Այս տարվա տուրիզմը Վրաստանում ձախողված է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս տարվա տուրիզմը Վրաստանում ձախողված է

«Այս տարվա տուրիզմը Վրաստանում ձախողված է»։ Հայտարարում են արդեն մի քանի ամիս  գործազուրկ դարձած ոլորտի հազարավոր ներկայացուցիչները։ Նրանք շարունակում են պահանջել իշխանություններից կատարել խոստումը՝ համավարակի պայմաններում Վրաստանը դարձնելու աշխարհում զբոսաշրջիկների համար առաջին բաց երկիրը։

Վրաստանի կառավարությունն առանց պայմանների արդեն սահմանները բացել է միայն հինգ պետության քաղաքացիների համար, այդուհանդերձ պարզ չէ, թե արդյո՞ք այս տարի զբոսաշրջային ոլորտն ընդհանրապես կկայանա երկրում, թե՝ ոչ։  

Վրաստանում տարվա այս օրերին թերևս առաջին անգամ բացակայում են հովանոցներով շրջող էքսկուրսավարները։ Այս մասնագիտությունը վերջին տարիներին ամենատարածվածներից է Վրաստանում։ Էքսկուրսավարների ասոցիացիայի կողմից որակավորում ստացած հազարավոր գիդերի կողքին քիչ չեն նաև առանձին նման ծառայություն մատուցողները։ «Մենք ապրում ենք տուրիզմով» նման կոչերով նրանք հովանոցներով ֆլեշ-մոբեր են անցկացնում երկրի տարբեր շրջաններում՝ նշելով, որ մարտից գործազուրկ են։ Ռուսախոս զբոսաշրջիկներին ուղեկցող ու երկրի մշակութային հատվածը ներկայացնող Եկատերինա Լոմաձեն ասում է․

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է աշնանը սպասվելիք վիրուսի երկրորդ ալիքի մասին, նշանակում է մենք հույսեր չպիտի ունենանք այդ շրջանում սեզոնի ակտիվացման շուրջ։ Միակ հույսը, որ օգոստոսին մի գուցե շարժ նկատվի, բայց դա էլ աննշան կլինի»։

Վրաստանն արդեն առանց պայմանների հինգ պետության համար բացել է օդային սահմանը։ ԵՄ-ի ևս 13 երկրի քաղաքացիներ կարող են մուտք գործել Վրաստան, սակայն նրանք ստիպված կլինեն երկշաբաթյա կարանտին անցնել։

Վրաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասն ավանդաբար հարևան երկրներից է, այդ երկրները, սակայն, այսօր վարակի տարածման «կարմիր գոտում» են․ ցամաքային սահմանները դեռ փակ են։

«Այս տարի երկրի տուրիզմը կգործարկվի հինգ տոկոսով միայն, արդեն կարելի է ասել՝ 2020-ի երկրի տուրիզմը ձախողվել է, իսկ գիդերի անհրաժեշտություն, բնականաբար այս տարի չի լինի»,- ասում է Լոմաձեն։

Վրաստանն այս տարի ակնկալում էր 10 մլն զբոսաշրջիկի ընդունել։ Տուրիզմի համար պիկ համարվող այս ամիսներին, սակայն, մայրաքաղաք Թբիլիսիում ու երկրի տարբեր շրջաններում փակ են հուշանվերների, գինիների բազմաթիվ խանութներ, ինչպես նաև ռեստորաններ ու հյուրանոցներ։

Թիֆլիսահայ վաստակաշատ էքսկուրսավար Լարիսա Մխիթարյանը վերջին տարիներին առաջին անգամ անգործ է մնացել․ «Արդեն հինգերորդ ամիսն է, որ անգործ եմ։ Վերջին անգամ այս տարի աշխատեցի մարտի սկզբին։ Չեմ կարծում, թե այս տարի աշխատելու հնարավորություն լինի աշխատելու» ։

Նա նույնիսկ անցյալ տարի, երբ հակառուսական տրամադրություններ էին տիրում երկրում, բողոքի ակցիաներ, ռուս զբոսաշրջիկները գալիս էին, էքսկուրսավարներն էլ հիմնականում զբաղված էին։

Ասում է՝ «Իրենց քաղաքն ու երկիրը սիրող մեզանից շատերն են այդ սերը փոխանցել զբոսաշրջիկներին, ովքեր կրկին ուզում էին գալ՝ բացահայտելու Թիֆլիսի ու երկրի թաքնված մյուս վայրերը»։

Լարիսա Մխիթարյանը կարծում է, որ Վրաստանն ու հատկապես Թբիլիսին, որ նույնիսկ իր համար լիովին բացահայտված չէ, մշտապես՝ համավարակից հետո էլ, ձգելու է միլիոնավոր զբոսաշրջիկների։

armradio.am