2020թ․-ի հոկտեմբերի 2-ին երկրային կյանքից անժամանակ հեռացավ հայտնի պատմաբան և պրոֆեսոր, հռչակավոր հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը (1970-2020թթ․)։ Նա հայտնի էր ոչ միայն իր գրքերով, հոդվածներով և դասախոսություններով, այլև վավերագրական ֆիլմերով։ Շատերն են հիշում ռեժիսոր Արտակ Ավդալյանի հետ համատեղ նկարահանված ֆիլմերը․ «Տիգրան Մեծ․ հայրենապաշտ տիրակալը» (նվիրված Տիգրան Մեծի թագադրության 2100-ամյակին, 2006թ․), «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» (2014 թ.), «Արարատ-Ուրարտու թագավորությունը» (2017 թ.), «Նեմրութ․ Արև-Արքայի մեծ սրբավայրը» (2018 թ.), «Հազարամյակների ճամփորդը․ Երևան» (2018 թ.) և այլն։
Գիտնականը հետևորդներ է ունենում, արվեստի գործիչը՝ երկրպագուներ։ Արտակ Մովսիսյանը երկուսն էլ ուներ։ Նրանցից մեկը՝ Գագիկ Ասատրյանը, այսպես էր խոսում նրա մասին․«Հենց Արտակ Մովսիսյանի նման մարդկանց է պետք հարգել, քանի որ նրանք մեր հիշողության տվյալների բազաների պահապաններն էին, այն պահեստարանները, որտեղ փոշոտ գրքերի բովանդակությունից շողում են Նժդեհները, Անդրանիկները, Տիգրան Մեծերն ու հայոց առասպելների աստվածները»։
Հիանալի գիտնականի հիշատակի օրը հրապարակում ենք հատվածներ նրա հարցազրույցներից, որոնցում նա հակիրճ և հասկանալի ներկայացնում է, թե նորագույն ուսումնասիրություններն ինչ բացահայտումներ են անում հին Հայաստանի մասին։
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» ամենասկզբում ասում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի ու աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը։ Սրանցից մեկն էր և Հապետոսյան Հայկը։
Խորենացին մեջբերում է Մար Աբաս Կատինային՝ մ․թ․ա․ 2-րդ դարի հայ մատենագրին, որը գրել է Վաղարշակ արքայի հրամանով։ Իսկ աղբյուրները, որոնցից օգտվել է ինքը՝ Կատինան, խիստ բազմազան են` Միջագետքի աղբյուրներ, պարսկական աղբյուրներ, հելլենիստական աղբյուրներ։ Եվ այստեղ կարևոր հարց է ծագում` ո՞ր աստծո որդին է եղել Հայկ Նահապետը։
Հայ առասպելաբանական աղբյուրներում այդ տեղեկությունները չեն պահպանվել, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելված են եղել։ Իսկ Միջագետքի աղբյուրներում հստակ երևում է Հայկ աստծո անունը՝ դա Հայա-Էնկի աստծո անունն է․ նրա մասին խոսում էին որպես իմաստության աստծո, որի պաշտամունքն անմիջականորեն կապված էր Եփրատի և Տիգրիսի աղբյուրների և Հայկական լեռնաշխարհի հետ։
Եվ ահա Միջագետքի աղբյուրների շնորհիվ մենք հասկանում հայ էթնոսի առաջացման մի շատ կարևոր բաղադրիչ, հնագույն շերտը, այն է՝ Հայկը համարվել է Հայա աստծո որդին։ Ի դեպ, հունական դիցաբանության մեջ Հայկին համապատասխանում է Օրիոնը, իսկ շումերական դիցաբանության մեջ՝ Դումուզինը։ Հայկը եղել է Արատտա երկրի հովանավոր և Հայայի որդին։ Եվ ըստ հայոց լեզվի օրինաչափության` «կ» մասնիկը ոչ միայն փաղաքշական նշանակություն ունի, այլև պատկանելություն է ցույց տալիս։
Որպես օրինակ կարելի է նշել «հնդիկ», «պարսիկ» բառերը։ Միջնադարում, երբ հայերն առաջին անգամ իմացան ռուսների մասին, նրանց «ռուսիկ» էին անվանում, իսկ Հայկ անունը «Հայա» անվան և պատկանելություն ցույց տվող «կ» մասնիկի միացումն է։ Հետևաբար «Հայկ» նշանակում է Հայա-Էնկի աստծո որդին։
Եվ երբ Խորենացին ասում է, որ մեզ բոլորիս սկսեցին կոչել Հայկի անունով, նկատի ունի, որ բոլոր հայերը Հայկեր են, այսինքն` հայ աստծո, հայ տոհմի զավակները։ Իսկ այն, որ ազգը կոչվում է իր գլխավոր աստծո անունով, կամ նրան անվանում են իր գլխավոր աստծո անունով, բավականին տարածված երևույթ է։ Ամենամոտ օրինակն Ասորեստանն է։ Աշուրը գլխավոր աստվածն էր, Աշուր էր կոչվում նաև ժողովուրդը, երկիրը, անգամ մայրաքաղաքն էր կոչվում Աշուր։ Մեր դեպքում ևս ունենք ինքնանվանում՝ հայ և Հայկ, որը Միջագետքի աղբյուրներում նաև պատվավոր անուններ ունի․ Էնկի, ինչը նշանակում է երկրի տիրակալ, ինչպես նաև Նիդումուդ, որը նշանակում է Արարիչ
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am