Ասիայի երկրների զբոսաշրջության ճյուղի ավելի քան մեկուկես միլիոն աշխատակիցներ կորցրել են աշխատանքը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասվում Է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում:
Նշվում Է, որ միայն զբոսաշրջության ճյուղի կոլապսի պատճառով 1,6 միլիոն աշխատատեղ Է փակվել Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Բրունեյում եւ Մոնղոլիայում: Զեկույցից հետեւում Է, որ զբոսաշրջության հետ կապված աշխատատեղերի կորուստները չորս անգամ գերազանցել են մյուս ճյուղերի կորուստներից:
Հատկապես խիստ են տուժել կանայք: ԱՄԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով տնօրեն Տիհակո Ասադ-Միյակավան «աղետալի» Է համարել տարածաշրջանում զբոսաշրջության վրա COVID-19-ի թողած ազդեցությունը:
Համաշխարհային տնտեսական համաժողովի տվյալներով՝ 2019 թվականին Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան են այցելել 290 միլիոնից ավելի զբոսաշրջիկներ: Դա տարածաշրջանի երկրների տնտեսությանը շուրջ 875 միլիարդ դոլար Է բերել:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Ասիայի այս մեծ հատված ժամանածների թիվը 99 տոկոսով կրճատվել Է նախքան համավարակը եղած ժամանակաշրջանի համեմատությամբ, ասվում Է ԱՄԿ-ի զեկույցում: ԱՄԿ-ի ավագ տնտեսագետ եւ զեկույցի հեղինակ Սառա Էլդերը հայտարարել Է, որ ճգնաժամը եւ մոտ ապագայում դանդաղ վերականգնման հավանականությունը զբոսաշրջությունից կախված երկրներին կպարտադրի քննարկել իրենց տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղիները:
«Վերականգնումը ժամանակ Է պահանջում, եւ զբոսաշրջության հատվածի տուժած աշխատողներն ու ձեռնարկությունները առաջվա պես օգնության կարիք կունենան կորցրած եկամուտները լրացնելու եւ ակտիվները պահպանելու համար»,-ասել Է Էլդերը:
Նա նշել Է, որ «կառավարությունը պետք Է շարունակի աջակցության միջոցառումներ իրականացնել՝ դրա հետ մեկտեղ ձգտելով պատվաստել բոլոր բնակիչներին, ներառյալ աշխատող միգրանտներին: