Նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները հուլիսի 18-ից կարող են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում։ Եգիպտոսի կառավարության որոշմամբ՝ այդ թվում հայաստանցի զբոսաշրջիկների համար բաց կլինեն այդ երկրի սահմանները։ Հայաստանյան ավիաընկերություններն ու տուրիստական գործակալություններն էլ որոշել են օգտվել այս հնարավորությունից և զբոսաշրջիկներ ուղարկել Եգիպտոս։
Թեպետ կանոնավոր չվերթների համար Հայաստանի օդային սահմանը դեռ փակ է մնալու, սակայն չարտերային թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները փորձում են զբոսաշրջիկներ տեղափոխել Եգիպտոս՝ տուրփաթեթներ առաջարկելով հաճախորդներին։
Արտակարգ դրության շրջանում Հայաստանից դեպի Եգիպտոս առաջին չարտերային թռիչքը նախատեսվում է իրականացնել հուլիսի 18-ին՝ AMC AIRLINES ավիաընկերության կողմից։ Հայաստանում այս ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Տուր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միրաքյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Եգիպտոսի կառավարությունը հուլիսի մեկին պաշտոնապես հայտարարել է, որ ընդունելու է ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
«Զբոսաշրջիկներին օդային սահմանով ընդունելու են Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում՝ առանց թեստավորման, ուղղակի ջերմաչափելով։ Հիմնվելով Բելառուսի փորձի վրա՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք մեկ շաբաթ, 10 և 14-օրյա հանգիստ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա քաղաքներում»,- ասաց Միրաքյանը։
Ըստ նրա՝ այս գործընթացում խնդիր է հանդիսանում միայն այն, որ Եգիպտոսից Հայաստան վերադառնալուց հետո մարդիկ պետք է 14 օր մեկուսանան։ «Դարձյալ հիմնվելով միջազգային փորձի վրա, օրինակ, Ուկրաինայի փորձի վրա, որ այլ երկրներից վերադարձողների համար օդանավակայաններում կազմակերպում են թեստավորում, և թեստի բացասական պատասխանի դեպքում մարդը կարող է և չինքնամեկուսանալ, մենք փորձում ենք այդ ճանապարհով գնալ։ Ներկայում փորձում ենք ստանալ ՀՀ համապատասխան մարմինների դրական պատասխանը, որ կարողանանք այդ նույն թեստավորումն իրականացնել մեզ մոտ՝ Զվարթնոց օդանավակայանում, որպեսզի թեստի բացասական արդյունքի դեպքում մարդիկ չինքնամեկուսանան։ Բայց դեռ այդ ուղղությամբ համաձայնություն չկա»,- նշեց նա։
Ըստ Ալեքսանդր Միրաքյանի՝ այսօր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստանից մեկնելու արգելք չկա։ Խնդիրը երկիր մուտք գործելիս է առաջանում, երբ մարդիկ պետք է անպայման ինքնամեկուսանան։ «ՀՀ քաղաքացիներին տարբեր երկրներ չեն ընդունում, բայց քանի որ Եգիպտոսը պաշտոնապես հայտարարել է, որ հուլիսի մեկից ընդունում է, մեր քաղաքացիները կարող են գնալ ու հանգստանալ այնտեղ»,- հավելեց նա։
Եգիպտոսի կառավարությունը նաև հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությունը պատրաստ է պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ցուցաբերել զբոսաշրջիկներին, ովքեր հանգստի շրջանում կվարակվեն կորոնավիրուսով ու հիվանդանոցային բուժման կարիք կունենան։
Ալեքսանդր Միրաքյանի խոսքով՝ նման քայլի գնալով՝ մեծ պատասխանատվություն են ստանձնում իրենք, պարզապես դա միակ տարբերակն է այս փուլում վերակենդանացնելու արտագնա տուրիզմը։
