«Հայաստանում քաղաքացիների 75-85 տոկոսը պետք է պատվաստվի, որպեսզի կորոնավիրուսը համաճարակաբանական վտանգ այլևս չներկայացնի: Կլինեն առանձին դեպքեր, միգուցե շատ փոքր բռնկումներ, բայց գլոբալ առումով մեր կյանքի վրա դա մեծ ազդեցություն չի թողնի»,- մեզ հետ զրույցում նշեց Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ ցավով նշելով, որ ՀՀ-ում մոտ այս պահին պատվաստվել է բնակչության 4 տոկոսը:
Դիտարկմանը՝ շատ են խոսում են այն մասին, որ եթե անջատված չէ վիրուսը, ապա պատվաստանյութն ինչի՞ց են պատրաստում, նա պատասխանեց.
«Վիրուսն անջատված է: Այս պահին կիրառվող երեք պատվաստանյութերից մեկը պատրաստված է ինակտիվացված վիրուսի հիման վրա: Այսինքն, այդ վիրուսի գենետիկ ինֆորմացիան պահպանված է, որի հիման վրա էլ մեր օրգանիզմը ճանաչում է, սինթեզում հակամարմիններ, հետո երբ տեսնում է իրական վիրուսին՝ վերացնում է: Պատվաստանյութերի երկրորդ տեսակը կոչվում է վեկտորային. վիրուսից անջատված գենետիկ նյութ է պարունակում, որը տեղադրվում է այլ վիրուսի մեջ, որը կոչվում է վեկտոր: Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ կենդանի վիրուս պարունակող պատվաստանյութերի թիվը տարեցտարի կրճատվում է, և մենք սովորել ենք անջատել վիրուսից մեր իմուն համակարգի համար կարևոր տեղեկատվությունը և այն տարածել մեր օրգանիզմում:
Շատ են խոսում նաև այն մասին, որ առնվազն 5 տարի պետք է փորձարկում անցնի պատվաստանյութը: Ասեմ, որ տեխնոլոգիաներն են շատ զարգացել, և եթե մի բան անելու համար առաջ պետք էր մի քանի տարի, հիմա դա արվում է մի քանի ամսում՝ կապված արհեստական բանականության զարգացման, համակարգչային տեխնիկայի հզորությունների աճման հետ»:
Հարցին՝ արդյո՞ք ճիշտ են տարածված տեղեկությունները, որ կորոնավիրուսի համար նախատեսված պատվաստանյութերի հետևանքով կարող է չբերություն, քաղցկեղ առաջանալ, Դավիթ Մելիք-Նուբարյանը դա առասպելների շարքից է համարում։
«Վերջին նոր առասպելն էլ այն է, որ պատվաստանյութը տղամարդկանց սեռական ֆունկցիայի վրա է ազդում, երեք ամիս պետք է սեռական կյանքով չապրեն: Նման թեզեր առաջ քաշող մարդիկ իրենք իրենց հակասում են: Մի կողմից՝ ասում են, որ առաջացնում է չբերություն, քաղցկեղ և այլն, այսինքն՝ արդեն գիտեն, թե ինչ է առաջացնում, մյուս կողմից էլ՝ ասում են՝ դե փորձարկված չէ: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ փորձարկված չէ, բայց դուք գիտեք, թե ինչ է առաջացնում: Այսինքն, այստեղ ակնհայտ է տրամաբանական հակասությունը: Իսկ եթե գիտական լեզվով խոսենք՝ տեսեք, այս բոլոր մոլորությունների տակ կա ինչ-որ նախապայման: Պատվաստանյութերը, գոնե նրանք, որոնք այս պահին առկա են Հայաստանում, կլինիկական ընթացակարգերի բոլոր փուլերն էլ անցել են և ընդհանուր առմամբ ցույց են տվել, որ իրենք անվտանգ են: Շատ հեղափոխական մենակ Pfizer-ը և Moderna-ն են, որոնք Հայաստանում չկան: Մնացածը տասնամյակների ընթացքում կիրառվող տեխնոլոգիաներ են, որոնք մեզ հայտնի են, և ակնկալել ինչ-որ լուրջ կողմնակի ազդեցություններ, շատ քիչ է հավանական»,- մանրամասնեց Հանրային առողջության մասնագետը:
Ինչ վերաբերում է նրան, որ պատվաստանյութերը պատրաստված են ծանր մետաղներից, Դավիթ Մելիք-Նուբարյանը հայտնեց, որ դրանք կոչվում են ադյուվանտներ, այսինքն՝ օգնում են, որ պատվաստանյութը մտնի մարդու օրգանիզմ և իր առջև դրված ֆունկցիան կատարի:
«Այդ ադյուվանտները տասնամյակների ընթացքում կիրառվող պատվաստանյութերից են վերցված, այդ թվում՝ նրանցից, որ Հայաստանում կիրառվում են, երեխաները պատվաստվում են: Հեղափոխական նոր բան չկա, դրա համար, իհարկե, տխուր է, որ մեր հասարակությունն այդքան հեշտ մոլորություններին տեղի է տալիս, և այդ փաստերի ստուգման մեխանիզմները մեզ մոտ այնքան լավ զարգացած չեն: Ի դեպ, Մեծ Բրիտանիայում հետազոտություն էր արվել, ու պարզել էին, որ Ֆեյսբուքում հակապատվաստումային ու առասպելային կոնտենտի 70 տոկոսի համար պատասխանատու է ընդամենը 12 անձ: Նրանք այս կամ այն կերպ փող են աշխատում: Այլ մարդկանց առողջության, կյանքի հաշվին փող է աշխատում: Այսօր էլի 20 հոգի մահացել է: Ամեն ժամ 1 հոգի Հայաստանում մահանում է կորոնավիրուսից: Մենք այդ հասարակությո՞ւնն ենք, դա մեզ համար նորմա՞լ է: Սա կանխարգելելու լավագույն ձևը պատվաստվելն է»,- եզրափակեց Հանրային առողջության մասնագետը:
Անի Կարապետյան