1914թ. սկսված Առաջին աշխարհամարտն առիթ դարձավ երիտթուրքերի դարավոր երազանքի իրականացման համար` մաքրել տերության սահմանները ոչ թուրքական համայնքներից: Այդպես սկսվեց մանրամասնորեն մշակված ցեղասպանության պետական ծրագրի իրագործումը:
Քաղաքական իրավիճակն ու մուսալեռցիների որոշումը
Դարերի ընթացքում պատմական տարբեր իրադարձությունների արդյունքում ու ազդեցությամբ Սուեդիայի շրջանում՝ Մուսա լեռան շրջակայքում ձևավորվել էր հայկական 6 գյուղ՝ Յողուն Օլուք, Խըդըրբեկ, Քաբուսիե, Բիթիաս, Վաքըֆ, Հաջի Հաբիբլի։ 20-րդ դարի սկզբներին Սուեդիայի հայկական գյուղերում ապրում էր մոտ 6000 հայ:
1915 թվականի հուլիսի վերջերին Քեսապի հայ բնակչությանը տեղահանելու հրաման տրվեց: Գույժն արագորեն նաև Սուեդիա հասավ: Պարզ էր, որ հաջորդն իրենք էին լինելու։ Հուլիսի 29-ին Յողուն Օլուքում՝ քահանա Տեր Աբրահամ Գալուստյանի տանը, հավաքվում են 6 գյուղերի երևելիները՝ վճռելու իրենց անելիքը՝ ի՞նչ անել՝ ենթարկվե՞լ բռնագաղթի հրամանին, թե՞ մնալ և դիմադրել։ Մեծամասնությունը դիմադրության կողմնակիցն էր՝ վստահ լինելով, որ փրկության միակ ճանապարհը դա է։
«Հրացանը ձեռքիս այստեղ կմեռնեմ, բայց գաղթական չեմ դառնա»․ այս որոշումով մոտ 4000 հայ միացավ դիմադրության գաղափարին, իսկ գրեթե 2000-ը որոշեց ենթարկվել երիտթուրքական հրամանին։
Ապստամբության սկիզբը
Դիմադրության համար իբրև հենակետ ընտրվեց Մուսա լեռը: Դիմադրությանը միացածներից շատերը կանայք, ծերեր և երեխաներ էին, և միայն մոտ 700-ն էին մարտունակ: Թուրքական իշխանությունները թեպետ գիտեին, թե ինչ է կատարվում, բայց առանձնապես վտանգ չէին տեսնում՝ վստահ լինելով, որ ապստամբների հարցերը շատ արագ կլուծեն։
Առաջին մարտը օգոստոսի 7-ին է տեղի ունենում․ թուրքերը հարձակվում են փոքր ուժերով՝ վստահ լինելով, որ հայերի հարցերը մի քանի ժամում կլուծեն, սակայն արագորեն հետ են շպրտվում, մի քանի օր անց կրկնում են հարձակումը՝ կրկին անարդյունք։ Թուրքերի վստահությունը տագնապի էր վերածվում: Օգոստոսի 19-ին թուրքերը նորից են հարձակվում՝ այս անգամ մեծաքանակ զորքով՝ գրեթե 5000 զինվորով, նրանց էին միացել շրջակա բնակավայրերից ևս մի քանի հազար մահմեդականներ։ Անհավասար կռվին բոլորն էին մասնակցում՝ կանայք քարեր էին նետում, երեխաներն ապահովում էին կապը մարտիկների միջև։ Հասկանալով, որ այսպես գործը գլուխ չեն բերի՝ թուրքերն այլ մարտավարություն են ընտրում՝ 15.000-անոց բանակով պաշարելով Մուսա լեռը։
Զինամթերքն ու սննդի պաշարը վերջանում էին… Պայքարի առաջնորդներից Տիգրան Անդրեասյանը սպիտակ սավանի վրա անգլերեն տառերով գրում է «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք» և ծովահայաց ամրացնում լեռան գագաթին: Սրա կողքին տեղադրվում է երկրորդ դրոշակը՝ կարմիր խաչով:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am