Նրա խոսքով՝ նախքան համավարակը Հայաստանում մոտ 4000 մարդ էր զբաղված տուրիստական գործակալություններում։ Այսօր այդ մարդիկ գործազուրկ են։ «Սա հնարավորություն է որոշ չափով վերակենդանացնել այս ոլորտը։ Բացի դա, արդեն 5-րդ ամիսն է՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում հանգստի մեկնել ծովային հանգստավայրեր, մարդկանց մոտ հոգեբանական լարվածություն կա։ Այս քայլով ուզում ենք նաև նպաստել, որ այդ հոգեբանական լարվածությունը որոշ չափով նվազի»,- հավելեց Միրաքյանը։
Դեպի Եգիպտոս տուրփաթեթներն այս օրերին վաճառում է նաև «Շելբի տուր» ընկերությունը, որի տնօրեն Մարինա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն փաթեթներն ամրագրողներ կան։ Ամրագրողների թվում են անգամ մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներ։ Նրա խոսքով՝ հուլիսի 25-ից Հայաստանից դեպի Եգիպտոս չարտերային չվերթներ նախատեսում է իրականացնել նաև FLY EGYPT ավիաընկերությունը։
«Մենք մեր արտերկրի գործընկերներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք արդեն Հայաստանից ստացել են նոտա, որ օդային սահմանը կանոնավոր չվերթների համար փակ կմնա մինչև օգոստոսի 15-ը։ Բայց դեպի Եգիպտոս չվերթներ իրականացնող այս երկու ավիաընկերություններն էլ չարտերային թռիչքներ են իրականացնում։ Քանի որ հիմա չարտերային թռիչքներ իրականացվում են Հայաստանից, հույս կա, որ դեպի Եգիպտոս թռիչքների առումով ևս խնդիր չի լինի»,- ասաց Մարինա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ չվերթների իրականացման դեպքում հետևյալ իրավիճակն է լինելու։ Քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ջերմաչափվելու է, եթե չունենա ջերմություն, նրան կթույլատրիվի մեկնել։ «Երբ հասնում է Եգիպտոս, էլի ջերմաչափվում է, եթե չի ունենում 37 աստիճանից ավելի ջերմություն, իրեն տանում են հյուրանոց»,- ասաց Մարինա Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ եթե արդեն Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկի ինքնազգացողությունը վատանում է, իրեն տանում են հյուրանոցի բուժկետ։ Եթե կասկածներ լինեն, որ մարդը վարակված է, անվճար թեստավորում են իրականացնելու։ Եթե թեստի պատասխանը դրական լինի, անձին մեկուսացնելու են նույն հյուրանոցի հատուկ մասնաշենքում, որը նախատեսված է կորոնավիրուսով վարակակիրների համար։
«Իրենք այնտեղ մնալու են 14 օր, այդ 14-օրյա կեցությունը հոգալու է և այստեղի տուրօպերատորը, և Եգիպտոսի ընդունող կողմը, այդ անձը ոչինչ չի վճարելու։ Եթե մարդու վիճակը ծանրանա, նրան տեղափոխելու են Եգիպտոսի հիվանդանոց։ Եվ Եգիպտոսի կառավարությունն իր վրա է վերցնում վարակակիրների բուժման բոլոր ծախսերը։ Բայց հաշվի առնելով, որ մենք խոսում ենք Եգիպտոսի մասին, որպեսզի մարդը շատ լավ պաշտպանված լինի, ես խորհուրդ եմ տալիս առողջապահական ապահովագրություն վերցնել, որը միջազգային է համարվում և թանկարժեք է, բայց ապահովագրում է բոլոր ռիսկերից։ Բայց, կրկնում եմ, ներկա պահին Եգիպտոսի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի իրենց տուրիզմը զարգանա»,- նշեց Մարինա Ավետիսյանը։
Այս փուլում Եգիպտոսի հյուրանոցները 50 տոկոս ծանրաբեռնվածությամբ են աշխատելու։ Հայաստանյան տուրիստական գործակալությունները տեղեկացվել են, որ հյուրանոցներում զբոսաշրջիկների համար ապահովվելու են անվտանգության բոլոր կանոնները։