Ուժի համաշխարհային կենտրոնների կողմից ճնշումը Թուրքիայի վրա կարող է հակառակ արդյունքը տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արևելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իրինա Զվյագելսկայան։
«Ճնշումը Թուրքիայի վրա, հաշվի առնելով դրա ղեկավարի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բնավորության առանձնահատկությունները, իմ կարծիքով` հակառակ արդյունքի կհանգեցնի։ Էրդողանն ավելի է գնահատում, երբ նրան դիմում են երկխոսություն սկսելու, լուծման ուղիներ մտածելու առաջարկով»,-ասաց նա։
Ըստ փորձագետի՝ Էրդողանի մարտավարությունն ամենուր դիրքերն առավելագույնս ընդլայնելն է և առավելագույն դիվիդենտներ շահելը։
«Ինձ թվում է՝ Ղարաբաղը նույնպես բացառություն չէ։ Դա Թուրքայի հնարավորությունների ցուցադրություն է, այդ թվում՝ ռազմական հնարավորությունների, սա ուժի, ազդեցության և այլնի ցուցադրություն է»,-ասաց Զվյագելսկայան։
Նրա խոսքով՝ ոչ միայն Սիրիան, այլև բազմաթիվ այլ արաբական երկրներ Թուրքիայի գործողություններին մեծագույն անվստահությամբ են վերաբերում։
«Տարածաշրջանում թուրքական հավակնություները, որոնք բխում են թե՛ նեոօսմանիզմի գաղափարախոսությունից, և թե՛ առաջատար դիրք զբաղեցնելու ձգտումից, շատ արաբական երկրների անվստահությանն են հանդիպում։ Դա կարող է վերաբերել նաև, օրինակ, Եգիպտոսին, որն արդեն բախվել է Թուրքիայի նկրտումներին Լիբիայում»,-ասաց փորձագետը։
Նա ավելացրել է նաև, որ ԱՄԷ-ն նույնպես խիստ կասկածամտորեն է վերաբերում Թուրքիայի գործողություններին։ Այնտեղ կարծում են, որ Անկարան վտանգում է Էմիրությունների շահերը Լիբիայում և, մասամբ, Սիրիայում։
Հենց այդ պատճառով էլ արաբական երկրների համար Թուրքիայի դիրքերի ընդլայնումը Լեռնային Ղարաբաղում երևում է իբրև դրա ընդհանուր ամրապնդման բաղկացուցիչ, ինչը դիպչում է Մերձավոր Արևելքում նրանց շահերին։
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ դրանց օգտագործելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարում։ Այդ տեղեկությունները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։
Ֆրանսիան և Ռուսաստանը բարձրագույն մակարդակով մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության գոտու մարտական գործողություններում սիրիացի գրոհայինների մասնակցության կապակցությամբ։
Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս բացեիբաց հանդես է եկել ի աջակցություն հակամարտության գոտում Ադրբեջանի գործողությունների։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։