Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ`Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում և մասնավորապես ագրեսիվ պատերազմական գործողություններն Արցախի դեմ ի ցույց դրեցին այդ երկրի նկրտումները, սակայն Թուրքիան այդուհանդերձ չստացավ այն, ինչ ուզում էր և ըստ էության չհասավ հիմնական նպատակին։ Ըստ նրա` Ռուսաստանը Թուրքիային թույլ չտվեց, որ մասնակցի խաղաղապահ առաքելությանը կամ այդ նպատակին ծառայող զորամիավորումների գործունեությանը, ինչպես նաև որ Արցախում թուրք զինվորներ չտեղակայվեն։
«Այդուհանդերձ Թուրքիան կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը Հարավային Կովկասում Արցախի ու Հայաստանի նկատմամբ, ուստի զարմանալի չէ, որ Թուրքիան կուտակում է իր զինուժը Հայաստանի սահմանի հարևանությամբ և հետագայում դա կօգտագործի մեր երկրի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար»,– նշում է ակադեմիկոսը։
Սաֆրաստյանի կարծիքով` Թուրքիայի ծրագրերը շատ ավելի հեռուն էին գնում, քան Արցախին հարված հասցնելը, նրա հիմնական նպատակը Հայաստանն է, ուստի ցանկանում է շարունակել այն ցեղասպանության քաղաքականությունը, որը սկսել էին Աբդուլ Համիդն ու երիտթուրքերը, շարունակեց Մուսթաֆա Քեմալը և հիմա էլ ձգտում է իրականացնել Էրդողանը։
«Ասվածը հաստատվում է Թուրքիայի խորհրդարանի վերջին որոշմամբ, որի համաձայն` թուրքական զորամիավորումներ պետք է տեղակայվեն Ադրբեջանում, թեև դա ձևական բնույթ է կրում, որովհետև Ադրբեջանում արդեն իսկ գտնվում են թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները, հարյուրավոր սպաներ։ Նույնիսկ մամուլում շրջանառվում են գեներալների անունները, ովքեր ղեկավարել են Արցախի դեմ ուղղված ագրեսիան»,– նշում է ակադեմիկոսը։
Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիայի մեջլիսի որոշման ետևում մեծ ծրագրեր են թաքնված, որոնք առնչվում են մասնավորապես թուրքական մեծ ռազմաբազայի տեղակայմանը բուն Ադրբեջանում, թեև Նախիջևանում այդ գործընթացը տևական ժամանակ ընթացքի մեջ է, ուստի Թուրքիայի խորհրդարանը պարզապես կանաչ լույս վառեց այդ ամենի ճանապարհին։