։ Որևէ այլ բան ակնկալել չէր էլ կարելի, սակայն թուրք մտավորականության ոչ բոլոր ներկայացուցիչներն են կիսում այդ դիրքորոշումը։ Շատերը հասկանում և ընդունում են 105 տարի առաջ տեղի ունեցածը։
Հախվերդյանը Sputnik Արմենիային է ներկայացրել տարբեր ժամանակների թուրք քաղաքական և հասարակական գործիչների մի շարք նամակներ, որոնք ուղղված էին մեծ հայերին` հանրահայտ ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյին, Կոմիտասին և քաղաքական գործիչ Գարեգին Խաժակին։ Բոլոր այդ նամակները ներառվել են «Պատասխան`100 տարի անց» համանուն նախագծի պատկերագրքում։
Վերնոյի և Աքարջալիի լեզվակռիվը
Բոլոր ժամանակների Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն ամենից վառ ներկայացնում է Թուրքիայի կառավարության անդամ, առողջապահության նախարար և Եվրահանձնաժողովում Թուրքիան ներկայացնող Բյուլենտ Աքարջալիի պատասխանը հայտնի ֆրանսիացի ռեժիսոր Անրի Վերնոյին (Աշոտ Մալաքյան)։ Հեռավոր 1995 թվականին բորբոքված հեռահար բանավեճը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել։
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Վերնոն 1995 թվականին Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի նախաշեմին ելույթ ունենալով ֆրանսիական V ալիքով, ընդգծել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, նա նաև ներկայացրել էր 1915 թվականի իրադարձությունների մանրամասները։ Դրան հաջորդել էր Թուրքիայի իշխանությունների արձագանքը։
Մասնավորապես, Վերնոն նամակ էր գրել վերոնշյալ Աքարջալին, խոստովանելով, որ ռեժիսորի ելույթն իրեն, մեղմ ասած, զայրացրել է։ Վերնոյին նա անվանել էր «զգացմունքներ վաճառող», որը ատելություն է սերմանում, միաժամանակ մանիպուլյացիայի ենթարկում հայկական սփյուռքի և ֆրանսիացիների հույզերն ու զգացմունքները։
«Ձեզ համար բավարար չէ միայն հայ–թուրքական թշնամանքի հրահրումը, հանուն Ձեր մութ խաղերի Դուք փորձում եք ձեր անձնական ձևաչափը փաթաթել Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների վզին, ինչպես նաև քրիստոնեա-մահմեդական հարաբերությունների։ Դուք անցյալով եք ապրում, և միայն արյան հոտը կարող է Ձեզ սթափեցնել», – մեջբերում է Հախվերդյանը Աքարջալիի նամակը։Նա պնդում է, որ «ոչ ոք 1915 թվականի դեպքերի հետ կապված` Վերնոյի կարծիքը չի կիսում», փաստերն իբրև թե խոսում են Վերնոյի դեմ, իսկ դա նշանակում է` «նաև Ցեղասպանությունը ճանաչելու պահանջի վերաբերյալ` ողջ հայության»։
Հախվերդյանի խոսքով` նամակում նկատվում է նաև սփյուռքահայերին Հայաստանից անջատելու` Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am