Հյուսիսային Վերածննդի դարաշրջանի մեծագույն գիտնական-հումանիստ: Նա պատրաստել և մեկնաբանություններով ներկայացրել է Նոր Կտակարանի առաջին հունարեն հրատարակությունը, սկիզբ դրել Սուրբ գրքի տեքստերի քննադատական հետազոտությանը և նպաստել անտիկ գրական ժառանգության` եվրոպական մշակույթ վերադարձնելուն: Լինելով հումանիտար գիտությունների` իր ժամանակի ամենահեղինակավոր գործիչներից մեկը` նա ստացել է Հումանիստների իշխան պատվանունը:
Էրազմ Ռոտերդամցին նաև իր ժամանակի լավագույն գրական գործիչներից էր: Նրա գրչին են պատկանում հիանալի հումորային ստեղծագործություններ, որոնցում ծաղրվում է մարդկային հիմարությունն ու անդաստիարակությունը: Դրանցից ամենահայտնին «Հիմարության գովքը» աշխատությունն է:
Մենք առանձնացրել ենք այդ ստեղծագործությունից 7 միտք:
- Ամենացածրորակ ոչնչությունը միշտ ամբոխին հիացմունք է պատճառում, քանի որ ի սկզբանե մարդկանց մեծ մասը վարակված է հիմարությամբ:
- Իմաստնությունը մարդկանց անհամարձակ է դարձնում, և այդ պատճառով էլ ամեն քայլափոխի տեսնում ես աղքատության, սովի, կեղտի մեջ անխնամ ապրող իմաստունների, ովքեր ամենուր սոսկ ատելության ու զզվանքի են հանդիպում: Իսկ հիմարների մոտ, ընդհակառակը, փողն ինքնիրեն է գալիս, նրանք իրենց ձեռքում են պահում պետական իշխանության սնուցման ուղիները և ընդհանրապես ծաղկունք են ապրում:
- Մարդկային հասարակության մեջ շատ է հիմարությունը, ամեն ինչ կատարվում է հիմարների կողմից ու հիմարների շրջանում:
- Բոլորի կողմից այդքան փառաբանված պատերազմը վարվում է ձրիակերների, միջնորդների, կավատների, հիմար անդաստիարակների, անպարտաճանաչ պարտապանների ու սրանց նման հասարակության տականքների կողմից, սակայն ոչ երբեք` լուսավորված փիլիսոփաների կողմից:
- Հիրավի, 2 մեծ խոչընդոտներ են կանգնած իրերն ու երևույթները ճիշտ հասկանալու ճանապարհին` հոգին մշուշի պես լցնող ամոթը, և վախը, որը վտանգի առջև հետ է պահում խիզախ որոշումներից: Սակայն հիմարությունը զարմանալի թեթևությամբ հեռու է վանում և ամոթը, և վախը:
- Ընդառաջ գնալ ընկերներիդ թուլություններին, աչք փակել նրանց թերությունների վրա կամ հիանալ դրանցով ու դրանք որպես շնորհ ընդունել. Ի՞նչն ավելի մոտ կարող է լինել հիմարությանը:
- Իմաստունը հիմարից հենց նրանով էլ տարբերվում է, որ ղեկավարվում է գիտակցությամբ, այլ ոչ՝ զգացմունքներով:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը