Ութ երկրներ պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են ռուսաստանցի զբոսաշրջիկներին ընդունել որոշակի պայմաններով: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
«Դրանք են՝ Թուրքիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Մաքսիկան, Մալդիվյան կղզիները, Խորվաթիան, Եգիպտոսը եւ Արաբական Էմիրությունները: Այս երկրներն անվերապահ տուրիստական ուղղություններն են եւ բարձր պահանջարկ են վայելում ռուսաստանյան շուկայում»,-պատմել Է նա: Դրա հետ մեկտեղ Լոմիձեն նշել Է, որ ամենուրեք գործում են որոշակի սահմանափակումներ:
Մեծ մասամբ խոսքն այն մասին Է, որ սահմանը հատող զբոսաշրջիկը պետք Է տեղեկանք ունենա COVID-19-ի բացակայության մասին: Նա հավելել Է, որ մոտ ժամանակներս երկրների ցուցակը, որոնք պատրաստ են սահմանները բացել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, կարող Է համալրվել: «Հուլիսի տասնվեցին հասկանալի կլինի, թե կբացվի արդյոք Աբխազիան, երկու օրվա ընթացքում Իտալիան խոստացել Է պատրաստել երկրների նորացված ցուցակը, մինչեւ հուլիսի վերջը տեղեկություն Է սպասվում Իսպանիայի մասին»,-նշել Է ՌՏՕԱ-ի գործադիր տնօրենը: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ռոսավիացիան մշակել Է միջազգային ավիահաղորդակցությունների փուլային վերականգնման սխեման: Առաջին հերթին թռիչքները կարող են վերսկսել նպաստավոր համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներում: