Փետրվարին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր ավիաչվերթներ կիրականացվեն 12 երկրներ, հայտնում է երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել փետրվարի 1-ից վերականգնել կանոնավոր թռիչքները բոլոր ուղղություններով: 2020-ի մարտի կեսերին Վրաստանն ամբողջովին դադարեցրել էր ավիահաղորդակցությունը: Վրաստանից եւ հակառակ ուղղությամբ իրականացվել են միայն հատուկ չվերթներ` հայրենիք երկրի քաղաքացիների վերադառնալու համար: Ամռան կեսերից սկսվել է կանոնավոր թռիչքների վերականգնումը: Բայց համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքը մի քանի անգամ երկարաձգվել է:
Ներկայում Վրաստանից եւ հակառակ ուղղությամբ կարելի է թռչել Գերմանիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան եւ Բելառուս:
Շաբաթական երկու չվերթ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին, կիրականացվի դեպի Երեւան։ Թռիչքներ տեղի չեն ունենա միայն փետրվարի 3-ին եւ 7-ին: Փոխարենը նախատեսվում է լրացուցիչ չվերթ՝ փետրվարի 5-ին:
Վրաստան կարող են մուտք գործել ցանկացած երկրի քաղաքացիներ, եթե նրանք երկիր ժամանեն ինքնաթիռով եւ ներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական ընթացքի, այսինքն՝ երկու փուլի ավարտի մասին տեղեկանք:
Որոշակի զիջումներով կարող են երկիր մուտք գործել նաեւ ԵՄ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի քաղաքացիներն ու բնակիչները: Նրանք կարող են ներկայացնել ոչ թե պատվաստման տեղեկանք, այլ միայն վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Վրաստանում գտնվելու երրորդ օրը նրանք պարտավոր կլինեն կրկին թեստ հանձնել: