ԽԵԺ՝ 5 պարզ փաստ․ թողե՛ք ծխելը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԽԵԺ՝ 5 պարզ փաստ․ թողե՛ք ծխելը

Գիտությունը բավականին առաջադիմել է ծխելու և դրա վնասները հասկանալու հարցում։ Քանի որ բոլորս գիտնական չենք, պարզ ու հասկանալի ձևով փորձել ենք խմբավորել խեժի վերաբերյալ փաստերը։ Եթե հակիրճ, սիգարետը վնասակար է, քանի որ դրա այրման արդյունքում առաջանում են բազմաթիվ թունավոր նյութեր։ Սիգարետի ծխի միջոցով դրանք մտնում են ծխողի թոքեր ու տարիների ընթացքում կուտակվում այնտեղ։ Խեժի բաղադրության մեջ կա շմոլ գազ ու վտանգավոր այլ քիմիկատներ։ Հենց դա է պատճառը, որ ավելի քիչ վնասակար համարվող նիկոտինային սարքերը աշխատում են առանց այրման, հետևաբար՝ չեն արտազատում խեժ։ Մնացածը՝ ստորև։

Փաստ 1. Այրումը վնասակար է։

Ինչ էլ այրենք, կառաջանան թունավոր քիմիկատներ։ Հենց այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում բաց կրակի կողքին երկար կանգնել։ Երբ սիգարետը այրում ենք, որ ծխենք, ջերմաստիճանը հասնում է 800 աստիճանի․ գոյանում է ծուխ, մեջը՝ բազմաթիվ վնասակար նյութեր։

Փաստ 2. Սիգարետի ծխում 6000 նյութ կա, որոնցից 100-ը՝ թունավոր։

Ծխելու հիվանդությունները առաջացնում է ոչ թե նիկոտինը, այլ սիգարետի ծուխը։ Սա արդեն ապացուցված փաստ է։ Սիգարետի ծխում կան մարդու ու միջավայրի համար խիստ վտանգավոր այնպիսի նյութեր, ինչպիսիք են շմոլ գազը (CO), բենզոպիրենը, ացետալդեհիդն ու բարդ անվանումներով այլ տոքսիններ։

Փաստ 3. Խեժը նստվածք է թողնում թոքերում ու առաջացնում բազմաթիվ հիվանդություններ։

Եթե սիգարետի ծխից հանենք ջուրն ու նիկոտինը, ապա  մնացորդը կլինի հենց խեժը։ Ծխողի թոքերում հենց խեժն է նստվածք թողնում, այդ պատճառով առողջ մարդու թոքերից ծխողի թոքերը տարբերվում են մուգ ու մոխիր հիշեցնող գույնով։ Ծխելու արդյունքում առաջացող ամենահայտնի հիվանդություններից է թոքի քաղցկեղը, որի առաջացման հավանականությունը ծխող կանանց մոտ 12 անգամ, իսկ ծխող տղամարդկանց մոտ 22 անգամ ավելի շատ է, քան չծխողների մոտ։

Փաստ 4. Սիգարետի ծուխը վնասակար է նաև չծխողների համար։

Սիգարետի ծուխը ներքաշում է ոչ միայն ծխողը, չէ՞ որ այրվում է սիգարետի ծայրը։ Ստացվում է, որ ծուխն ու թունավոր այլ նյութերը ներշնչում են նաև շրջապատում գտնվող մարդիկ։ Հենց դրա համար էլ ծխողների համար հատուկ տարածքներ են հատկացնում, որպեսզի պաշտպանեն ծխից չծխողներին։ Հայտնի է, որ ծխելու արդյունքում գրանցված 8 մահվան դեպքերից 1-ը արձանագրվում է չծխողի մոտ։ Չծխողի ներքաշած ծուխը կոչվում է երկրորդային ծուխ․ այն նույնպես խիստ վնասակար է։

Փաստ 5. Եթե չի ստացվում թարգելը, պետք է գտնել ավելի քիչ վնասակար այլընտրանք։

Ցավոք սրտի, գիտությանը դեռևս հայտնի չէ առանց վնասի նիկոտին սպառելու որևէ տարբերակ։ Հայտնի է, սակայն, որ ամենավնասակար տարբերակը հենց սիգարետն է։ Լավագույնը, որ ծխողը կարող է անել իր ու իր շրջապատի առողջության համար, ծխելուց ու նիկոտինից ընդհանրապես հրաժարվելն է։ Ու միայն այն դեպքում, երբ թարգել չի ստացվում, կարելի է դիտարկել ավելի քիչ վնասակար սարքերը՝ էլեկտրոնային սիգարետ ու տաքացվող ծխախոտ։ Ի տարբերություն սիգարետի, այստեղ բացակայում է այրումը, հետևաբար՝ խեժը, իսկ նիկոտինը թոքերին հասնում է ոչ թե ծխի, այլ գոլորշու միջոցով։ Անկախ հետազոտությունները ցույց են տալիս, որ սարքերի արտազատած գոլորշու մեջ վնասակար քիմիկատները 90-95%-ով ավելի քիչ են։ Այդ իսկ պատճառով նշվում է, որ սրանք ավելի քիչ վնասակար են, քան այրվող սիգարետը։

news.am