Ստեղծված իրավիճակում լրատվամիջոցների համար խնդիրը պարզ է։ Պետք է անել այն, ինչ կա դասական լրագրության մեջ։ Եթե հստակ չես տիրապետում տեղեկատվությանը, երկու աղբյուրից ճշտված չէ, ապա պետք չէ դա տարածել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա ընդգծում է՝ սա այն վիճակը չէ, որ չստուգված տեղեկատվություն տարածելու տեսանկյունից օպերատիվությունը կտուժի։
«Ստեղծվում է իրավիճակ, երբ մի կողմից օպերատիվ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չունենք, մյուս կողմից էլ մեզ սնում են անհայտ աղբյուրները։ Խնդիր է նաև այն, որ ՊՆ-ն իր հերթին պետք է ավելի օպերատիվ տեղեկատվություն տրամադրի։ Ակնհայտ է, որ մարդիկ ուզում են իմանալ՝ ինչ է կատարվում և երբ պաշտոնական տեղեկատվություն չկա, բնականաբար փորձում են այլ ինքնուրույն գտնել տեղեկատվություն։ Այս իրավիճակից օգտվում են անբարեխիղճ լրագրողները և ինչ-որ անհայտ ծագման տելեգրամյան ալիքներ»,-նշեց Սամվել Մարտիրոսյանը։
Վերջինս նշում է՝ շարունակվում է պաշտոնական աղբյուրների հանդեպ անվստահությունը, ինչն էլ ավելի է խորացնում խնդիրը, քանի որ երբ հորդորում են հետևել միայն պաշտոնական աղբյուրներին, մարդիկ դա չեն ընկալում որպես գոհացնող պատասխան։ Խնդիր է նաև այն, որ որպես հասարակություն և պետություն չհանգեցինք մի վիճակի, որ հստակ կարգավորումներ սահմանեինք ռազմական գործողությունների ժամանակ տեղեկատվության տարածման հետ կապված։
«Դրա համար էլ այսօրվա դրությամբ այս ամենը մնում է յուրաքանչյուր լրագրողի ու խմբագրի խղճի վրա, քանի որ որպես այդպիսին կարգավորում գոյություն չունի։ Լրագրողներն ու խմբագիրները պետք է իմանան՝ որ տեղեկությունը չի կարելի տարածել, որ տեղեկությունը տարածելու համար արգելք չկա, բայց գերադասելի չէ այն տարածել։ Այս ամենը խմբագրի ողջամտության վրա է»,- հավելեց մեդիափորձագետը։