Ի՞նչ հիվանդություն ուներ Մսրա Մելիքը․ «Սասնա ծռեր» էպոսում կարող է Կլայն-Լեւինի համախտանիշի աշխարհում առաջին հիշատակումը լինել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հիվանդություն ուներ Մսրա Մելիքը․ «Սասնա ծռեր» էպոսում կարող է Կլայն-Լեւինի համախտանիշի աշխարհում առաջին հիշատակումը լինել

«Սասնա ծռեր» հայկական էպոսում կա շատ հետաքրքիր դրվագ, որը վաղուց գրավել է նյարդաբան եւ քնի խանգարումների մասնագետ Սամսոն խաչատրյանի ուշադրությունը․ Էպոսի հերոսներից Սասունցի Դավիթը գալիս է իր հակառակորդ Մսրա Մելիքի մոտ եւ նրան քնած գտնում։ Պահապաններն ասում են, որ նրան արթնացնել չի կարելի, նա պետք է 7օր քնի, որից հետո ինքը կարթնանա։

Դավիթ քշեց իր ձին, գընաց,

Մելքի վրանի դուռ կայնեց.

Տեսավ՝ Մելիք վրանի տակ

Մեջ վերմակին կոլոնվե՝ պառկե։ (…)

Դավիթ արաբներին ասաց.

— Վե՛ր հանեք էդա ձեր աղեն,

Կանչեք, Մելիք թող դուրս գա դուռ։

Էդ արաբներ ասին.

— Մենք չենք կարնա, էնի յոթըն օր տի քնի։

Իրե՛ք անցե, չո՛րս օր էլ կա, որ վեր էլնի։

Ինչո՞ւ էր Մսրա Մելիքը քնում հենց 7 օր: Եթե պահապանները գիտեին, որ նա արթնանալու է 4 օրից, նշանակում է, որ նա պարբերաբար ունենում էր երկարատեւ քնի նման դրվագներ: Անշուշտ այս մարդը ինչ-որ հազվագյուտ ու հետաքրքիր հիվանդություն ուներ… Այս մտքերը երկար տարիներ հանգիստ չեն տվել բժշկին:

Երբ Սամսոն Խաչատրյանը սկսեց ուսումնասիրել քնի բժշկությունը եւ քնի հայտնի խանգարումները, նա իմացավ Կլայն-Լեւինի համախտանիշի մասին եւ հասկացավ, որ Մսրա Մելիքը հենց այս համախտանիշն ուներ:

Իր ենթադրությունների մասին բժիշկ Խաչատրյանը պատմեց հայտնի նյարդաբան եւ քնի խանգարումների մասնագետ Հրայր Աթարյանին, եւ նա համաձայնեց՝ Էպոսում նկարագրվածն իրոք շատ նման էր Կլայն-Լեւինի համախտանիշին:

Սրա հետ համաձայնեցին նաեւ համաշխարհային հռչակ վայելող Sleep Medicine գիտական ամսագրի խմբագիրները, որտեղ բոլորովին վերջերս հրապարակվեց Սամսոն Խաչատրյանի (Քնի խանգարումների «Սոմնուս» կենտրոն, Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության բաժանմունք, Հայաստան) եւ Հրայր Աթարյանի (Քնի խանգարումների կենտրոն, Հյուսիսարեւմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկության դպրոց, ԱՄՆ) հեղինակած «Կլայն-Լեւինի համախտանիշի հնարավոր նկարագրությունը միջնադարյան հայկական «Սասնա ծռեր» էպոսում»: Հոդվածի նկարազարդումները նկարիչ Հակոբ Կոջոյանի աշխատանքներից են (1922թ․):

Այս հոդվածի վրա աշխատելիս Սամսոն Խաչատրյանն ուսումնասիրեց էպոսի բազմաթիվ տարբերակները (ընդհանուր առմամբ, դրանք մոտ 160-ն են), որոնք միայն ամրապնդեցին Մսրա Մելիքի հիվանդության մասին նրա ենթադրությունը՝ 7-օրյա քնի դրվագը կար բոլոր տարբերակներում, առանց բացառության:

Կլայն-Լեւինի համախտանիշը շատ հազվադեպ նյարդաբանական խանգարում է, որը բնութագրվում է չափազանց քնկոտության (հիպերսոմնիա) պարբերական դրվագներով: Այս համախտանիշն ունեցող մարդն իր ժամանակի մեծ մասը զգում եւ իրեն պահում է ինչպես բոլոր մնացած մարդիկ: Սակայն երբեմն նա ունենում է հիպերսոմնիայի դրվագներ, երբ օրվա մեծ մասը քնում է, միայն երբեմն արթնանում է՝ ուտելու եւ զուգարան գնալու համար: Արթուն ժամանակ մարդու գիտակցությունը բոլորովին այնպես չի աշխատում, ինչպես սովորաբար՝ նրա մոտ կարող է արտահայտվել հիպերսեքսուալություն, հիպերֆագիա (շատակերություն) կամ, ընդհակառակը, անորեքսիա, ընկալման խանգարում կամ կոգնիտիվ դիսֆունկցիա:

Այս հիվանդության ծագման եւ բուժման վերաբերյալ շատ բաներ դեռեւս անհայտ են, քանի որ այն ծայրահեղ հազվադեպ է՝ համարվում է, որ այս համախտանիշը հանդիպում է միլիոնից 1 մարդու մոտ: Ներկայումս Հայաստանում Կլայն-Լեւինի հաստատված համախտանիշով կա միայն մեկ պացիենտ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սամսոն Խաչատրյանը, այսօր ընդունված ախտորոշիչ չափանիշների համաձայն, Կլայն-Լեւինի համախտանիշի մասին կարելի է խոսել, եթե քնկոտության դրվագների ժամանակ (որոնք կարող են տեւել 2-5 շաբաթ) պացիենտը ունենա վերը նշված խախտումներից թեկուզ մեկը: Ընդ որում, դրվագներից դուրս այս բոլոր խնդիրները պացիենտը չի ունենում:

Ըստ էպոսի նկարագրության դժվար է հասկանալ՝ բնորոշ էր արդյոք Մսրա Մելիքին հիպերսեքսուալությունը կամ շատակերությունը, բայց հաստատ կարելի է ասել, որ նա ընկալման խանգարում ուներ: Այդ մասին է վկայում հետեւյալ դրվագը, որտեղ Մսրա Մելիքը, որին փորձում էին արթնացնել, չի հասկանում, որ իր ոտքերին շիկացած երկաթ է կպչում.

Էլան՝ շամփուր կարմրցուցին,

Դրին Մելքի ոտների տակ։

Ասաց.— Օ՜ֆ, աղջիկներ,

Ինչի՞ իմ տեղ լավ չեք շինե.

Լու կա իմ տեղ, ինձ կը խածե։

Ասաց, էլի մնաց քնուկ։

Բերին՝ գութնի խո՛փ մի կարմրցուցին,

Դրին էնոր ոտների տակ։

Ասաց.— Օ՜ֆ, մեջ իմ տեղաց ինչքա՜ն լու կա։

Ինձ կը խածեն, չեն թողնի՝ ես քնեմ։

Դավիթ էդտեղ չը համբերեց, քաշեց նիզակ,

Զարկավ, Մելքի կրունկ ծակեց։

Այն, որ նրան այդքան դժվար էր արթնացնելը, նույնպես շատ բնորոշ է Կլայն-Լեւինի համախտանիշին:

Գիտական հոդվածի հեղինակների խոսքերով՝ առայժմ դժվար է ասել, թե որ պատմական անձնավորությունն է որպես նախատիպ ծառայել Մսրա Մելիքի կերպարի համար, բայց այդ մարդն, ամենայն հավանականությամբ, իսկապես ունեցել է Կլայն-Լեւինի համախտանիշ: Քանի որ սա շատ հազվագյուտ վիճակ է, այն կարծես հիշվել է մարդկանց կողմից եւ արտացոլվել է պոեմում:

«Ռամայանա»-ում նկարագրվել է նմանատիպ խանգարումով կերպար, բայց այնտեղ, ամենայն հավանականությամբ, խոսքը հիպոթալամիկ համախտանիշի մասին է: Ամենայն հավանականությամբ, մեր էպոսում Մսրա Մելիքի հետ կապված դրվագը պատմության մեջ այս համախտանիշի ամենավաղ նկարագրությունն է: Այն գիտական գրականության մեջ առաջին անգամ նկարագրվել է 1925 թվականին»,- ասաց բժիշկ Խաչատրյանը:

Sleep Medicine-ում հրապարակված հոդվածի նշանակությունը ոչ միայն այն է, որ այն պատմում է էպոսում հիշատակված այդպիսի հազվագյուտ համախտանիշի մասին, որը թվագրվում է 8-9-րդ դարերին, այլ նաեւ այն, որ ուշադրություն է հրավիրվել հայկական էպոսի եւ մշակույթի վրա՝ շատ գիտնականներ արդեն հետաքրքրվել են այս հոդվածով եւ կապ են հաստատել դրա հեղինակների հետ՝ ավելին իմանալու համար:

Ավելի մանրամասն՝ news.am