Այն զբոսաշրջիկները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հաստատած պատվաստանյութերով, կարող են անարգել մուտք գործել Եվրամիության ցանկացած երկիր։ Տեղեկությունը հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մի բան հստակ է` ԵՄ անդամ բոլոր 27 երկրները անվերապահորեն կընդունեն բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են EMA-ի հաստատած դեղամիջոցներով»,-ասել է դեր Լյայենը «New York Times» թերթին տված հարցազրույցում։
Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարը չի նշել, թե երբ կարող են վերսկսվել ուղևորությունները։
Այսօրվա դրության Եվրամիության շուկայում հավատարմագրում են ստացել COVID-19-ի դեմ չորս պատվաստանյութ` «Pfizer/BioNTech» (մինչև 600 միլիոն դեղաչափի գնում), «Moderna» (երկու պայմանագիր՝ մինչև 460 միլիոն դեղաչափ), «AstraZeneca» (մինչև 400 միլիոն դեղաչափ) և «Johnson & Johnson» (400 միլիոն դեղաչափի գնում՝ ևս 200 միլիոնը գնելու հնարավորությամբ) ընկերությունների։
Այդուհանդերձ ԵՄ առանձին պետություններ կարող են պահպանել ավելի կոշտ սահմանափակումներ մտցնելու իրավունքը։ Մասնավորապես, որոշ երկրներ կարող են թույլ չտալ ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրների քաղաքացիներին այցելել միություն և կարանտին մտցնել պատվաստման հավաստագրեր ունեցող մարդկանց համար։