ԻՆՉՈ՞Ւ ՍՊԱՆՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳԱՀԱԿԱԼԸ
(պատմության դասեր, որոնց մասին, պատմաբանները, զարմանալիորեն, չեն խոսում, նաեւ ԼՏՊ-ն, որի գրքերում այս դրվագն էլ կա)
Լեւոն Մեծագործ արքայի մահից (1219թ) հետո՝ 1222-ին (մի քանի ամսից կլինի 800 տարի), ի կատարումն Անտիոքի դքսությունը Հայկական թագավորության ազդեցության գոտում պահելու նրա քաղաքական ժառանգության, հայ ավագանին նրա փոքրահասակ դստերն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի, հետ, որի առաջ 3 պայման է դնում․
1․ Հարգել Հայ եկեղեցին եւ այն կաթոլիկ եկեղեցուն ձուլելու փորձեր չանել (պատմաբանները կասեն, որ Հայ եկեղեցին էր հայ ինքնության գլխավոր պաշտպանն ու գրավականը)։
2․ Հարգել հայ ազնվականությանն ու զորականությանը (նշանակում է՝ չդիպչել ազգի անվտանգության երաշխավոր Բանակին ու նրա հրամանատարությանը՝ ավագանուն)։
3․ Հարգել հայկական սեղանը (ակներեւաբար՝ այն ժամանակ հայերի ինքնության անձեռնմխելիության համար հսկայական նշանակություն ուներ նաեւ նրանց կենցաղը, որի կարեւոր բաղադրիչը հայկական սեղանն էր, հնարավոր է, եւրոպացիները, մասնավորապես՝ ֆրանսիացիները, հայերի համար անընդունելի բաներ են կերել)։
Գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը չի կատարում իր ստորագրած պայմանները (կաթոլիկների է նշանակում պաշտոնների եւ այլն), համբերության բաժակը լցվում է (թերեւս՝ առիթ էր պետք արդեն), երբ օտարերկրյա պատվիրակության ներկայությամբ իր թիկնազորի անդամներին (հայ ազնվականների որդիներ) անվանում է գեղջուկներ (ժամանակակից լեզվով՝ գեղցիներ)։ Նա տեղնուտեղը գահընկեց է արվում եւ սպանվում (1225-ին)։
Ձեր մեջ հարց չի՞ ծագում, ինչո՞ւ ուղիղ 800 տարի առաջ հայերն ավելի լավ գիտեին, թե պետության ու ազգի համար որ ինստիտուտներն էին ամենակարեւորները, եւ ինչու են ոմանք պարբերաբար հարձակվում Հայ եկեղեցու վրա, թուլացնում Բանակը։
Ցավոք, օտարները, որոնք ծրագրել են Հայոց ժամանակակից պետականության թուլացումը (ավելի վատ բառ ձեռքս չի գնում գրել), ավելի լավ են ուսումնասիրել Հայոց պատմությունը, քան մենք։
Արմեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից