«Կարելի է Մոցարտ ծնվել, բայց երբեք չդառնալ Մոցարտ». Տատյանա Չեռնիգովսկայա
Advertisement 1000 x 90

«Կարելի է Մոցարտ ծնվել, բայց երբեք չդառնալ Մոցարտ». Տատյանա Չեռնիգովսկայա

Հատվածներ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, նյարդագիտության, ինչպես նաև գիտակցության տեսության ոլորտների գիտնական Տատյանա Չերնիգովսկայայի հարցազրույցից։

  • Գեների հարցում բախտը բերելը ժառանգություն ստացած «Steinway» ռոյալի նման է։ Լավ է, իհարկե, բայց միևնույն է, այն նվագել սովորել է դեռ պետք։
  • Ուղեղը հիշում է ամեն ինչ, ինչի կողքով ինքն անցել է, հոտոտել է, փորձել, լսել, շոշափել է, և այսպես շարունակ։ Ուղեղից ոչինչ դուրս չի մնում։ Մենք, կոպիտ ասած, ոչինչ չենք մոռանում, պարզապես տվյալների մեծ մասը պահվում է «ուրիշ» պայմանական անունով «թղթապանակի» մեջ։ Դրա համար էլ պետք չէ լսել վատ երաժշտություն, կարդալ վատ գրքեր, չի կարելի ամեն աղբ ուտել, խմել, պետք չէ շփվել վատ մարդկանց հետ։
  • Խոսելով ընդհանուր առմամբ՝ ստեղծագործելու համար անհրաժեշտ է հանել կոգնիտիվ վերահսկողությունը ու չվախենալ սխալներից։ Սխալները հիանալի են։ Եվ հետո, ո՞վ կարող է ասել, թե ինչ է սխալը։
  • Ստեղծագործող շատ մարդիկ ասում են, որ պայծառացումը գալիս է անսպասելիորեն, լուծվող խնդրի հետ կապ չունեցող առօրյա գործողությունների ժամանակ։ Ես հեռուստացույց եմ դիտում, գիրք եմ կարդում, և հանկարծ ինձ մոտ ձևավորվում է այդ վաղուց չհայտնվող կապը։ Գիտության պատմությունը վկայում է. հայտնագործությունը չի կարելի պլանավորել, բացի տեխնիկական նվաճումներից, և գաղափարները մարդուն այցելում են այն ժամանակ, երբ մարդ բացարձակապես պատրաստ չէ դրան։
  • Հայտնագործությունները չի կարելի ըստ պլանի կատարել։ Ճիշտ է, էական բան կա այստեղ։ Դրանք այցելում են խելացի մարդկանց, պատրաստված մարդկանց։ Հասկանո՞ւմ եք, Մենդելեևի աղյուսակը խոհարարի երազին չի եկել։ Նա երկար աշխատել է դրա վրա, ուղեղը շարունակել է մտածել, և պարզապես մեկ էլ ահա երազում առկայծել է։
  • Մարդկանց մոտ սխալ կարգավորումներ են, նրանք համարում են, որ, օրինակ, խոհարարն ավելի վատ է, քան դիրիժորը։ Դա այդպես չէ։ Հանճարեղ խոհարարը կգերազանցի բոլոր դիրիժորներին։ Նրանց համեմատելը նույնն է, թե համեմատես թթուն ու քառակուսին. հարցը սխալ է դրված։

Չմտածել բոլորի նման, կամ ստեղծագործող երեխաների խնդիրները

Ստեղծագործող մարդիկ ինքնուրույն են սովորում, ու դա սկսում են անել վաղ տարիքից։ Իրենց անսովոր գաղափարները, բացահայտումներն ու հայտնագործությունները նրանք երբեք չեն համարում էքստրաօրդինար ինչ-որ բան։ Դա նրանց համար ամենասովորական ու ակնհայտ բանն է։ Նրանք հաճախ չեն հասկանում, թե որն է իրենց վաստակը տվյալ հարցում, եթե ամեն բան առանց այդ էլ ակնհայտ է։ Ակնհայտ է նրանց համար…

Այդպիսի մարդիկ, որպես կանոն, խնդիրներ են ունենում դպրոցում, քանի որ նրանց մեծ մասն ուսուցիչներից խելացի է։ Նրանք, իհարկե, չգիտեն ուսուցիչների իմացածը, բայց նրանք կարող են ավելի խելացի լինել։ Եվ դրա համար էլ հաճախ ընկնում են բարդ իրավիճակների մեջ՝ հայտնվելով հասարակության ճնշման ներքո։

Ուղեղը ճկուն է ոչ միայն մանկության տարիներին, ինչպես նախկինում էին համարում։ Ապացուցված է, որ այն նոր նեյրոնային կապեր է ձևավորում մինչև կյանքի վերջ։ Ցանկացած աշխատանք, բացի ձանձրալի առօրեական աշխատանքից, ուղեղի համար օգտակար է։ Գլխավորն անընդհատ փոփոխվող բարդ ինֆորմացիայի հետ գործ ունենալն է։

Բարձրակարգ կրթություն ստանալը կարող է դառնալ էլիտար առաջնայնություն, միայն եզակիների համար։ Հիշենք Ումբերտո Էկոյին, ով իր վեպերից մեկում առաջարկում էր գրադարան թողնել միայն նրանց, ովքեր պատրաստ են, կարողանում են ընկալել բարդ առաջադրանքներ։

«Եթե մենք պառկում ենք բազմոցին ու այնտեղ մնում ենք կես տարի, ապա չենք կարողանա վեր կենալ։ Եթե ուղեղը կարդա հիմար ամսագրեր, շփվի ապուշների հետ, լսի թեթև անիմաստ երաժշտություն ու նայի անմակարդակ ֆիլմեր, ապա բողոքելու բան չպետք է ունենա։ Ուղեղը պետք է ծանր աշխատանք կատարի։ Ծանրն այստեղ կարևոր բառ է շատ։ Ուղեղի համար դժվար պետք է լինի։ Բարդ գիրք, ծանր ֆիլմ… Նշանակում է, դուք պետք է ջանք թափեք, որ հասկանաք դրանց իմաստը։ Այդ դեպքում ուղեղն աշխատանքով զբաղված կլինի»։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը