Կանաչ թեյի մեջ պարունակվում է նյութ, որը, հնարավոր է, կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում, պարզել են Սոունսիի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։
Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ֆիտոքիմիական նյութերի կառուցվածքը՝ հայտնաբերելու համար այն նյութերը, որոնք կարող են ճնշել SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակումը՝ ազդելով վիրուսի որոշակի բաղադրիչների վրա։ Նրանք վերցրել են 132 նյութ, որոնք ստուգել են կորոնավիրուսի հիմնական պրոտեազայի (Mpro) հետ փոխգործակցությունը պարզելու համար։ Պարզվել է, որ դրանցից երկուսը՝ ցինամտանին-В-ն եւ գալոկատեխին գալատը, ֆիտոմիացություններ են, որոնք ամենաարդյունավետ ձեւով են արգելափակում Mpro-ն։
Հինգի կանոնի համաձայն (անվանվում է նաեւ Լիպինսկու կանոն)՝ միացությունը պետք է ունենա մի շարք մոլեկուլյար հատկություններ, որոնք այն դարձնում են հարմար պերորալ ընդունելու համար, օրինակ՝ ունենա 5-ից ոչ ավելի դոնորային ջրածնային կապեր կամ 10-ից ոչ ավելի ակցեպտոր ջրածնային կապեր։ Քանի որ գալոկատեխին գալատը համապատասխանում է հինգի կանոնին, հենց միացությունն ու նրա անալոգներն են վերցրել հետագա հետազոտության համար։
Գալոկատեխինի (2R, 3R)-2-(3,4-դիհիդրօքսիֆենիլ) անալոգը՝ խրոման-3-ը կամ 3, 4, 5 տրիհիդրօքսիբենզոնատը, հաջողությամբ զսպել է SARS-CoV-2-ի մի քանի թիրախների, այդ թվում՝ ՌՆԹ կախյալ ՌՆԹ պոլիմերազային։
Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե որքանով է գալոկատեխինը արդյունավետ եւ անվտանգ կորոնավիրուսով վարակվելը կանխարգելելու կամ COVID-19-ը բուժելու համար։