Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանը, կարծիք է հայտնել առ այն, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ տարածաշրջանային մեծ խաղի գործիքներն են, և հետևաբար՝ Ռուսաստանը պետք է հստակ գիտակցի իր շահերն այդ տարածաշրջանում, որպեսզի չլինի պասիվ դիտորդ, գրում է EAdaily-ը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ իրավիճակը Հարավային Կովկասում վերջին օրերին զարգանում է ծայրահեղ անցանկալի ուղղությամբ. Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, և գիտակցում են արդյո՞ք Ռուսաստանում իրադարձությունների նման դասավորվածության հնարավոր հետևանքները, փորձագետը նշել է, որ երկու երկրներն էլ՝ Հայաստանը և Ադրբեջանը, ամենևին էլ մանրակրկիտ նախապատրաստված ավանտյուրայի հիմնական սուբյեկտնները չեն, ավելի շուտ՝ այդ ավանտյուրայի գործիքներն ու զոհերն են:
«Հակամարտության հիմնական նախաձեռնողները, իմ կարծիքով, Թուրքիան և բրիտանական հատուկ ծառայություններն են, իսկ ուղղված է այդ գործողությունն ընդդեմ Ռուսաստանի և մասամբ Իրանի: Ահա թե ինչու Ռուսաստանի գործողություններն այս տարածաշրջանում պետք է թելադրված լինեն նախևառաջ ՌԴ-ի ռազմավարական շահերով, այլ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճը լուծելու ցանկությամբ»,- նշել է Լեպյոխինը:
Նրա խոսքով՝ Անկարան, դատելով թուրք քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարություններից, իրեն այլ կերպ է պահում. նա փաստացի վեճ է հրահրում Ռուսաստանի հետ:
«Իրերը պետք է իրենց անուններով կոչել. փաստացի Թուրքիան պատերազմ է սկսել Ռուսաստանի դեմ մեր համար ռազմավարական կարևոր տարածաշրջանում: Սկսել է Ադրբեջանի և արաբ ահաբեկիչների ձեռքով, իսկ Ռուսաստանում այդ փաստն իբրև թե չեն նկատում: Սակայն խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելուց այս անգամ չի ստացվի, սա այդ դեպքը չէ: Թուրքական լոլիկների արգելքը և սանիտարական միջոցներն այն մեթոդը չեն, որը կարող է սթափեցնել հանդուգն սադրիչին»,- կարծում է Լեպյոխինը:
Նշված տարածաշրջանում Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանին՝ որպես իր ռազմավարական դաշնակից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը բախվել է ցեղասպանության սպառնալիքին: Սակայն ամենակարևորը՝ Ռուսաստանը պետք է պաշտպանի առաջին հերթին իր ազգային շահերը:
«Եթե ՌԴ-ն պաշտպանում է իր շահերը հեռավոր սահմաններին, օրինակ՝ Սիրիայում, ապա ինչո՞ւ մենք չպետք է պաշտպանենք մեր շահերը մոտ սահմաններին՝ հենց նույն Ղարաբաղում: Առավել ևս, որ այստեղ բացահայտ է ռազմական գործողություններում տեղի բնակչության դեմ ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը»,- նշում է մասնագետը:
ԼՂ իրավիճակի դեպքում ռուսական ղեկավարությունը չունի այլընտրանք, քան կանգնեցնել թուրքական աճող փառասիրությունը Հարավային Կովկասում գերակայության ուղղությամբ:
«Ռուսաստանին բոլորովին պետք չէ, որ օսմանական վարակը տեղափոխվի Վրաստան, Աբխազիա, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիայի երկրներ և Վոլգայի մարզ»,-եզրափակել է Լեպյոխինը:
Ամբողջությամբ՝ tert.am