Հայերը Հնդկաստանում կենտրոնացած էին հիմնականում Բենգալիա նահանգում, որը ցանկանում էին նվաճել անգլիացիները: Նրանց նպատակը Հնդկաստանը հպատակեցնելն էր, ինչպես նաև՝ հայկական կապիտալին հարվածելը, քանզի հնդկահայերը անգլիացիների համար համաշխարհային առևտրում հզոր մրցակից էին:
Եվ անգլիական բանակը արշավեց Բենգալիա՝ ծնկի բերելու ապստամբներին: 1760 թվին Բենգալիայի կառավարիչ նշանակվեց Միր Կասիմը, որը ապստամբություն բարձրացրեց անգլիացիների դեմ: Նրա բանակի հրամանատար է նշանակվում Գեորգի Հարությունյանը: Վերջինս Սպահանում ծնված հայ խոջայական ընտանիքի զավակ էր, որը հաստատվել էր Հնդկաստանում՝ բազմապատկելով իր ընտանեկան կապիտալը: Գրիգոր Հարությունյանը մինչև պատերազմը զբաղվում էր հագուստի և մետաքսի առևտրով: Ստանձնելով Միր Կասիմի բանակի հրամանատարությունը՝ նա կարճ ժամանակում զենք-զինամթերքի արտադրություն կազմակերպեց, հայ-հնդկական միացյալ բանակ կազմեց ու մարտադաշտ դուրս եկավ:
Նրա գլխավոր զինագործը հայազգի Շահ Նազարն էր, որը հմուտ էր թնդանոթների արտադրության գործում: Շահ Նազարը հետագայում պատրաստեց Ջամզամա՝ առյուծի մռնչյուն թնդանոթը, ինչը Հնդկաստանի ռազմարվեստի պատմության գլուխգործոցներից է համարվում: Միր Կասիմի բանակում անվանի զորահրամանատարներից էր Մարգար Քալանթարը, ով գեներալի կոչում ուներ, կանոնավոր ռազմական կրթություն էր ստացել Եվրոպայում, և Միր Կասիմը նրան նաև իշխանի տիտղոս շնորհեց ու փիղ նվիրեց: Իսկ Միր Կասիմի անվտանգության պատասխանատուն Հովհաննես Նազարն էր իր ջոկատով:
Գեորգի խանը շուտով ստեղծեց 15- հազարանոց հեծելազոր և 25- հազարանոց հետևակ` ընդամենը 12 գունդ, խիստ կարգուկանոնով, ուրույն ռազմակարգով, տեղում կազմակերպեց հրացանների արտադրություն, որոնք գերազանցում էին բրիտանական մուշկետներին: Խոջա Գրիգորը նաև հիմնեց հրանոթների ձուլման գործարան: Անգլիական հետախուզությունն իմացել էր հայերի կազմակերպած թնդանոթների գործարանի մասին, բայց մինչև մարտադաշտում դրանց կիրառումը չէր հավատում փաստին: Հետագայում նույն անգլիացիները բազմիցս խոստովանեցին, որ հնդկական բանակում կիրառվող զենքերը լավագույն զենքերն էին, որ նրանք երբևէ հանդիպել են աշխարհում:
Գեորգի խանի բանակում, ի թիվս այլոց, կռվում էին նաև հայազգի այլ հրամանատարներ` Մարգար Հարությունյանը, Ղազար Հակոբյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարկոս Հազարապետը, Գրիգոր Այվազյանը, Մելքում Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին… Մեծ էր հայերի դերակատարությունը Հնդկաստանում, և Միր Կասիմը հայերին սիրաշահելու համար երկրում վերացրեց բոլոր առևտրական հարկերը, իսկ հայերը պարտքի տակ չմնացին ու նրա բանակին մեծ նվիրատվություններ կատարեցին: Կռիվը սկսվում է, երբ անգլիացիները գրավում են Փաթանա ամրոցը: Գեորգի խանի հրամանով Մարգար Հարությունյանն ազատագրում է ամրոցն ու մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Գեորգին մի քանի փայլուն ճակատամարտեր է շահում, հազարավոր գերիներ ու ավար առնում: Շուտով անգլիացիների դրդմամբ խառնակչություն է տիրում ապստամբների ճամբարում: Միր Կասիմի մոտ ամբաստանում են Գեորգիին:
Սակայն Միր Կասիմը պատասխանում է, որ Գեորգիի խոսքն իր խոսքն է, գործը` իր գործն է: Բրիտանական հետախուզությունն անգամ գործին խառնում է Գեորգի խանի եղբորը՝ Աղա Պետրոսին, որը փորձում է համոզել եղբորը, որ նա կալանավորի Միր Կասիմին ու անցնի անգլիացիների կողմը: Հերոսի պատասխանն ազդու էր. ,Երբ ես ոչ մեկին հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ և բարձրացրեց: Ես դա անել չեմ կարող: Աստված մի արասցե, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվորեն ու մաքուր սրտով և հավատարիմ են մնում մինչև մահե:
Գեորգի խանն աչքի ընկավ հատկապես Սանթադարիայի ճակատամարտում: Ապստամբների ուժերը ղեկավարում էր ազգությամբ գերմանացի Սեմուրը, ում անփութության պատճառով անգլիացիները շրջապատեցին ապստամբներին և կոտորած սկսեցին: Սեմուրը փախուստի դիմեց: Բայց վրա հասած Գեորգի խանը ջախջախեց անգլիական զորքերը, որոնք մեծ կորուստներով ճողոպրեցին մարտադաշտից: Դրանից հետո Գեորգի խանը ազատագրեց Օրիսսա, Բիհար նահանգները: Գեորգի խանը միշտ շրջում էր առանց թիկնապահների, ինչը դարձավ նրա մահվան պատճառը: Անգլիացիները հասկացան, որ քանի դեռ ողջ է հայ զորավարը, այս պատերազմում իրենք կպարտվեն:
Եվ նրանք դավ կազմակերպեցին: Միր Կասիմի մահմեդական զորավարներից Ջանմահմադ Սաբր բեկն էր դավադրության գլուխը: Նա ճամբարում մոտենում է Գեորգի խանին ու պահանջում զինվորների աշխատավարձը: Խանը պատասխանում է, որ օր առաջ են աշխատավարձ տվել ու առաջ է անցնում: Այդժամ դավադիրն իր ընկերների հետ շրջապատում է Գեորգի խանին ու դաշունահարում: Դա 1763 թվականին էր. հայազգի հերոսն ընդամենը 33 տարեկան էր…
Ի պատասխան դրա՝ Միր Կասիմի հրամանով սպանվեցին երկրի բանտերում գերի պահվող բոլոր անգլիացիները: Գեորգի խանի սպանությունից հետո, անգլիացիները նվաճեցին Բենգալիան, որից հետո նրանք սոցիալական ճնշումներ սկսեցին հատկապես հայ խոջայական դասակարգի դեմ, ինչի հետևանքով Հնդկաստանն աստիճանաբար հայաթափվեց: